...

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ 100 հազարից ավել հայկական համայնքն է մատաղացու դարձնելու

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ 100 հազարից ավել հայկական համայնքն է մատաղացու դարձնելու

«… մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ…»: Ո՞վ է ասում, ո՞ր կառույցներն են ասում, ի՞նչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը, ինչպե՞ս է ապահովվելու հայության անվտանգությունը «մի փոքր իջեցված նշաձողի» պայմաններում. այս հարցերի պատասխանը կառավարության ղեկավարը բնականաբար չի տալիս: Անձը, ով փաստացի ընդունեց, որ պատերազմի զոհերը տարածքային զիջումների լեգիտիմացման գործիք էին (այսինքն՝ բացառապես ներքին քաղաքական նպատակներին ծառայեցված) և նույն ելույթում իրեն համեմատեց Քրիստոսի հետ (խոսելով իր խաչի մասին), առաջարկում է իրեն հավատալ և համակերպվել ինքնիշխանության հավակնություններից հրաժարման հետ, քանի որ ինչ որ միջազգային խաղացողներ ըստ իրեն առաջարկել են «միջազգային կոնսոլիդացիա…»: Հավատալ, թե ոչ՝ որոշեք ինքներդ: Ինքս առավել քան համոզված եմ, որ ևս մեկ անգամ փորձ է արվում ամրապնդել ներքին քաղաքական դիրքերը ի հաշիվ արտաքին զիջումների, այս անգամ նոր հովանու ներքո և արդեն իսկ վտանգելով ոչ թե զինվորականների կյանքերն ու առողջությունը, այլ մի ամբողջ 100,000-անոց հայկական համայնք… Իսկ Արցախի համայնքը բնականաբար, թողնված լինելով մեն-մենակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ստիպված է լինելու սեփական անվտանգությունը փնտրել Ռուսաստանի հետ, որից հետո մերձիշխանական «մտքի» կենտրոնները կգան և Ուկրաինայի դրոշը փափուկ հատվածներին դաջված կբղավեն, որ արցախահայությունը դավաճան է՝ ասելով, որ սկզբից էլ նրանց ուզածը դա էր». սա մեջբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լևոն Գևորգյանի ֆեյսբուքյան ծավալուն գրառումից։

Որոշված է՝ չենք հավատում։ Բայց հենց այս թեզը պետք է դարձնել գլխավոր նյութ և դրա մասին խոսել եթերից, մամուլից, ԱԺ ամբիոնից, փողոցում, խանութում, տաքսիներում, վարսավիրանոցներում։ Հասարակության մտածող հատվածը, որին երեկ Լենա Նազարյանը առնվազն ոչ առաջադեմ որակեց, անելիք ունի հենց այս պահին։ Աշխատել հասարակության հետ, բացատրել՝ հընթացս բացելով նրա աչքերը, ականջները, ուղեղի ծալքերը։ Հավատացեք, Փաշինյանը դեռ ձիու վրա է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի է, այլ որովհետև գիտե աշխատել լայն զանգվածների հետ։ Նա բոլորից լավ է ճանաչում մեր հասարակությանը, մանրամասն տիրապետում է հասարակական շերտերի պահանջմունքներին։ Նրա քաղաքական հենարանն այս պահին ոչ թե մտածողներն են, այլ հակառակը։ Ռոմանտիկներին հանենք։ Փաշինյանը շարունակում է աշխատել այդ զանգվածի հետ ու համար։ Արդյունքում՝ քանակը հաղթում է որակին։ Սա հետադիմության ամենախոսուն ապացույցն է։ Եվ սա էլ կարևոր ֆրոնտ է։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ