...

Նիկոլ Փաշինյանը պիտի որ գոհ լինի ՄԱԿ ԱԽ նիստից

Նիկոլ Փաշինյանը պիտի որ գոհ լինի ՄԱԿ ԱԽ նիստից

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը հայ հասարակական-քաղաքական միտքը հիմնականում գնահատեց «է՛խ, անբարո աշխարհ» տոնայնության մեջ, իսկ շարքային քաղաքացիները՝ մոտավորապես այնպես, ինչպես «Եվրատեսիլի» քվեարկություններն են քննարկում․ Ֆրանսիա-12, Մալթա-10, Գաբոն-4 և այլն։

Բայց մի կարևոր հարց այնուամենայնիվ անպատասխան մնաց․ իսկ Հայաստանի իշխանություններն իրենք ինչպե՞ս են գնահատում քննարկումների արդյունքները, գո՞հ են, թե՞ դժգոհ, ակնկալիքներն արդարացա՞ն, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այդ թեմայով ինչ-որ բաներ ասաց, որի իմաստը մոտավորապես սա էր՝ ճիշտ է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, բայց «զատո» ՄԱԿ ԱԽ-ում արձանագրվեց, որ Արցախի վիճակը ծանր է, Ադրբեջանը փակ է պահում միջանցքը, և այլն։ Այսինքն՝ արդյունքներից այնքան էլ դժգոհ չէր։

Իսկ ինչո՞ւ պիտի դժգոհ լիներ։ Ի՞նչ էր, ի վերջո, ակնկալում Հայաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդից։ Արարատ Միրզոյանն իր ելույթում շատ հստակ, կետ առ կետ շարադրել էր այդ ակնկալիքները․ «դատապարտել», «պահանջել», «կոչ անել», և այսպես շարունակ։ Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում էր ոչ թե «անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը», այլ «կոչ անել անհապաղ վերականգնել», այսինքն՝ ոչ թե գործողություն էր ակնկալում, այլ կոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հայտարարեց, որ այդպիսի կոչ հնչել է, այսինքն՝ Հայաստանի ակնկալիքն իրողություն է դարձել, հետո՞ ինչ, որ այդ կոչն առայժմ արդյունք չի տվել։

Իրականում սա շատ կարևոր հարց է։ Որովհետև եթե Հայաստանի նպատակը ՄԱԿ ԱԽ-ում նման քննարկում նախաձեռնելով Լաչինի միջանցքը բացելն էր, ապա այդ նպատակը ձախողվել է, և Հայաստանի իշխանությունները պիտի պատասխան տան այդ ձախողման համար։ Իսկ եթե Հայաստանի նպատակն այն էր, որ «միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ անի բացել միջանցքը», Ադրբեջանն էլ այդ կոչը բանի տեղ չդնի, ապա Հայաստանը փաստացի հասել է իր նպատակին, այսինքն՝ Նիկոլը կարող է դա ներկայացնել որպես հաղթանակ։ Ճիշտ է, ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ անձամբ իր համար, որովհետև ՄԱԿ ԱԽ դիմելու «պտիչկան դրել է» ու հիմա հանգիստ կարող է մի կողմ քաշվել՝ իբր «ինձանից ի՞նչ եք ուզում, խնդրեմ, ձեր աչքի առաջ ամբողջ աշխարհն Ադրբեջանին կոչ արեց բացել ճանապարհը, Ղարաբաղի հայերին էլ կոչ արեց երկխոսություն սկսել Բաքվի հետ, ես ի՞նչ անեմ, որ ոչ Ադրբեջանն է բացում ճանապարհը, ոչ էլ ղարաբաղցիներն են ուզում գնալ Եվլախ»։ 

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը լավ էլ հաշվարկել էր ՄԱԿ ԱԽ քննարկումների և՛ ընթացքը, և՛ արդյունքները։ Ու եզրակացրել էր, որ ամեն դեպքում շահած է դուրս գալու։ Եթե ինչ-որ հրաշքով Արցախի շրջափակումը մեղմվի՝ դա կներկայացնի որպես իր փայլուն հաղթանակը, եթե ոչինչ չստացվի՝ կասի «ես ի՞նչ անեմ, եթե անգամ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունը ոչինչ անել չի կարողանում», եթե ադրբեջանցիները ռուսների հետ համատեղ սկսեն ուժով «ինտեգրել» արցախահայությանը՝ կասի «բայց ես զգուշացրել էի, չէ՞, որ իմ կարմիր գիծը 29,8 քկմ տարածքով Հայաստանն է, որի մեջ Ղարաբաղը չի մտնում, որպես ի՞նչ էիք հրաժարվում Բաքվի հետ ուղիղ երկխոսությունից, ով երկխոսությանը դեմ էր՝ նրան էլ մեղադրեք»։

Հ․Գ․ Իր ելույթում Արարատ Միրզոյանը չհամարձակվեց օգտագործել անգամ «Ղարաբաղի իշխանություններ» արտահայտությունը և դրա փոխարեն ասաց «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ»՝ ասես խոսքն ինչ-որ հիմնարկի արհմիության մասին էր։ Մինչդեռ ժամանակին բոլոր միջնորդներն ու միջազգային կառույցներն օգտագործում էին «Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններ» արտահայտությունը։ Տեսնես ո՞վ հասցրեց այս վիճակին։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ