...

Նիկոլիզացիա

Նիկոլիզացիա

Մինչ Փաշինյանը, հղում անելով միջազգային զեկույցներին, հայտարարում է, թե մենք ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, երկրում շարունակվում է ամրապնդվել մեկ անձի իշխանությունը։ «Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը», «տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ՝ կառավարման հակակշիռների համակարգը»: Նման արձանագրումներ է արել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները: Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը: Նախ, կառավարող կուսակցությունով առաջադրեցին ու Կառավարության նիստին կուսակցականներով գովեցին, իսկ հետո ԱԺ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հավաքվեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտոնում: Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով․ «ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները: Հիմա, օրինակ, ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվեարկել ու ընդունել է»:

Ինչպե՞ս։ Պարզ չէ՝ ոչ մի կերպ։ Սահմանադրական դատարան գնում են՝ ի՞նչ անեն, հենա իրար «ջան կասեն-ջան կլսեն»։ Հենց այսպիսի տրամադրությամբ էլ Խաչատրյանն այսօր նախարարի կարգավիճակում վերջին անգամ մասնակցել է ՀՀ կառավարության նիստին։ «Անկեղծ, ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել»,- ասել է նախարարը։ Իսկ մենք գիտենք՝ ինչով է պայմանավորված «գործընկերների ընդգծված վերաբերմունքը»։ Փաշինյանի ցուցումով․ այդ ամենը մեկ վայրկյանում հակառակի կվերածվի, եթե Փաշինյանը հոնքերը կիտի։ Բայց այդ հեռանկարը Խաչատրյանին չի սպառնում, որովհետև նա իր հեղինակությամբ վտանգ չի ներկայացնում Փաշինյանի համար, 100 տարի էլ անցնի՝ այս առումով բան չի փոխվելու։ Այնպես որ, քանի Փաշինյանը վարչապետ է, մնացած ինստիտուտներն ու դրանց ղեկավարները զուտ դեկորատիվ նշանակություն են ունենալու։ Նախագահի ինստիտուտը՝ առավել ևս։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ