...

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղը՝ վարչապետի թեկնածուների հետ

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղը՝ վարչապետի թեկնածուների հետ

Վարող- Սիրելի հեռուստադիտողներ, եթերում «Ո՞նց, Որտե՞ղ, Խի՞» հեռուստախաղի հերթական թողարկումն է, որին այսօր մասնակցում է վարչապետի հիմնական թեկնածուների թիմը։ Ներկայացնեմ թիմի անդամներին։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նարեկ Կարապետյան, Արման Թաթոյան և Լևոն Զուրաբյան։ Ծափահարություննե՛ր։

Նիկոլ Փաշինյան- Հլը մի րոպե, ծափ մի՛ տվեք, արա՛։ Նախ և առաջ՝ իմ անունը տալու ժամանա՛կ պիտի ծափ տայիք, համ էլ՝ բա ինչի՞ չասեցիք, թե թիմի ավագը ով ա։ Հարգելի վարող, ձեր հետևից կգա՛ն։ Վնիմանիյե՝ չյոռնի յաշչիկ։ Պարոն վարող, սև արկղում այն է, ինչ ԱԱԾ-ն եթերից հետո հայտնաբերելու է Ձեր գրպանում․․․

Ռոբերտ Քոչարյան- Պրն Փաշինյան, հլը մի րոպե, էլի։ Ես համոզված եմ, որ ոչ մեկը ինձանից ավելի լավ չի ղեկավարի այս թիմը։ Եթե ուզում եք էս խաղը կռենք՝ ուրեմն թիմի ավագը ես եմ։ Իսկ եթե սոցհարցումները ցույց կտան, որ ինչ-որ մեկի վարկանիշը իմինից բարձր է՝ ես հենց այս պահին պատրաստ եմ դիմել մի խումբ ռոմանտիկների․․․ 

Սերժ Սարգսյան- Մի րո՛պե, Ռոբիկ, էդ դու կյանքում ե՞ս առանց իմ իմացության դիմել մի խումբ ռոմանտիկների։ Իսկ էդ սև արկղի միջինը եթերից հետո սուսուփուս տվեք ինձ, ամենալավը ե՛ս գիտեմ դրա ոչնչացման ձևը։

Նարեկ Կարապետյան- Եկեք չվիճենք, եթե ես դառնամ թիմի ավագ՝ խոստանում եմ այդ սև արկղի միջինը մեծացնել առնվազն 200 տոկոսով։

Վարող- Խնդրում եմ դադարեցնել վեճը։ Ով ճիշտ պատասխանի առաջին հարցին՝ նա էլ կլինի թիմի ավագը։ Իսկ հիմա պտտեցրեք սլաքը․․․ 

Նիկոլ Փաշինյան- Էդ էլ հո չե՞ք վիճարկի, որ Հայաստանի ամենալավ ֆռցնողը ես եմ։ Հե՛ս ա, տեսեք՝ վերևից սեղմում եմ, սլաքը ֆռում ա ու իմ ուզած տեղում կանգնում․․․

Վարող- Եվ այսպես, ձեր դեմ խաղում է․․․ Չնայած՝ չէ, հասցեն չեմ ասի, որ հանկարծ վարույթ չհարուցվի։ Իսկ հիմա՝ հարցը։ Ի՞նչ բացականչեց Արքիմեդը, երբ լոգանք ընդունելու ժամանակ պատահաբար հայտնագործեց ֆիզիկայի հայտնի օրենքը։ Ուշադրություն՝ ժամանակը գնաց․․․ 

Լևոն Զուրաբյան- Նա բացականչեց «էվրիկա»։

Ռոբերտ Քոչարյան- Հլը մի րոպե, պարոն Զուրաբյան, շատ էլ՝ որ կրթությամբ ֆիզիկ եք, բայց դուք ընդհանրապես իրավունք չունեք խոսել, որովհետև ձեր իշխանության տարիները մութ ու ցուրտ տարիներ էին, ի՞նչ տաք ջուր, ի՞նչ լոգանք, ի՞նչ բան․․․

Նիկոլ Փաշինյան- Այս հարցում, և մեր մեջ ասած՝ ոչ միայն այս, ես լիովին համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Պարոն Զուրաբյան, ձեր պատասխանը, եթե նույնիսկ՝ խասյաթի համաձայն, վերջում ճիշտ դուրս գա, միևնույն է՝ իրական Հայաստանի չգոյության մասին է․․․

Նարեկ Կարապետյան- Ես խոստանում եմ լոգանք ընդունելու ջրի սակագները նվազեցնել առնվազն 80 տոկոսով․․․

Արման Թաթոյան- Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ ես պիտի ասեմ, որ լոգանք ընդունելու հիմնարար իրավունքի պատվիրակման առանձնահատկություններից բխող գործընթացների նրբությունները չեն բացառում տվյալ հարցի միջազգայնացման իրավական հիմքերի դիտարկումները բացառապես ազգային-բարոյաունիտարիֆիկացիոն սանդղակաբանական ինստիտուցիոնալիզմի․․․

Վարող- Տասը վայրկյան․․․ պրն Սարգսյան, Դո՞ւք ինչ կասեք։

Սերժ Սարգսյան- Իյա՛, իրո՞ք։

Վարող- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է։

Բոլորը միասին- Վարող ջան, քո ճաշակով՝ որ պատասխանն ուզում ես ընտրի, բացի պրն Զուրաբյանի պատասխանից։ Էդ մասով թիմը միասնական որոշում ունի։ 

Վարող- Իսկ հիմա՝ ուշադրություն։ Հաշիվը դառնում է 1։0՝ հօգուտ հեռուստադիտողների․․․ 

Նիկոլ Փաշինյան- Չհասկացա, ԱԱԾ-ին ասեմ՝ էն չոռնի յաշչիկը նորից բերե՞ն․․․

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ