...

Նիկոլն ամեն ինչ անում է, որ ստիպված լինենք ևս մի անգամ «օրհնել էն սհաթը»

Նիկոլն ամեն ինչ անում է, որ ստիպված լինենք ևս մի անգամ «օրհնել էն սհաթը»

Փոսն ընկած մարդու մասին անեկդոտը երևի հիշում եք՝ որ մի քանի անգամ փորձում է դուրս մագլցել, չի կարողանում ու բարկանում է՝ «մի անգամ է՛լ եմ փորձում, ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ գնում եմ տուն»։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է․ նրան երևի թվում է, թե ինքն է որոշելու՝ Ռուսաստանը մնո՞ւմ է Հարավային Կովկասում, թե՞ ոչ։ Նա գուցեև տեղյակ չէ, բայց Ռուսաստանը Հարավային Կովկասում հայտնվել է մոտ 200 տարի առաջ՝ մի քանի արյունալի պատերազմների արդյունքում, ու հազիվ թե համաձայնվի ինքնակամ, առանց դիմադրության ու արյան լքել տարածաշրջանը՝ ինչ է, թե Նիկոլը ռուսների վրա ջղայնացել է։

Իսկ դիմադրության կամ, այլ կերպ ասած, Հայաստանի վրա ազդելու ի՞նչ ռեսուրսներ ունի Ռուսաստանը։ Նշենք դրանցից միայն երեքը։

1․ Հայաստանի հասարակության մեջ՝ ավանդաբար ռուսամետ կողմնորոշում ունեցողների դեռևս զգալի տոկոս և ռուսամետ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնց միջոցով հնարավոր է Հայաստանում ներքաղաքական գործընթացներ գեներացնել և հասնել իշխանափոխության։

2․ Տնտեսական լծակներ (գազ, էներգակիրներ, հայկական ապրանքների համար հարմարավետ շուկա, ֆինանսական հոսքեր և այլն)։

3․ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի հրահրում, որի դեպքում Հայաստանը ստիպված կլինի օգնության կանչել «ավագ եղբորը», որն էլ այդ օգնության դիմաց Հայաստանից կպահանջի լիակատար և անշրջելի հնազանդություն։

Այս երեք լծակները քննարկենք առանձին-առանձին։ Առաջին՝ «ռուսամետ ընդդիմության» լծակն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև այդ ընդդիմությունը հիմնականում նույնացվում է «տիտղոսակիր ընդդիմության» առաջին դեմքերի հետ, իսկ նրանց նկատմամբ հանրային վստահության մակարդակը շարունակում է աղետալիորեն ցածր մնալ։ Բացի այդ էլ՝ 44-օրյա պատերազմից ու հատկապես Արցախի հայաթափումից հետո արագորեն նվազում է «ավանդաբար ռուսամետ կողմնորոշում ունեցողների» թիվը։ Երկրորդ՝ տնտեսական լծակների կիրառումը կարող է շատ էֆեկտիվ լինել, բայց՝ ոչ շատ արագ։ Այո, ռուսները կարող են գազը փակել, հայկական ապրանքների համար իրենց շուկան փակել, դրամական փոխանցումներն արգելել, կոնյակի մեջ մկնդեղ «հայտնաբերել» և այլն, բայց այդ ամենի կատաստրոֆիկ ազդեցությունն ի հայտ կգա միայն ամիսներ անց։ Իսկ ահա երրորդ լծակը՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի հրահրումը, կարող է կայծակնային արդյունք տալ և հաշված օրերի ընթացքում իշխանություններին ստիպել օգնության կանչել «ավագ եղբորը», որն էլ, սովորության համաձայն՝ մի քանի օր ուշացումով, կգա, «կփրկի» ու ստորագրել կտա «սհաթը օրհնելու» վերաբերյալ անվերապահ «ղազագիրը»։ 

Հասկանալի է, չէ՞, որ որևէ հիվանդության բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության զարգացման արագությունից։ Եթե ընթացքը դանդաղ է՝ կարելի է պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնել կամ թույլ դեղորայք օգտագործել, իսկ եթե հիվանդությունը սրընթաց է զարգանում՝ օգտագործվում են ամենաուժեղ և արագ ազդող դեղամիջոցները։ Մեր դեպքում՝ այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ արագացրել է ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացը  (ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցման վերաբերյալ հայտարարություն, ֆրանսիական զինտեխնիկա, Զելենսկու այցի անոնս, և այլն)։ Հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ ռուսները մեր դեմ կօգտագործեն «ամենաարագ ազդող դեղը», այն է՝ Ադրբեջանին կհորդորեն «միջին ծանրության» ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Ոչ այնքան ծանր, որ Երևանը Հալեպ դառնա, բայց նաև՝ ոչ այնքան թեթև, որ հնարավոր լինի խուսափել ռուսներին օգնության կանչելուց։ 

Ամենայն հավանականությամբ՝ հենց սա է լինելու Նիկոլի հերթական աննախադեպ արկածախնդրության իրական արդյունքը։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Հասկանալի է, որ ռուսական ազդեցությունից ձերբազատվելու ցանկությունը և ընդհանրապես՝ ազատատենչությունն ինքնին հիվանդություն չէ, այլ բնական ձգտում։ Հիվանդությունն այն է, երբ գնում ես այդ ճանապարհով՝ առանց հաջողության հասնելու նվազագույն շանսի, ընդ որում՝ լրջագույն կորուստների գրեթե երաշխավորված արդյունքով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   558 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ