...

Նիկոլ Փաշինյանի իշխանության թղթե տնակը

Նիկոլ Փաշինյանի իշխանության թղթե տնակը

Հասկանալի է, որ որևէ նորմալ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի պես մեկի (մարդու, որը կապիտուլյացիայի է ենթարկել սեփական երկիրը, տանուլ տվել հնարավոր ամեն ինչ ու դարձել ամբողջ աշխարհի ծաղրուծանակի առարկան) իշխանությունը չէր հանդուրժի։ Սա անառարկելի ճշմարտություն է։ Ուրեմն մենք ինչո՞ւ ենք հանդուրժում։ Որովհետև գոյություն ունի ևս մի անառարկելի ճշմարտություն՝ որևէ նորմալ ժողովուրդ պատերազմ չի ուզում։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ժողովրդին համոզել, որ իր հեռանալուն պես նոր պատերազմ է սկսվելու՝ ժողովուրդը, ատամները սեղմած, այնուամենայնիվ հանդուրժելու է նրան։ Ըստ այդմ էլ՝ բավական է մարդկանց ցույց տալ, որ իշխանափոխությունն անխուսափելիորեն պատերազմի չի հանգեցնելու, և վերջ․ Նիկոլի իշխանությունը թղթե տնակի պես կփլուզվի։ Սա իր հերթին նշանակում է, որ այսօրվա իշխանությունների ամրության երաշխիքը նոր պատերազմի սպառնալիքն է։

Հիմա հարց՝ իսկ ՔՊ-ական իշխանություններից բացի է՞լ ովքեր են անընդհատ «թարմացնում» այդ սպառնալիքը և դրանով իսկ ամրապնդում Նիկոլի իշխանության դիրքերը։ Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունները։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, հետևյալն է՝ «եթե ես դադարեցնեմ միակողմանի զիջումները, կամ իշխանությունը զիջեմ, և ուրիշները գան ու դադարեցնեն այս ընթացքը, հաջորդ օրը պատերազմ է սկսվելու»։ Նույն բանն էլ Ալիևն է ասում՝ «եթե Հայաստանը չիրականացնի մեր պահանջները, կամ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, և իշխանության եկած «ռևանշիստական ուժերը» հրաժարվեն շարունակել այս ընթացքը, մենք կհարձակվենք»։ 

Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե Ալիևի ինչի՞ն է պետք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը։ Չլինի՞ որևէ մեկը լրջորեն կարծում է, թե Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղություն է պետք, ու քանի որ Նիկոլը խաղաղություն է ուզում՝ «բարեկիրթ Ալիևն» աջակցում է իր «խաղաղասեր գործընկերոջը»։ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլին աջակցելու մոտիվները միանգամայն այլ են, իսկ հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ուղղակիորեն համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ 

Խոսքն առաջին հերթին լեգիտիմության մասին է։ Այո, համեմատաբար ավելի ուժեղ պետությունները միշտ էլ կարող են օգտվել արտաքին բարենպաստ իրավիճակներից, դաշնակիցներ գտնել, հարձակվել հարևան երկրի վրա, տարածքներ զավթել, և այլն, բայց դրան, որպես կանոն, հաջորդում է շատ ավելի բարդ խնդիր՝ այդ ագրեսիայի արդյունքների միջազգային լեգիտիմացումը։ Նիկոլ Փաշինյանը հիմա հենց այդ անգնահատելի ծառայությունն է մատուցում Ադրբեջանին՝ փաստացի լեգիտիմացնում է Արցախի ամբողջական հայաթափումն ու անվերադարձ կորուստը, լեգիտիմացնում է այդ երկրի՝ «կեղծ պատմությունից հրաժարվելու», «հայկական մշակութային ժառանգությունից հրաժարվելու», «հայկական սփյուռքի հետ կապերը խզելու», «բանակը չվերականգնելու» պահանջները, և այլն։ 

Սրանք այն «նվաճումներն» են, որոնց Ադրբեջանը, եթե անգամ տասնապատիկ ավելի հզոր լիներ, միևնույն է՝ ոչ մի կերպ չէր կարող հասնել, եթե «գողը տնից չլիներ»։ Այնպես որ՝ զարմանալի ոչինչ չկա․ Ադրբեջանում գիտեն՝ նման «պարգևներ» միշտ չէ, որ տրվում են, ու դրանք պետք է ամեն գնով պահպանել ու փայփայել։ Այդ թվում՝ նաև ուղղակի քարոզչական աջակցությամբ։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ