...

Ո՞վ է սեղմել փրկության շարժման «պաուզայի կոճակը»

Ո՞վ է սեղմել փրկության շարժման «պաուզայի կոճակը»

Նկատե՞լ եք, որ Հայաստանի քաղաքական կյանքը «պաուզայի կոճակը սեղմած» վիճակում է, իսկ իրական ներքաղաքական գործընթացների փոխարեն իմիտացիոն ղալմաղալ է․ ԱԺ դահլիճում՝ լեզվակռիվ, տարբեր ճանապարհների վրա՝ ձեռնամարտ, և վերջ։ Իրավիճակն իսկապես փակուղային է, որովհետև տպավորությունն այնպիսին է, թե ոչ ընդդիմությունն է պատկերացնում իր հետագա անելիքը, ոչ իշխանությունները։ Իսկ ինչո՞ւ է այդպես։

Սկսենք ընդդիմությունից։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես էլ իշխանությունների նկատմամբ ահռելի դժգոհություն կա, Բագրատ սրբազանն էլ փայլուն կատարեց իր առաքելությունը՝ Տավուշից ոտքով հասավ Երևան ու մի քանի տասնյակ հազար հոգու հավաքեց հրապարակում։ Տրամաբանորեն՝ հենց այդ պահին էլ հարթակում պիտի քաղաքական առաջնորդներ հայտնվեին և երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր ներկայացնեին, բայց նման բան տեղի չունեցավ։ Թե ինչու՝ դեռ մինչև հիմա էլ մինչև վերջ հասկանալի չէ, բայց Բագրատ սրբազանին այդ իրավիճակում միայն մի բան էր մնում՝ չցրել ժողովրդին, ժամանակ ձգել ու սպասել քաղաքական առաջնորդների հայտնվելուն։ Իսկ ժամանակ ձգելը հեշտ չէ։ Լավ, մի օր գառնուկ նվեր ստացավ, մի օր՝ շան քոթոթ, մի օր քաղաքական ուժերի հետ հանդիպեց, մի օր՝ արվեստագետների ու բժիշկների, պատարագ արեց, վերադարձավ Տավուշ, հետ եկավ, ելույթ ունեցավ, դասախոսություն կարդաց․․․ Մինչև ե՞րբ։ Մարդիկ հասկանում են, չէ՞, որ կարելի է, իհարկե, Հայաստանի այսօրվա վիճակը ներկայացնել որպես չարի ու բարու, սևի ու սպիտակի կամ հրեշտակի ու սատանայի պայքար, կարելի է ասել, որ ճշմարտությունը ստին հաղթելու է, լույսը խավարին հաղթելու է և այլն, բայց Հայաստանի պրոբլեմներն առավելապես քաղաքական են (ներքին ու արտաքին), և լուծումներն էլ պիտի քաղաքական լինեն։ Իսկ քաղաքականության մեջ հաղթում է ոչ թե ճշմարիտն ու բարին, այլ միտքն ու ծրագիրը։ Բայց շարժման տակ միտք ու ծրագիր դնող չկա ու չկա․․․ Ավելին՝ մտքի ու ծրագրի մասին խոսելը համարյա ազգային դավաճանություն է համարվում։

Հիմա՝ իշխանությունների մասին։ Կարող է թվալ, թե ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունն իր անելիքը գիտի ու քայլ առ քայլ իր ծրագիրն է իրականացնում։ Իրականում այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր անելիքը չգիտի, դրա համար էլ ընդամենը բուռն գործունեության իմիտացիա է ստեղծում։ Օրինակ՝ այստեղ-այնտեղ վատ ամրացված կախիչներ է քաշքշում կամ ինչ-որ «հանրապետական խճուղավազքի» մասնակիցների հետ զվռնում խարույկի շուրջ, ինչը գործնականում ոչնչով չի տարբերվում, ասենք, լակած ու գինու շշի կողքին խոտերի վրա մրափած վիճակներից։ Եթե նկատել եք՝ Նիկոլի իշխանությունը կոնկրետ աշխատանքով է զբաղվում բացառապես այն դեպքերում, երբ դա պահանջում է Ադրբեջանը։ Օրինակ՝ Տավուշի ուղղությամբ սահմանազատումը, որն իրականացվեց բացառիկ եռանդով ու ջանասիրությամբ, որովհետև Ադրբեջանը և՛ կոնկրետ տեղն էր նշել, և՛ ժամկետներ ներկայացրել։ Օրինակ՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհը, որի շինարարությունն արագորեն սկսեցին ու խոստանում են ավարտել 2 ամսում, որովհետև Ադրբեջանն այդքան ժամանակ է տվել։ 4 ամիս ժամանակ տային՝ Նիկոլը կխոստանար 4 ամսում կառուցել։ 

Արդյունքում՝ ստացվում է, որ Հայաստանի և՛ իշխանությունների «աշխատանքն» է համակարգվում Բաքվից (կոնկրետ հանձնարարություն լինի՝ կկատարեն, չի լինի՝ պարապ-սարապ կվայելեն իշխանությունը), և՛ ընդդիմության (պահանջեին սահմանազատումը սկսել Տիգրանաշենից՝ «Արարատից էր գալու փրկությունը», Լույսի ու Ճշմարտության հաղթանակն էլ Նավասարդ Կճոյանն էր ավետելու)։ 

Ահա այսպես Հայաստանը հայտնվել է հերձասեղանին դրված գորտի վիճակում, որի վրա փորձարկումներ են արվում․ ասեղով թաթը ծակում են՝ ռեֆլեքսորեն ետ է քաշում, մյուս թաթն են ծակում՝ մյուսն է ետ քաշում․․․ Ընդ որում՝ մկանների այդ ռեֆլեկտիվ կծկումները ներկայացվում են որպես կենսունակության ու հարատևության ապացույց, իսկ ահա ուղեղի առկայությունը շարունակում է ավելորդ համարվել։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ