...

Նոր նախագիծ․ Ապարանում խաղատուն են բացում, որ խթանեն ազգաբնակչության առողջ ապրելակերպը

Նոր նախագիծ․ Ապարանում խաղատուն են բացում, որ խթանեն ազգաբնակչության առողջ ապրելակերպը

ՀՀ կառավարությունը օրենքի նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով առաջարկվում է խաղատան լիցենզիա տրամադրել «Մառյել Մաունթայն Ռեզորթ» ընկերությանը։ Նախագծի հակիրճ բնութագրի բաժնում՝ կարդում ենք․ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246 – Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է նախագիծը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։ Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ»:

Ըստ նախագծի՝ «Մայլեռը» ներդրումային ծրագիր է՝ կառավարության կողմից հավանության արժանացած, որի շրջանակներում առնվազն 15 միլիարդ ՀՀ դրամի ներդրում է իրականացվելու ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրում։ Կազինոյից բացի, նախատեսված է ճոպանուղու և 2 հյուրանոցների կառուցում ու շահագործում։ 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Ծաղկաձորից, Ջերմուկից, Սևանից, Մեղրիից բացի, այլ համայքներում խաղատան լիցենզիա կարելի է տրամադրել առնվազն 40 մլրդ դրամ ներդրում կատարելու դեպքում՝ տարեկան 5,5 մլրդ դրամ պետական տուրքով։ Մինչդեռ այս պարագայում խոսքն ընդամենը 15 միլիարդի մասին է։ Ի դեպ՝ անհասկանալի է նաև, թե ինչ կապ ունի խաղատունը բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատման հետ։ Ի դեպ՝ այս մտահոգությունների մասին ֆեյսբուքում բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատած Մեսրոպ Առաքելյանը, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Վերջինս այս թեմայով գրառման մեջ նշել է․ «Ի դեպ, այս «անհայտ» ընկերության հետ փոխկապակցված ընկերության մասով առկա էր քրեական գործ՝ պետությանը մոտ 800 մլն դրամ վնաս պատճառելու գործով...»։ Ի դեպ՝ նախկին պաշտոնյան շատ կարևոր շեշտադրումներ է արել՝ մասնավորապես «կա՞ արդյոք որևէ հիմնավորում, որ այդ ընկերությունը կատարելու է այդ ներդրումը, ունի՞ արդյոք ֆինանսական միջոցների մասին հիմնավորում, թե՞ գործ ենք ունենալու հայտնի պատմության հետ՝ տղերք կազինոյի լիցենզիա ունեմ, փող ճարենք կազինո բացենք․․․»։ Ինչևէ, մոտ ապագայում տեսանելի կդառնան այն մարդիկ, որոնք Ապարանում խաղատուն են բացելու՝ խթանելով առողջ ապրելակերպը ՀՀ բնակչության շրջանում։ Սրա հետ միասին՝ շատ հարցերի պատասխաններ ավելի պարզ կդառնան։  

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ