...

Խղճուկ կացարանին թիկունքային օբյեկտ մի ասեք, մեղք է

Խղճուկ կացարանին թիկունքային օբյեկտ մի ասեք, մեղք է

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Խոսքը հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին է։ Եվ ահա նախաքննական մարմինն այսօր հաստատել է, որ այդ օրը կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Հաղորդագրության մեջ նկարագրվում են ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի պարտականությունները։ Այդ պարտականություններն այնքան գեղեցիկ են նկարագրված, որ մի պահ տարվում ես դրա ընթերցումով՝ մոռանալով այն իրականությունը, որում ապրում էին մահացած զինվորները։ Հիմա կետ առ կետ անդրադառնանք դատախազության «մեղադրական» հիմնավորումներին։ 

1․ Քրեական հետապնդման ենթարկված անձը չի կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը։ Նախ, խղճուկ կացարանին «թիկունքային օբյեկտ»-ի կարգավիճակ տալու համար լուրջ երևակայություն է պետք, երկրորդ՝ հակահրդեհային պաշտպանության սկզբունքն ի սկզբանե «ջրվել» է, երբ ՊՆ համապատասխան օղակը համաձայնել է վարձակալել այս տունը։ Ինչ է, չե՞ն տեսել, որ երկրորդ ելքի, այսպես կոչված՝ լրացուցիչ դուռ չկա։ Չե՞ն տեսել, որ տան պատուհանները երկաթե ճաղավանդակներ ունեն։ Տեսել են, անշուշտ, բայց չտեսնելու են տվել։ Մտածել են՝ էժանով «կպել» է։

2․ Վերոնշյալ անձը չի կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը։ Լրիվ թիթեռ նկարելու պատմությունն է։ 24 ժամ թշնամու դեմ անզեն, անթիկունք կանգնած տղաներին ո՞վ պետք է ուսուցաներ հրդեհներից պաշտպանվելու կարգը, ինչպե՞ս, ե՞րբ։ Իսկ ՊՆ-ը կարո՞ղ է հրապարակել հաշվետվություն այն մասին, թե քանի թիկունքային օբյեկտում է նման ուսումնասիրություն կատարվել, և արդյոք տղաները պատշաճ ուսուցման դասընթացի մասնակցել են։ Չի կարող, որովհետև նման աշխատանք չի տարվել։

3․ Գ․Ա․-ը չի ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չի ապահովել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը։ Այսինքն՝ ողբերգությունից հետո, պոստֆակտում պետք է արձանագրեին, որ նա չի կատարել իր պարտականությունները։ Եթե չլիներ այս ողբերգությունը, չէին էլ իմանա կամ մտածի այս ուղղությամբ։ Ստացվում է՝ ներքևում չեն կատարել հանձնարարականները, միջին օղակում՝ չեն վերահսկել կամ գնահատական տվել կատարված-չկատարված պարտականություններին, իսկ ահա բարձր օղակում այս հարցերը չեն էլ կարևորվել։ Որովհետև Սուրեն Պապիկյանը զբաղված էր՝ շատ ճոխ հարսանիք, հետո՝ առաջնեկի ծնունդ։ Մի կողմից անձնական զբաղվածությունը, մյուս կողմից թիմի լիդերի քաղաքական պատվերը՝ խաղաղության ենք պատրաստվում, բանակը սիմվոլիկ կառույց է լինելու, մի լարվեք։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ