...

Ոչխարի միսը 10 տոկոսով թանկացել է

Ոչխարի միսը 10 տոկոսով թանկացել է

Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում: Այս մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև նշել էր՝ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում:

Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0, 5 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0, 2 %: 

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ  Կարեն Չիլինգարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում արձանագրեց, որ  վերջին տարիներին որոշ ապրանքների դեպքում գնանկում եղել է, բայց գնաճը պահպանվել է: Նա չի հիշում այնպիսի տարի, երբ  ընդհանուր հաշվարկով շուկայում  գնանկում եղած լինի: 

Պաշտոնական տվյալներով՝ բանջարեղենի շուկայում 2019թ. սեպտեմբերին  անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4, 0 % գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ թանկացել  2, 5 %-ով:

Փորձագետը պտուղ-բանջարեղենի շուկայի գնային փոփոխությունները պայմանավորում է սեզոնայնությամբ:
«Մի քանի շաբաթ առաջ կարտոֆիլն ավելի թանկ էր՝  կիլոգրամը 250 դրամից պակաս չկար, իսկ այսօր մեկ կիլոգրամի արժեքը տատանվում է 110-150 դրամի սահմաններում, որովհետև արդեն սկսվել է աշնանային բերքահավաքը: Նույն լոլիկը մի պահ էժանացավ, հիմա նորից թանկացել է, վարունգի դեպքում էլ միևնույն երևույթն է դիտվում»,- նշեց նա:

Պտուղ-բանջարեղենի գների վերաբերյալ «Սպառողների խորհրդատվության կենտրոնե ՀԿ նախագահը ընդգծում է, որ բարձր կամ ցածր գները կախված են նաև  բերքատվության ցուցանիշներից: 

«Կտրուկ ինչ-որ գնաճ կամ գնանկում տեղի չի ունեցել: Շուկան է կարգավորում գները: Գնային տատանումներ կան, որոնք սովորական տատանումներ են և պետք է լինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Մսամթերքի դեպքում հետևյալ պատկերն է արձանագրվել՝ 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,2 % գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0, 1 % գնաճ: 

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0,1-0,2 %-ով (մայրաքաղաքում՝ 0,2 տոկոսով), 5-ում գրանցվել է 0,4-0,1% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Այս գնային տատանումները Չիլինգարյանը  շուկայի պահանջներին  բնորոշ է համարում:

«Որոշ ժամանակ առաջ արժեքը բարձր էր, հետո՝ իջավ, բայց էլի  կանգնել է մի շեմի և չի փոխվում: Համարյա թե տատանում չկա, եթե համեմատենք, որ մի քանի տարի առաջ եղավ կտրուկ թանկացում: Միայն ոչխարի միսն է, որ վերջին ամիսներին թանկացել է: Կես տարվա համեմատ ոչխարի միսը 10 տոկոսով թանկացել է: Դա բացատրվում է նրանով, որ գլխաքանակը պակասել  է, արտահանումն էլ՝ աճել»,- փաստեց նա:

Փորձագետը խոսեց նաև բանանի գներից: Նկատել  է, որ ամիսներ առաջ բանանի կիլոգրամը 450 դրամից էր սկսվում, հիմա 500-ի սահմանն է հատում: Ամռանը  տեղական միրգն էր  հասել, պահանջարկը մեր ապրանքինն էր:
Սա նա բացատրում է ոչ միայն պահանջարկով. շուկայում նոր ներկրողներ են հայտնվել: 

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5421 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ