...

Օգտագործել է զոհված տղայի անունն ու լուսանկարը

Օգտագործել է զոհված տղայի անունն ու լուսանկարը

Հաղորդում հանցագործության մասին

Ֆեյսբուքյան փակ խմբերից մեկում, որին անդամակցում են ԱՄՆ-ում ապրող հայերը, այսօր մի կին գրառում է կատարել՝ ահազանգելով զգուշանալ Հովհաննես Գաբրիելյան անունով այն հոսթից, որը Երևանում վարձակալությամբ տներ է տալիս դրսում ապրող հայերին։ Կինը գրել է, որ ԱՄՆ-ից վարձակալել է Երևանում գտնվող տունը, գործարքը կատարել է հանրահայտ Airbnb կայքով, որտեղ բոլոր փոխանցումները քարտից օնլայն են կատարվում, ապա հասել է Երևան և մնացել փողոցում։ Շուրջ երկու շաբաթ նա չի կարողացել հայտնաբերել վերոնշյալ անձին և վերցնել բանալին։ Կինը տեղադրել է կայքից վերցրած հոսթի տեղեկատվությունն ու պրոֆայլի նկարը։

Ի՞նչ է պարզվում։ Հոսթի նկարն ու անունը համընկնում են մի երիտասարդի հետ, որը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Խոսքը 21-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Գաբրիելյանի մասին է։ Այս տղայի պատմությունը շատ քննարկվեց հետպատերազմական շրջանում։ Վերջինիս մարմինը երկար ժամանակ պահել էին սառնարանում, ապա հանձնել ծնողներին։ Այն ժամանակ լրագրող Արման Սուլեյմանյանը գրեց, որ պատերազմում զոհված զինծառայողի դին հոկտեմբերի 12-ից եղել է սառնարանում, սակայն ծնողներին ասել են՝ անհետ կորած է, մասունքները չկան, գնացեք, ման եկեք։ «Հովհաննեսը մեկն է նրանցից, ում կառավարությունն առանց հրամանատարության ուղարկել է Ջաբրայիլ։ Հովհաննեսը գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք՝ դու պեխոտ ես։ Հանուն ճշմարտության խոստովանենք, 9 պատրոն կրակել էր»,- Հովհաննեսի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արման Սուլեյմանյանը։

Մտածում ես՝ սովորական խարդախի մեկն է։ Երևի շատերին խաբել ու փող է քաշել քարտերից։ Բայց ինչո՞ւ է դա արել զոհված տղայի նկարով։ Տեսնես մի պահ մտածե՞լ է, թե ինչ ապրումներ է ունեցել նրա քույրը, որը պատահաբար տեսել է եղբոր նկարն ու նրան վերագրվող սրիկայության մասին ստատուսը։ Սա մասնավոր դեպք է, բայց, չգիտես ինչու, ինձ թվում է, որ այն ընդհանրական վերաբերմունքի խտացված ամփոփում է։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ