...

Պահանջվում է ընդդիմություն

Պահանջվում է ընդդիմություն

Հասկանալի է, որ այսօր Հայաստանում ծառուկյանախեղդ վիճակ է: Հնարավոր է՝ նաև առաջիկա օրերին:

Ծառուկյանի անձեռմխելիության հարցը մտավ խորհրդարան, ինչը սպասելի էր: Սպասելի էր նաև, որ այս առթիվ իշխանություններին դատապարտող հայտարարություններ կանեն այն ուժերը, որոնք Ծառուկյանին բրդել էին այս խաղի մեջ: Վանեցյանը, «Վերնատունը», ՀՀԿ-ն ու նմանատիպ այլ ուժեր իրենց պարտքը համարեցին Ծառուկյանի հանդեպ իրականացվող հետապնդումը համարել քաղաքական, որ երկիրը գնում է դեպի բռնապետության և այլն:

Բայց մենք այս հարցին այլ տեսանկյունից ենք ցանկանում մոտենալ: Ընդդիմության մասին: Ցավոք սրտի, Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ մենք չունենք ընդդիմություն, որը համապատասխաներ քաղաքական, բարոյական ընդունված նորմերին: Չունենք արժեքներ դավանող ընդդիմություն: Գաղափարներ կրող: Բոլորը մերկանտիլ շահերով են առաջնորդվում: Սրանց ամբողջ գաղափարը իշխանություն ունենալն է: Վերջ: Թքած օրենքների, հանրային, պետական շահերի վրա, ոչ մի այլընտրանքային տեսակետ, բացի նրանից, որ գործող իշխանությունը վատն է, իսկ իրենք՝ ահավոր ազգասեր:

Սրանում համոզվելու համար ընդամենը մեկ օրինակ բերենք, և դա բավական է: Ֆիրդուսու թաղամասի հետ կապված իրադարձությունները: Գիտեք, որ քաղաքի կենտրոնում մտադիր են շենքեր կառուցել, քանդել ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունները: Հիմնական դերակատարները նախորդ ռեժիմի օրոք քաղաքի կենտրոնը այլասերած դեմքերն են՝ տխրահռչակ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:

Գիտեք նաև, որ հին շենքերը փորձել էին թաքուն քանդել: Պարզ պատճառով, որ այս շինարարական գործընթացը իր մեջ պարունակում է կոռուպցիա, խարդախություններ, իշխանությունների հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններ: 

Քաղհասարակության որոշակի հատված՝ ակտիվիստներ, ՀԿ-ներ, բնապահպանական շարժումներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, տասնյակ քաղաքացիներ շտապեցին շինարարության վայր և փորձեցին թույլ չտալ, որ քանդեն հին շենքերից մեկը: Նախաձեռնություններ ստեղծվեցին, ֆեյսբուքյան խմբեր, որոնք թեման տարածում էին սոցցանցերում, կոչ անում միանալ իրենց: Ի վերջո, այս ակտիվ շարժումը իշխանություններին ստիպեց քաղաքապետարանում կիրակի օրով նիստ հրավիրել, լսել շահագրգիռ կողմերի տեսակետները և այլն: 

Հիմա մի պարզ հարց ենք տալիս. իշխանափոխության մասին բարբաջող ուժերը, հեղաշրջման անխուսափելիության մասին խոսող «փրկիչները», ամեն օր ազգի մոտալուտ կործանման մասին ճամարտակող ստատուսչիները այս հարցի վերաբերյալ մի բառ անգամ ասած կա՞ն: Սրանցից քանի՞սն է հայտարարություն արել, միացել ակտիվիստներին, դատապարտել Ֆիրդուսու թաղամասում տեղի ունեցող ապօրինությունները: Սրանցից գոնե մի հոգի գնացե՞լ է Ֆիրդուսի: Որ մի հատ լկստված լակոտի ոստիկանություն են տանում, անմիջապես, րոպեներ անց, թափվում են ոստիկանության տարածք, տասնյակ լրագրողներով, վարձու իրավապաշտպաններով, մեդիապաշտպաններով, հարյուր հոգի լայվ են մտնում, հասեք, ազգին բռնում են, մորթում են, խոշտանգում են: 

Բայց նմուշի համար մի հոգի անգամ թեկուզ մի բառով չի անդրադարձել քաղաքի հերն անիծող հերթական ապօրինությանը: Ահա սա է այսօրվա ընդդիմություն կոչվածը: Իրենք թքած ունեն քաղաքի վրա էլ, մշակութային արժեքների վրա էլ, էսթետիկա, ճարտարապետական նորմ, պատմություն... այս ամենը իրենց համար լոկ վերացական բան է: Իսկ ձայն չեն հանել, որովհետև գեղցի են, որովհետև նախկին ավազակապետության հոգևոր ժառանգներն են, որովհետև միակ բանը, որն իրենց համար պատմամշակութային արժեք է ներկայացնում, իշխանությունն է: 

Թվում է, հրաշալի առիթ էր, գային, միանային ակտիվիստներին, ցույց տային, որ մտահոգված են մայրաքաղաքի ճակատագրով, հանրության աչքում միավորներ վաստակեին: Ոչ մի բան: Վազգեն Մանուկյան, Դավիթ Շահնազարյան, Արթուր Վանեցյան, բարգավաճ, հաճախորդ... ո՞ւր եք: Դուք ո՞նց կարող եք ընդդիմություն լինել, եթե ձեզ ոչինչ չի հետաքրքրում, բացի իշխանափոխությունից: 

Ընդդիմությունը մենք ենք: Որովհետև ընդդիմանում ենք նողկալի երևույթին, ապօրինի գործընթացին: Ու շարունակելու ենք ընդդիմանալ: Բա դուք ո՞վ եք: 

Այնպես որ, ճվճվոցն ու ծվծվոցը դեռ քաղաքական ուժ լինելու գրավական չեն: Ղժղժոցն ու մրթմրթոցը գաղափարական արժեք չեն: Ցավալի է, բայց առայժմ քաղաքական դաշտում ընդդիմության խիստ դեֆիցիտ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ