Եվ այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է առաջին նախագահի ու նրա թիմակիցների վրա հարձակվելու «ֆա՛ս» հրամանը, ՔՊ-ականներից ոչ պակաս եռանդով այդ գործին լծվում են նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու քարոզիչները։ Ըստ երևույթին հիմնական պատճառները երկուսն են՝ «գաղափարականն» ու «գործնականը»։
Սկսենք «գաղափարականից»։ Երրորդ հանրապետության հռչակման առաջին իսկ օրվանից սկսած՝ Հայաստանի հիմնական խնդիրները եղել են ղարաբաղյան խնդրի արժանապատիվ կարգավորումն ու հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Բայց քանի որ երկրորդն առանց առաջինի հնարավոր չէր՝ հիմնական խնդիրը ղարաբաղյան կարգավորումն էր, առանց որի Հայաստանը զարգացման երկարաժամկետ հեռանկարներ չէր ունենա։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ի սեպտեմբերի 25-ի հայտնի արտահայտությունը հենց այդ մասին էր․ «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել»։ Ընդ որում՝ արժանապատիվ կարգավորման հնարավորություն իսկապես կար․ մենք այդ հնարավորությունը ձեռք էինք բերել հաղթական պատերազմով։
Բայց Տեր-Պետրոսյանի այդ արտահայտությունը սկսեց խեղաթյուրվել արդեն մի քանի օր անց, իբր՝ նա ասել է «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղը չենք տվել»։ Իսկ 1998-ի հեղաշրջմանը հաջորդած 20 տարիների ընթացքում Հայաստանում ո՛ր հարթուկը միացնում էիր՝ քոչարյանադաշնակցական քարոզիչներն այդ զառանցանքն էին կրկնում։ Իրենց կարծիքով՝ առանձնապես մեծ կեղծիք չէին անում, պարզապես «Ղարաբաղի հարցը կարգավորել» բառակապակցությունը փոխարինում էին «Ղարաբաղը հանձնել»-ով։ Արդյունքում՝ 20 տարի շարունակ հանրային գիտակցության մեջ սերմանում էին այն միտքը, որ «ղարաբաղյան խնդիրը լուծելն» ու «Ղարաբաղը հանձնելը» նույն բանն է, հետևաբար՝ լուծման գնալու կարիք չկա։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նույնպես կերել էր այդ «կուտը», թե՞ պարզապես օգտվեց նրանից, որ այդ 20-ամյա քարոզչության արդյունքում հասարակության մեծամասնության ուղեղները կարգին լվացվել էին։ Դժվար է ասել, բայց փաստն այն է, որ հետագայում նա լիուլի օգտվեց քոչարյանա-սերժա-դաշնակցական այդ քարոզչությունից ու հենց այդ «թեզերի» վրա էլ հիմնեց իր արդարացումները․ «դե դուք էիք, չէ՞, ասում կարգավորելն ու հանձնելը նույն բանն է, Ղարաբաղը տալուց բացի կարգավորման այլ տարբերակ չկար, Հայաստանի բոլոր իշխանությունները միայն տալու շուրջ էին բանակցում, ես էլ որոշեցի կարգավորել խնդիրը միակ հնարավոր ձևով․․․»։ Ահա այդպես։
Իսկ ինչո՞ւ են Նիկոլն ու Քոչարյանը հավասարապես «այսահարվում», երբ իրենց հիշեցնում են, որ արժանապատիվ կարգավորման հնարավորություն այնուամենայնիվ կար՝ Արցախը ևս 3000 տարի հայկական պահելու երաշխավորված հեռանկարով։ Որովհետև Քոչարյանի համար այդ փաստի ընդունումը կնշանակեր, որ ինքը 1998-ին վիժեցրել է այդ հնարավորությունը, այսինքն՝ Հայաստանի և Արցախի դեմ ծանրագույն հանցանք է գործել։ Իսկ Նիկոլի համար Արցախը հանձնելուց բացի այլ լուծման հնարավորության առկայության փաստն ընդունելը կնշանակեր, որ ինքն էլ նույն հանցանքը գործել է 2019-ին՝ մերժելով այդ հնարավորությունը։ Դրա համար էլ ամեն անգամ հիստերիկ նոպաների մեջ է ընկնում, երբ պահանջում են հրապարակել «Լավրովի պլանն» ու իր պատասխանը։
Այստեղից էլ՝ այդ երկուսի «գաղափարական հարազատությունը»։ Մեկը մյուսի համար ալիբի է ապահովում, ու երկուսով հարձակվում են ցանկացած մեկի վրա, ով հակառակն է ապացուցում։
Իսկ ահա Քոչարյան-Փաշինյան տարօրինակ սիմբիոզի «գործնական» կամ պրագմատիկ պատճառներին կանդրադառնանք հաջորդիվ։
Մարկ Նշանյան