...

Փաշինյանին քննադատելու իրավունքի մասին

Փաշինյանին քննադատելու իրավունքի մասին

Թվում էր, թե 45 օր տևած աննախադեպ դաժան պատերազմը պետք է որոշակի իմաստություն հաղորդի հասարակությանը և հատկապես նրա քաղաքական վերնախավ կոչեցյալին: Բայց ոչ: Հասարակության մի ստվար հատված ցանկանում է, որ իր ականջներին կախեն մակարոնեղեն, իսկ քաղաքական ուժերի գլխավոր մտահոգությունը իշխանությունը պահելը կամ վերցնելն է:

22 տարի առաջ հասարակությունը չցանկացավ արժանապատիվ խաղաղություն, հաշտության պայմանագիր հաղթածի կարգավիճակում: Այո, այն ժամանակ հանձնելու էինք գրաված տարածքները, բայց չէին լինելու շատ բաներ, որոնք այսօր պարտվածի կարգավիճակով ստիպված ենք ընդունել: Եվ խոսքն ամենևին միայն Շուշիի մասին չէ: Հեռանկարի մասին է, որն այսօր շատ մշուշոտ է ստեղծված ստատուս քվոյի պատճառով:

Ոչմիթիզական գաղափարախոսությունը պարտություն կրեց, ավելի կոնկրետ ջախջախվեց, բայց դա ամենևին չի վհատեցրել դրա քարոզիչներին: Նրանք նոր եռանդով են սկսել քարոզել մտքեր, որոնք կարող են պարզապես կործանարար լինել Հայաստանի համար:

Սկսել են տիրաժավորել ամենաանհեթեթ առաջարկները և գաղափարները: Սկսած Ադրբեջանի դեմ Արցախում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելուց մինչև որոշ իրավաբանների տեսակետները տիրաժավորելը, թե կարելի է համատեղ ստորագրած հայտարարությունը ենթարկել դենոնսացիայի:

Եթե ասում են Ա, ապա պետք է ասեն նաև Բ-ն: 1998 թվականը չպետք է կրկնվի: Չկրկնվի, թե ինչ-որ ձևով կպահենք Արցախը, շուստրիության մեր ռեսուրսը կհերիքի մեր իշխանության տարիների համար: Այս պահին համաձայնագրի չկատարումը նշանակում է պատերազմի վերսկսում, որը կհանգեցնի ավելի վատ հետևանքների: Սա պետք է գիտակցել, մինչև իրավաբանների միջազգային իրավունքի վերաբերյալ մտավարժանքները լսելը:

Դաշնակցությունը, Հանրապետականը, քոչարյանական մարդ կուսակցությունները, «Վերնատան» անդամները իրավունք չունեն քննադատելու Փաշինյանին: Չունեն, որովհետև նա շարունակել է իրենց քաղաքական գիծը: Իսկ այդ քաղաքական գծի հիմնական տարրն է եղել հիմարացնել միջազգային հանրությանը և փափուկ բարձ դնել սեփական հանրության գլխի տակ: Այնքան, որքան պետք է սեփական իշխանությունը պահելու համար:

Փաշինյանին իրավունք ունի քննադատելու և հաշիվ պահանջելու ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քվեարկեցին ՀԱԿ-ի խաղաղության պլատֆորմի օգտին: Նրանք 2017-ին քաջություն և խոհեմություն դրսևորեցին, տուրք չտվեցին պոպուլիզմին և հազարավոր ականջահաճո խոստումներին և ընտրեցին մի ուժի, որը ամենից շատ տուժելով Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմներից, ամբողջ քարոզարշավի ժամանակ չանդրադարձավ ներքին խնդիրներին, չտվեց անիրականանալի խոստումներ, չհնչեցրեց տեսակետներ, որոնց միակ նպատակը կլիներ ձայն բերելը:

Երբ Փաշինյանն ասում է, թե որն է իր մեղքը, ապա պետք է սկսի հենց դրանից, որ շարունակել է նախկինների աճպարար քաղաքականությունը: Նրանց մերժելով՝ վերցրել է նրանց ամենակարևոր մեղքը՝ հասարակությանը ասել և խոստանալ բաներ, որոնք իրական չեն:

Ժամանակն է, որ հասարակությունը ինքն էլ իմաստնանա: Երբ իքս քաղաքական ուժը խոստանա որևէ բան, հարցնի նաև մեխանիզմների մասին, թե ինչպես են հասնելու դրան: Եվ միայն չոգևորվի, թե այս մի ուժը ավելի լավ բաներ է խոստանում, քան մյուսը, ուստի պետք է ընտրել առաջինին: Ով ամենից շատն է խոստանում, կասկածը նրա հանդեպ պետք է լինի ամենաշատը, նրան տրվող հարցերը պետք է լինեն ամենից շատը:

Գուցե այդ ժամանակ փրկվելու և այս վտանգավոր տարածաշրջանում դինամիկ զարգացող պետություն կառուցելու շանս լինի:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ