...

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել Բերձորի հանձնումը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել Բերձորի հանձնումը

Արցախում ժամը 19։00-ի դրությամբ շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Մինչ այս հաղորդագրությունը որոշակի կարևոր իրադարձություններ են եղել։ 

Արցախի տեղեկատվական շտաբի այս հաղորդագրությունից երեք ժամ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միաժամանակ հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ «Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը բացատրել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»,- հաղորդում է Արցախում ռուս խաղաղապահների Telegram ալիքը։ 

Թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է իրադրությունը հարաբերական կայուն վիճակի բերվել՝ այս պահին որևէ հստակ բան չկա։ Կարծիքներ ու ինֆորմացիոն արտահոսքեր՝ որքան ուզեք: Սովորաբար ձեռք բերված պայմանավորվածության մասին հայ հասարակությունը պոստֆակտում է տեղեկանում։ Երևի մեր իրավիճակում այլևս բնական է նման պատկերը։ «Մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է և մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը։ Ամենայն հավանականությամբ այսպես էլ կլինի։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ