...

Տղամարդկություն չունե՞ք․ բերձորցիներն են հարցնում

Տղամարդկություն չունե՞ք․ բերձորցիներն են հարցնում

Բերձորցիները մինչև այս ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից: Այս մասին նրանք իմացել են օգոստոսի 3-ի երեկոյան վարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում․ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, որի թղթակիցները տեղում զրուցել են բերձորցիների հետ։ Հենց նրանք են պատմել, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով մինչև ամսվա վերջ իրենք պիտի դուրս գան: Այս թեմայով նախագահական զրույցի են հրավիրվել Լաչինի վարչակազմը և Աղավնոյի համայնքապետն ավագանու անդամների հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ Աղավնոյի բոլոր բնակիչները՝ ավելի քան 200 հոգի, շունչները պահած սպասել են, թե ինչ պատասխանով է համայնքապետը վերադառնալու։ Վերադարձել է, բայց կոնկրետ պատասխան չի տվել: Այդ հանդիպմանը մասնակցած ավագանու 3 անդամները 4 տարբեր բաներ են ասում: «Այսինքն` էդքան տղամարդկություն չկա՞, որ մեկը մի հատ վերևից գա, ասի` ժողովո՛ւրդ, էս ա իրավիճակը, պիտի դուրս գանք, հարց չկա, պիտի դուրս գանք, դուրս ենք գալիս, մեզ տեր կանգնող կա՞»,- իր զայրույթն է փոխանցել բերձորցի Ալիկ Բլբուլյանը։ «Երանի Աղավնոն` Աղավնոյի մարդկանցով երկինք հանեինք, ու վերջանար այս հողի կռիվը»,- իր հերթին ասել է այնտեղ բնակվող Մարիամ Հակոբյանը։  

Բայց իսկապես, ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունն իրեն այսպես պահում։ Տղամարդկություն չունե՞ն ասելու ճշմարտությունը, բացատրելու մարդկանց իրավիճակը և նրանց ժամանակ տալու՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են դուրս գալիս տներից, ինչպե՞ս են լքում այն բնակավայրը, որտեղ քար ու հողից, զրոյից տուն են կառուցել, ընտանիք ստեղծել, երեխաներ ունեցել ու մեծացրել։ Հայաստանը ձեռքերը լվացել է։ Երևանից պարզ հայտարարում են՝ ռուսները թող պահեն։ Ռուսներն իրենք կորոշեն՝ ի՞նչ անել։ Բա ո՞ւր մնաց Արցախի իշխանությունը։ Չէ՞ որ նրանց ընտրել են նաև այս մարդիկ, որոնք, ի դեպ, լրագրողի հետ զրույցում չեն էլ թաքցնում, որ ընտրել են Հարությունյանին ու պահանջում են, որ նա խոսի, իրենց ասի՝ ի՞նչ անել։ Ծանր խոսակցություն է, այո, բայց ավելի լավ է այն սկսել հիմա ու այս պահին, քան սպասել վերջին վայրկյանին, փորձել կռահել ռուսների տրամադրություններն ու ըստ այդմ՝ ոտքի վրա արագ-արագ մարդկանց տեղահանել։ Ավաղ, սա միայն հողի կռիվ չէ։ Շատ դեպքերում հողի կռիվը ամրացնում, ուժեղացնում է պետությունը, հասարակությանը։ Շատ դեպքերում պատերազմը հնարավորություն է տալիս այնպիսի որակներ բացահայտել ազգի, հասարակության մեջ, որոնք գուցե այդպես էլ չդրսևորվեին այլ իրավիճակներում։ Հիրավի, հաջողում են այն ազգերը, որոնցում պատերազմները արթնացնում են խորը թաքնված լավագույնը։ Ցավոք, դա էլ չունեցանք։  

Գոհար Վեզիրյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1912 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ