...

Պետությունը՝ մի կրպակի մոդելով

Պետությունը՝ մի կրպակի մոդելով

Ազգային պատկերասրահին կից գտնվող կրպակը ապամոնտաժվեց։ Ֆեյսբուքահայությունը ցնծում է։ Նախկին քաղաքապետի՝ Կարգին Հայկոյի կողմնակիցները «մանթրաժ» են, որովհետև ժամանակին իրենք էլ ցանկացել են ապամոնտաժել, բայց անհայտ ձեռքը արգելել է դա անել, Ավինյանն ու նրա կողմնակիցներն էլ տերմինատորի դեմքով պտտվում են, թե տեսաք՝ ինչ արեցինք։ Եվ ահա այս բազմակարծության ֆոնին հայտնվում է սեփականատերն իր փաստաբանով ու հայտարարում՝ ապամոնտաժումն անսպասելի էր, ապօրինի և ոչ իրավաչափ։ Պարզվում է՝ դատարանը այս խնդրահարույց «հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելելով ցանկացած գործողություն, ինչը նշանակում է, որ կրպակը չպիտի ապամոնտաժվեր»,- «Հրապարակ» թերթն է մեջբերել կրպակի սեփականատիրոջ փաստաբանի խոսքը։ 

Ինչ-որ իմաստով, բոլորն էլ ճիշտ են։ Իսկապես ուրախանալու առիթ է, որ քաղաքի կենտրոնական հրապարակի կամարաձև մուտքերից մեկը մաքրվում է տգեղ բիզնես-օբյեկտից։ Երկրորդ՝ չենք կարող բացառել, որ Հայկ Մարությանը փորձել է մոտենալ դրան, բայց սահմանափակվել է նախկինների առանձին օբյեկտների ապամոնտաժմամբ։ Վերևից են ասել՝ չանես, թե ներքևից են հորդորել չմոտենալ կրպակին՝ արդեն կարևոր էլ չէ։ Կարևորը հիմա Ավինյանն է, որը մի քանի ավել ձայն ստանալու համար կարող է անգամ հայրական տան մոնտաժման որոշումը ստորագրել։ Ինչ վերաբերում է սեփականատիրոջ իրավունքներին․․․ Երևանում զանազան օբյեկտներ են ապամոնտաժվել բոլոր իշխանությունների օրոք։ Այդ ապամոնտաժումները բացարձակապես եղել են քաղաքական որոշումների արդյունք։ Սկզբում քաղաքական որոշումն են կայացրել ապամոնտաժման մասով, հետո քեյսի տակ թղթեր, այսինքն՝ որոշակի իրավական հիմքեր են դրվել։ Նոր Հայաստանում այս տրամաբանությունը չի գործում։ Խոսքը ոչ միայն ապամոնտաժման մասին է, այլև առհասարակ՝ պետական գնումներ՝ առանց հիմնավորումների, տենդերներ՝ առանց համապատասխան պահանջվող թղթարարության, Հայաստանի անվտանգությանն առնչվող հայտարարություններ՝ առանց փաստերի ու հիմնավորումների։ Ամենայն հավանականությամբ այս պատմությունը հենց այս տրամաբանությամբ է զարգացել։ Դրա համար էլ՝ սեփականատերն աղմկում է։ Չզարմանաք, եթե մի քանի տարի անց Եվրադատարանի վճռով պետությունը ստիպված լինի փոխհատուցում վճարել կրպակի սեփականատիրոջը։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ