...

Փուլայինը՝ փաթեթով, Մեղրիով, բանով

Փուլայինը՝ փաթեթով, Մեղրիով, բանով

ՄԵԾԱԾԱԽ

Պարզ ասած՝ պայմանները նույնն են, ինչ 97 թվականին, պլյուս՝ մենք զիջում ենք Մեղրին (ըստ ՀՀ նախագահի՝ սա կոչվում է «լուրջ առաջընթաց»): Հարց է առաջանում. իսկ ինչու՞ ենք զիջում Մեղրին: Իսկ Մեղրին, պարոնայք «ազգային-ազատագրականներ», մեր վճարելիք գինն է «1998թ. նախագահական ընտրություններում արձանագրված ավելի քան 100 հազար ձայների կեղծման փաստի» համար (հատված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցից), մեր վճարելիք գինն է 98-ից ի վեր երկրում իրականացված քաղաքական բազմաթիվ սպանությունների համար, տնտեսության խայտառակ անկման համար, 98-ից ի վեր 4-5 անգամ աճած արտագաղթի համար, անհեթեթ արտաքին քաղաքականության համար... 

Ընդ որում, իշխանությունների բոլոր հակափաստարկները սպառվել են. մնացել է միայն այն, ինչը դիվանագիտական շրջանակներում ընդունված է անվանել «կոմպլեմենտար ջայլամիզմ»: Ու իշխանությունների ծանր հրետանին դրա մեծագույն մասնագետ Վարդան Օսկանյանն է: Գիտե՞ք, թե ինչ հակափաստարկներ ներկայացրեց նա Քերրի Քավանոյի վերոհիշյալ հայտարարությունից հետո: Ասաց՝ «դժվար թե նա այդպիսի բան ասած լինի: Կամ՝ լեզվի սայթաքում էր: Կամ լրագրողները ճիշտ չեն հասկացել»: Եվ վերջ: 

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե 98-ից ի վեր որքան բթամիտ են դարձել լրագրողները, որքան ապաշնորհ՝ թարգմանիչները, և որքան հաճախ է սայթաքում դիվանագետների լեզուն, երբ նրանք խոսում են հատկապես Ղարաբաղի մասին: Լրագրողների բթամտության առաջին մեծ համաճարակն արձանագրվեց դեռ այն ժամանակ, երբ նախագահը հայտարարեց, թե ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայից և ունենալ չի կարող: Ընդ որում՝ անսպասելիորեն նույն պահին ապուշացել էր նաև թարգմանիչը: Էլ չենք խոսում լեզվի սայթաքումների մասին: Ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահներն ուզում են ասել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս, բայց միշտ նույն տեղում սխալվում են և ասում «Ադրբեջանի կազմում»: Միշտ ուզում են ասել, որ Մեղրիի հարցը չի քննարկվում, բայց ասում են «քննարկվում է»: Լրագրողներն էլ այնքան բութ են, որ չեն հասկանում՝ դա ընդամենը լեզվի սայթաքում է: 

Միակ մարդը, որը երբեք լեզվի սայթաքում չի ունենում, Վարդան Օսկանյանն է: Մարդը պարզ, հայերեն լեզվով ասում է. Ղարաբաղը պիտի լինի անկախ, բայց չի բացառվում, որ ձևականորեն մնա Ադրբեջանի կազմում. կարևորը՝ որ լինեն հորիզոնական կապեր, կամ գոնե չլինեն ուղղահայաց կապեր: Մի խոսքով՝ անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր, Գորիսից աջ, Աղդամից ձախ, դե յուրե անկախ, դե ֆակտո Ադրբեջանից դուրս ասոցացված անկախ պետություն Ադրբեջանի կազմում... 

Այսպես սովորաբար վարվում է չարություն արած ու հացից խռոված երեխան՝ անկյունում նստած լաց լինելով, հացից խռովելու իր հապճեպությունն անիծելով ու սովից անհոդաբաշխ ձայներ հանելով: Բայց երեխան երեխա է, ծնողները նրան սոված չեն թողնի: Իսկ ու՞մ գութը պիտի շարժեն մեր «դիվանագիտության» անհոդաբաշխ ճիգերը: 

Այնպես որ, մնում է Մեղրին: Կծախենք՝ մի քանի տարի յոլա կգնանք: Մինչև տեսնենք: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 197, մայիսի 10, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ