...

Զոհերին վարկաբեկելու «գործը» շարունակում են

Զոհերին վարկաբեկելու «գործը» շարունակում են

ՔԱՐՈԶՉԱԲԵԿՈՒՄ

Աշխարհիս քաղաքակիրթ երկրներից մեկում՝ Ֆրանսիայում, մահացածի մասին «կոմպրոմատ» տարածելը քրեորեն պատժելի է:

Սակայն 4000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի երկիրը՝ Հայաստանը, հեռու է քաղաքակիրթ կոչվելու իրավունքից: Մեզ համար սովորական է մահացածի, զոհվածի հետևից բամբասանք ու զրպարտություն տարածելը: Մանավանդ...

Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բարձրաստիճան մեկի կյանքին ու գործունեությանը: Մանավանդ, երբ իշխանության ղեկին կանգնածներն ունեն որոշակի շահեր:

Բազմիցս ենք ասել, որ հոկտեմբերի 27-ի զոհերին՝ Վ. Սարգսյանին ու Կ. Դեմիրճյանին, փորձում են վարկաբեկել: Ընդ որում, այդ նպատակին է ծառայում նաև Ն. Հունանյանի և մյուսների դատավարությունը: Սակայն սա «հայտնի» ուժերին բավարար չի թվում: Եվ ահա, նախորդ շաբաթվա «Իրավունք» թերթում հպանցիկորեն խոսվում է Վ. Սարգսյանի կենցաղին վերաբերող ինչ-որ «կասետների» տարածման մասին: Պարզ է, որ ոչ նշված հրապարակումը, ոչ էլ «կասետների»՝ շուկայում հայտնվելը պատահական չեն: Դրանք ուղղորդված են: Ուղղորդված են որոշակի կենտրոնից, որը և փող ունի՝ արտադրանք տալու համար, և զորություն՝ ապօրինի տեսաերիզներն անպատիժ վաճառքի առաքելու: Ո՞վ է այդ զորեղը՝ ընթերցողն ինքը կկռահի: Քանի որ շատ լավ գիտի, թե ո՞ւմ են ծառայում այն լրատվամիջոցները, որոնք «մտահոգված» են Նաիրի Հունանյանի «մարդու իրավունքներով», միաժամանակ բնավ իրենց նեղություն չեն տվել՝ ահաբեկչությունը դատապարտելու, զոհերի դատը պաշտպանելու գործում: Մեր ընթերցողը, իհարկե, չի մոռացել, թե ո՞վ էր արտադրել և հովանավորել մոտ անցյալում ակտիվ շրջանառվող «մուլտը», որը նույն կարգի «կոմպրոմատ» էր և հավակնում էր «ուղեղ լվանալու» միջոց դառնալ: (Ամնեզիայով տառապողների համար կրկնում ենք՝ «մուլտը» նկարահանել էր հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված և տարօրինակ պատճառաբանությամբ ազատված Ա. Հարությունյանի աները՝ Ռ. Սահակյանցը):

Տրամաբանական այս շղթան է շարունակում «Գոլոս Արմենիի» թերթը: Ոմն Ա. Թովմասյանի ստորագրությամբ լույս տեսած և ըստ ամենայնի ծրագրային հոդվածում փորձ է կատարվում հանցագործության մեղքը բարդել զոհի՝ Վ. Սարգսյանի վրա, իսկ հանցագործին արդարացնել: Այս անգամ էլ ձգտում են ներկայացնել Սպարապետի բոլոր «մեղքերը»՝ «թեթև ու սահուն» մոռանալով 1998-ը:

Սակայն հենց 1998-ին նույն Վ. Սարգսյանի կամքով իշխանության եկավ այսօրվա քարոզչությունն ուղղորդող Ռ. Քոչարյանը: Հիշում եք ընտրաբա՞ր: Եվ դարձյալ՝ մարդը կարող է մարդասպան լինել, բայց ոչ՝ հանցագործ: Եվ դարձյալ՝ հանցագործությունը պոռթկում էր, որի պատճառը հասարակության սոցիալական վիճակն էր: Իսկ այդ վիճակի մեղավորները «հայտնի են»՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Սիրադեղյան և Վ. Սարգսյան: Ու Վ. Սարգսյանի իշխանությանը վերջ դրեցին «երեք դիլետանտներ»:

Եվ ուրեմն՝ քարոզչական այս տոտալ պատերազմը, որն անթաքույց հայտարարվել է զոհերին անգամ նրանց մահից հետո, վկայում է մի բանի մասին: Հոկտեմբերի 27-ը կազմակերպված քաղաքական սպանություն էր: Կազմակերպիչները կան, հանրապետությունում են, ավելին՝ «աշխատում են» հանցագործությունը ավարտին հասցնել: Նրանց խանգարում են Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի անուններն ու հիշատակը:

Նրանք էլի՛ քայլեր ունեն անելու, որովհետև մինչև նախագահական նոր ընտրությունները՝ 2003 թիվը, դեռ ժամանակ կա: Ու քայլերը բազմազան են, սակայն ոճն ու տրամաբանությունը նույնն են լինելու՝ լռեցնել անհաճո լրատվամիջոցները, աղտոտել ընդդիմախոսներին, ոչնչացնել զոհերի հիշատակը, վերջնականապես բարոյազրկել հասարակությանը: Սրա հետևանքը մեկն է լինելու: Փորձելու են համոզել անդրօվկիանոսյան տերերին, որ իրենք են հանրապետությունում անմնացորդ իշխողները, և երկընտրանք չկա: Սակայն...

Անկանխատեսելին կանխատեսելն անշնորհակալ գործ է: Կարծում ենք՝ անհարկի ինքնավստահությունը դեռ ոչ ոքի հաջողություն չի բերել, հատկապես՝ գավառական ինքնավստահությունը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 218, հունիսի 15, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ