Կապիկուլյացիայի օրերը
Անցնող շաբաթվա սկզբում Նիկոլ Փաշինյանը հանկարծ ու սկսեց մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, մեկը մյուսից աղմկոտ ստատուսներ գրել: Մի հարայ-հրոց էր գցել, նախկիններին էր հիշել, էլ դավաճան, էլ կիսամաշ դեմքեր: Մենակ մի օրում մի 6-7 ստատուս գրեց: Ինձ ժողովուրդն է բերել, ես եմ իշխանությունը. հավանաբար ճվճվան ձենով է սրանք գրել:
Ու էստեղ մեզ մոտ դեժավյու առաջացավ: Ոնց որ թե ծանոթ պատմություն էր: Դե իհարկե, Թումանյանի «Քաջ Նազարը»:
«Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել»:
Ու մեր սիրտը մի վատ բան զգաց. սա որ այսպես ձենը բարձրացրել է, գոռգոռոցը կապել, ուրեմն մի բանից վախենում է, սա առաջիկայում հերթական ղալաթն է անելու, հիմիկվանից նախահարձակ է եղել: Մանավանդ, որ Քոչարյանն ու քոչարյանականներն էլ այնտեղ էին գոռգոռոցը կապել, ճվճվում, Նիկոլին սրա-նրա ջեբը փորձում գցել, նախկին-ներկա խաղացնել, Փաշինյանի օրակարգը առաջ տանել:
Հատիկ առ հատիկ հետ են տալու
Այդպես էլ կար. Ադրբեջանը հայտարարեց, որ այս իշխանություններն իրենց բոլոր պահանջները սուսիկ-փուսիկ կատարել են, եթե նույն տեմպով շարունակեն, կթողնեն, որ մի քիչ էլ աթոռների հետ խաղան: Էդ որ ասում են՝ խաղաղության համաձայնագիր, ոչ թե խաղաղությունը նկատի ունեն, այլ հենց իրենց պաշտոնների հետ խաղալը: Այսինքն՝ «խաղալության» համաձայնագիր:
Հայաստան, պետություն, ապագա… դրանք արդեն ջրվում են, կարևորը սրանց իշխանությունն է: Արդեն այն աստիճանի են Հայաստանը մտցրել Ադրբեջանի ու Թուրքիայի տակ, որ նույնիսկ «Ադեկվատի» Արթուր Դանիելյանը չդիմացավ, եռամյա լռությունից հետո խոսեց: Ասաց, որ Հայաստանը 750 մլն դոլարի դիմաց է Ադրբեջանի պայմանները կատարելու: Այսինքն՝ բարտեր են անելու:
Բայց մեր տեղեկություններով, Փաշինյանը Հայաստանի զիջումների փոխարեն ուրիշ բան է ստանալու: Օրինակ՝ Սահմանադրություն փոխելու դիմաց մի հատ «Ռեյնջ Ռովեր» է ստանալու, միջանցքի դիմաց՝ 511 քմ հողատարածք Գավառի մարզում, Ադրբեջանի դեմ հայցերը ետ վերցնելու դիմաց 1 բնակարան Վարդանանց փողոցում ետ կստանա: Բա, հատիկ առ հատիկ հետ է բերում:
Նկատել ենք, շատերն այս օրերին գրում են. Աստված, թող սա վատ երազ լինի: Աստված կարող է ու թողներ, համա Նիկոլ Փաշինյանը չի թողնում: