...

Քոչվորները, բոլոր դեպքերում, հեռանալու են. Լևոն Տեր-Պետրոսյան

Քոչվորները, բոլոր դեպքերում, հեռանալու են. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձն է: 28 տարվա ընթացքում մեր պետականությունը ունեցել է ինչպես փառահեղ, այնպես էլ դժդակ, ողբերգությամբ և արյամբ լի էջեր: Այսօր մեր հասարակությունը փորձում է նորից վերագտնել իր ազատությունը, կառուցել իր երազած պետությունը, և օրը լի է լավատեսությամբ, տոնական անկեղծ մթնոլորտ է թևածում: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ Անկախության օրը դիմավորում էինք չափազանց ծանր իրավիճակում, ավազակապետական վարչախմբից հալածանքների տակ կքված: Ներկայացնում ենք «ՉԻ» հրապարակումներից մեկը՝ 2008թ. սեպտեմբերին Անկախության օրվա վերաբերյալ: Եվ, ինչպես ասել էր դասականներից մեկը. «Տեր-Պետրոսյանը մի վատ խասյաթ ունի.  վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

***

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նվիրված Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնած միջոցառմանը շտապել էին ներկա գտնվել թե շարքային ՀՀ քաղաքացիներ, թե քաղաքական տարբեր գործիչներ, թե մտավորականներ: Տրամադրությունը շատ տոնական էր` շամպայն, կենացներ, բարեմաղթանքներ, օրվա խորհրդի հետ կապված հիշողություններ և կարևորված զգացողություններ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այստեղ էր: Հավաքվածները նրան դիմավորեցին հասարակությանը քաջ հայտնի կարգախոսներով` «Լևոն նախագահ», «Ազատ, անկախ Հա-յաս-տան»... «Պայքար, պայքար մինչև վերջ»-ը շատերին տեղափոխում էր դեպի անցյալ ժամանակներ` դեպի 88-ի զարթոնքն ու անկախության հանրաքվեն:

Տեր-Պետրոսյանն անշտապ վերցրեց բարձրախոսն ու շնորհավորելով բոլորին ասաց. «17 տարին և շատ ժամանակ է, և քիչ, եթե մանավանդ հիշենք, որ մեր առաջին հանրապետությունը ընդամենը 2 ու կես տարի է տևել: Դրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մենք գիտակցենք, որ անկախությունը մեր վերջին շրջանի պատմության ամենամեծ նվաճումն է, որը ձեռք է բերվել ձեր ջանքերով: Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 1991թ. սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվե և 100 տոկոսով կողմ է քվեարկել անկախության: Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետև մեր հիմնական նվաճումը դեռևս առջևում է:

Ես միշտ էլ ասել եմ, որ անկախությունը երկրորդական է, եթե այն չի բերում ազատության: Անկախությունը ազատության հասնելու միջոցն է: Հիմա մեզ է մնում կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը` նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը»: «Ես չէի ուզի այսօրվա տոնը քաղաքականացնել, բայց ես չեմ կարող անտեսել այսօրվա մռայլ մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում:

Այսօր դժբախտաբար, հերթական անգամ, դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել, մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետների ձեռքում: Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետները, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են: Այս երկիրը պատկանում է ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենք»:

Միջոցառմանը ներկա էին նաև քաղբանտարկյալների ընտանիքները, նրանց համախոհ ընկերներն ու հարազատները: Տեր-Պետրոսյանն իր խոսքում ողջույնի և շնորհավորանքների խոսքեր ուղղեց նաև քաղբանտարկյալներին, նրանց, ովքեր «Հսկայական նվաճումներ են ունեցել, ինչպես անկախության, այնպես էլ Ղարաբաղի ազատագրման ճանապարհին և այսօր էլ շարունակում են իրենց պայքարը հանուն մեր բոլորի ազատության: Եթե այսօր նրանք բանտերում են` միայն նրանք չէ, որ ազատազրկված են: Մենք` բոլորս, ազգովի ազատազրկված ենք և մինչև նրանք դուրս չգան բանտերից, մենք` այստեղ բոլոր կանգնածներս ազատ չենք կարող լինել»:

Ի դեպ` տարբեր կալանավայրերից Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին ու բոլոր հավաքվածներին իրենց ողջույնի խոսքն էին հղել նաև քաղբանտարկյալները:

Գոհար Վեզիրյան

ՉԻ, սեպտեմբերի 23, 2008թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   17598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ