...

Շուշի ենք ազատագրել. հետո էլ ասում են, թե հրաշքներ չեն լինում

Շուշի ենք ազատագրել. հետո էլ ասում են, թե հրաշքներ չեն լինում

ԼԱՎ ԵՆՔ ԱՐԵԼ

1992թ. մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց: Նույնիսկ 11 տարի անց այս մի նախադասությունը հպարտության և սեփական ուժերի նկատմամբ հավատի մի այնպիսի ալիք է բարձրացնում, որ արժեր, որ մենք նման հաղթանակ ունենայինք: Հաղթանակ, որը կարևորվում է հատկապես այն պատճառով, որ մեր հաղթանակն էր: Մեր ձեռքի գործը: Ոչ թե ռուսի կամ ֆրանսիացու ետևից ընկած ենք մտել Շուշի, այլ ինքներս մեր ուժերին ապավինելով: 

Սա մի հաղթանակ էր, որի նմանը մենք իսկապես չենք ունեցել: Այն բացառիկ էր իր հանդգնությամբ: Այդպիսի անառիկ համարվող քաղաքը, իր աշխարհագրական դիրքով պարզապես չպիտի տեղիք տար նույնիսկ մտածելու, թե այն կարելի է գրավել: Իսկ մենք գրավեցինք: Գրավեցինք, չնայած մարդկային առավելությունը նրանց կողմն էր: Չնայած ադրբեջանցիները մինչև ատամները զինված էին: Չնայած բոլոր կողմերից շրջապատված էինք: Չնայած հացի խնդիր կար, ու օրերով սոված էինք մնում: Եվ վերջապես, գրավեցինք, չնայած թիկունքում ունեինք դաշնակներ, որոնք առավոտից երեկո որդերի նման վխտում էին Բաղրամյան պողոտայում, պահանջելով մեր առաջին ու առայժմ միակ նախագահի հրաժարականը: Իսկապես, այսքան հոգսերը ուսերին Շուշին գրավելը ռազմական բոլոր կանոններին հակառակ երևույթ էր: 

Պետք էր հիշել այն ցնծությունը, որ տիրում էր Հայաստանում և Արցախում: Մի Շուշի էինք գրավել, բայց մի աշխարհ գրավածի չափ ուրախություն կար մեր դեմքին: Հոգու մի այնպիսի պոռթկում կար ի տես բոլորի՝ տեսա՞ք, ինչ արեցինք: Անկեղծ ասած մի քիչ էլ զարմացած էինք մեր արածից: Ինչ-ինչ, բայց մենք վաղուց ետ էինք սովորել իրական հաղթանակներից: Մերը միշտ բարոյականն էր: Դա էլ դաշնակների հոգեկան մղձավանջի արդյունքն էր: Սրանց հաղթանակը ուրիշ էր: Մի-երկու լակուտ-լուկուտով գնում էին մի «Բանկ Օտտոման» էին գրավում, ինչքան երգ էին իմանում, երգում էին, հետո գնում էին իրենց գործերին: Թուրքերն էլ դրան ի պատասխան հերթական 50 հազար հային էին կոտորում: Գնում էին Աղթամարի կղզում մի օր օդ կրակում, լողալով փախչում... դե, Տարոնի գյուղացի, գնա ու դրանց արածի տակից դուրս արի: Մենք ծանրագույն պայմաններում Շուշի ենք գրավում, սրանք առանց կրակոցի Ղարս են հանձնում: 

Իհարկե, խորհրդանշական է, որ Շուշին հենց մայիսի 9-ին գրավեցինք: Մեկը երկուս դարձրեցինք: 1945թ. մի հատ մայիսի 9-ն էլ ֆաշիստական Գերմանիայի գլխին սարքեցինք: Չնայած էլի սոված էինք: Ավելի վատ էինք հագնված: Չնայած որ նույն ֆաշիստների հետ ձեռք-ձեռքի բռնած դաշնակներն էին նույն: Էլի դաշնակները: Որտեղ քո ազատության համար կռիվ ես տալիս, դաշնակի դեմ ես դուրս գալիս: Մնում է մի մայիսի 9-ն էլ սրանց համար սարքենք: 

Այսօր, իհարկե, ուրիշ ժամանակներ են: Հիմա ընդունված չէ Շուշիի գրավումը կապել Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ: Հիմա հազար ու մի պատի տակից ու նկուղից դուրս եկած դաշնակ ու կոմունիստ, կանադաներ փախած գրանդ ու գյադա երդվում են, թե Շուշիի գրավումը Լ. Տեր-Պետրոսյանի և նրա թիմի գործունեության արդյունքը չէ, այլ ժողովրդի: Այսինքն, ժողովուրդն է գրավել Շուշին: Եվ ընդհակառակը, Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր ծախել Ղարաբաղը: Պատկերացնում եք, ժողովուրդ... մարդիկ... ինչ-որ, որ գնում են զենք են բերում իրենք իրենց, փամփուշտ, տանկ, Շուշիի ազատագրման օպերացիա են մշակում, հետո գնում գրավում են Շուշին: 

Իսկ Շուշին գրավեցինք, որովհետև այն գրավելու համար ունեինք ամենակարևորը՝ իշխանություն: Լևոն Տեր-Պետրոսյան նախագահ ունեինք: Լեգիտիմ, բոլորի կողմից հարգված, խելացի, իր գործը անխռով տանող: Իշխանություն ունեինք, որից կարող էին Շուշիի ազատագրում ակնկալել: 

Եկեք մի անգամ ևս հպարտանանք ու շնորհավորենք միմյանց Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով: Փառք տանք նրանց բոլորին, ովքեր մասնակցեցին այդ հրաշք օպերացիային: Խոնարհվենք զոհվածների հիշատակի առջև: Ու անպայման, եկեք այս գյոզալ օրով չտանք անունները մի քանի ստահակների, մեր այս փառապանծ օրը մրոտողների, պադվալային հեղափոխականների ու ռոմանտիկների: Սրանք չարժեն դրան: Սրանք գնացող են: Մնալու ենք մենք ու մեր կռած մայիսի 9-երը: 

Հովհաննես Լիլոյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 299, Մայիսի 9, 2003 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ