...

ՔՊ-ի ծերունական գվարդիան և ազգային խայտառակությունը

ՔՊ-ի ծերունական գվարդիան և ազգային խայտառակությունը

Կասկածող կա՞ր, որ Ալեն Սիմոնյանը շարունակելու է պաշտոնավարել։ Իհարկե, չկար։ Կարծում եք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է միակ միամիտը, որ Ազգային ժողովի մեծամասնությանը կոչ էր անում ազատվել ազգային խայտառակությունից և փրկել պետության վարկը՝ պատիվը։ Իհարկե, ո՛չ։ 

Այնուամենայնիվ, ցավալի է, որ թե՛ ՀՀ առաջին նախագահի, թե՛ իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների, թե՛ պետության գիտակից քաղաքացիների կոչերն արձագանք չգտան ԱԺ-ում։ Ալեն Սիմոնյանի հարցը փակվեց մի մուննաթախառն ներողությամբ։ 

Ճշգրտենք «արձագանք չգտան» բառակապակցությունը։ Նախորդ պարբերության համատեքստում այն նշանակում է, որ ՔՊ-ն՝ Ազգային ժողովի մեծամասնությունը, Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցն անգամ քննարկման առարկա չդարձրեց։ Այսինքն՝ ամբողջ երկիրը մնաց անպատվության տիրույթում։

Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը դարձավ քննարկման նյութ։ Արձագանքներ եղան, այն էլ ինչպիսի՜ արձագանքներ՝ մեկը մեկից բըլթ։ «ՉԻ»-ն տեղը տեղին ներկայացրել է դրանցից «յուղոտները» և պարզաբանել պատճառները։ 

Այս անգամ կխոսենք ոչ թե երիտքպականների, այլ իշխող կուսակցության ծերուկների գվարդիայի ներկայացուցիչներից մեկի արձագանքի մասին։ 

Եվ այսպես, լրագրողների թեթև ձեռքով Լևոն Տեր-Պետրոսյանի «Ազգային խայտառակություն» հոդվածին է անդրադարձել Վիգեն Խաչատրյանը։

Ժամանակին թվում էր, որ այս մարդը տրամաբանության հետ սուր հակասություններ չունի։ Սակայն քպ-ական դառնալուց հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Որպես ապացույց՝ նրա խոսքից մեկ օրինակ բերենք․ «Երբ մարդն ասում է՝ որտեղ տեսնեմ, այդ բանն անելու եմ, սա արդեն քաղաքացու դիրորոշում չի, մի քիչ ուրիշ բան է: Այդ առումով, Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի նրբանկատ գտնվել և որպես առաջին նախագահ իր ծանրակշիռ խոսքն ասել, որ երևույթը տգեղ է: Իմ համոզմամբ, այս ամենը միտված է նրան, որ իշխանություն կրողները հունից դուրս գան, քան վերաբերմունք է: Չի կարելի դա անտեսել ու ասել՝ դա նորմալ է: Նորմալ չի, ճիշտ չի դա»։

Հասկացա՞ք։ Բացատրենք։ Տասնամյակների քաղաքական փորձ ունեցող Վիգեն Խաչատրյանը կրկնում է երիտքպականների պատումն այն մասին, որ իրենց հակառակորդները, այս պարագայում՝ դաշնակները ջանք չեն խնայում իրենց նուրբ նյարդերը քայքայելու համար, իսկ Լ․ Տեր- Պետրոսյանը պետք է նրբանկատ գտնվեր և ասեր՝ տղանե՛ր, չի կարելի դավաճան ասել։ Նրբանկատ լիներ ո՞ւմ նկատմամբ, պետության վարկը հողին հավասարեցրած Ալեն Սիմոնյանի՞։ Չէ՛, պարոն Խաչատրյանի տրամաբանությունը ծանր հիվանդացել է, երևի վարակ է կամ դեմենցիայի նշաններ են։

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ են մտքի և վարքի այս խեղճությանը հասել բազմափորձ մարդիկ՝ Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ինչո՞ւ են ամեն օր կուլ տալիս ամոթի հսկայական տոննաներ։ Պատասխանը մեկն է՝ հանուն թշվառ պաշտոնների։ Մարդ գոնե ինքն իր տարիքից կամաչեր։ Նրանք չեն ամաչում։ Չմոռանանք, որ նաև նրա՛նց ջանքերով է Հայաստանը մնում առանց իշխանության, այսինքն՝ անգլուխ և անպաշտպան։

Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանին նրբանկատության կոչ անելու փոխարեն, ինքներդ ձե՛զ նայեք և տեսե՛ք, որ դարձել եք շարքային խուլիգանի սպասարկու։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ