Լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանը «Զրույցներ ընդհատակից» շարքի վերջին հաղորդման ժամանակ խոսում է ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մասին։ Հետաքրքիր, ուշադրության արժանի վերլուծություն է։ Խոսելով Ն․ Փաշինյանի ամերիկյան այցի ծայրահեղ մեկնաբանությունների մասին՝ նա պնդում է, որ ԱՄՆ-ը այժմ հետաքրքրված չէ մեր տարածարջանով, իսկ Հայաստանը չունի այն կշիռը, որն ուներ 90-ականների սկզբում։ Ճիշտ է։ Լևոն Տեր- Պետրոսյանի պետական այցը Միացյալ Նահանգներ և ՀՀ այսօրվա ղեկավարի այցը անհամեմատելի են։ Հաղթող Հայաստանը և պարտված Հայաստանը տարբեր քաշային կարգերում են։ Սա էլ է ճիշտ։ Հարգելի հրապարակախոսը նշում է, որ եթե անգամ ինքը՝ Կարպիս Փաշոյանը, լիներ Փաշինյանի փոխարեն, ընդունելությունը նույնը կլիներ։ Այսինքն՝ ՀՀ ղեկավարի անձն այս թշվառ պատմության հետ կապ չունի։ Փոքրիկ ճշգրտում մտցնենք՝ պարզեցնելով լրագրողի միտքը։ ԱՄՆ նոր վարչակազմն այսպես է ընդունում Հայաստանը։ Այսինքն՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի ձախողումներից հրճվողները պետք է հստակ գիտակցեն, որ նա հիմա մեր ընդհանուր պատկերն է։
90-ականների մեր կերպարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ ներկայացնում էր 80-ականների վերջից պայքարող, անկոտրում Հայաստանը՝ մտավոր և կառուցողական մեծ ներուժով։ Իսկ այսօր աշխարհին ներկայանում ենք պարտված, ձախողված ղեկավարով, փաստորեն «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար»։ Եվ սրա մեղավորը մենք ենք, որ 2020-ի խայտառակությունից հետո չլրջացանք և երկրում նորմալ իշխանություն չձևավորեցինք, չազատվեցինք հայկական էլչիբեյից։
Հիմա տեսնենք, թե ինչ չէր անի Կարպիս Փաշոյանը։ Նա հաստատ մուրացկանի պես չէր պտտվի ԱՄՆ-ում՝ առանց այդ երկրի պետական մարմինների պաշտոնական հրավերի։ Փոխնախագահ Վենսի հետ սելֆին որպես հաղթաթուղթ չէր ներկայացնի հայ հանրությանը։ Կարպիս Փաշոյանը կհասկանար, որ պետք է դիվանագիտական լրջագույն աշխատանք կատարել, պետք է զբաղվել ծանրագույն հարված ստացած երկրի ներքին տնտեսական խնդիրներով, պետք է ամրապնդել բանակը և սահմանները։ Կարպիս Փաշոյանն Իլհամ Ալիևի պատվերները չէր կատարի։
Այսպիսով, մեր գլխավոր խնդիրը գոնե 2020-ից հետո նույնն է․ երկրին լուրջ իշխանություն է պետք։ Մնացածն ածանցյալ է, որովհետև միայն լուրջ, անխոնջ աշխատող իշխանությունը, պայքարող, մտավոր ներուժ ունեցող ազգը կարող են հարգանքի արժանի լինել։
Զարուհի Գաբրիելյան