...

Ռևանշիստների դիրքերը նույնպես պետք է վերցնել

Ռևանշիստների դիրքերը նույնպես պետք է վերցնել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները լրիվ նոր խճանկար են ստեղծել Հայաստանում և նրա շուրջ:

Սկզբում հաղթանակ արձանագրվեց ռևանշիստների նկատմամբ: Նրանք դուրս շպրտվեցին Սահմանադրական դատարանի «խրամատներից»՝ այդպես էլ օգնություն չստանալով միջազգային իրավական կազմակերպություններից: Դժվար հանգուցալուծվող ճգնաժամ կառաջանար, եթե ՄԻԵԴ-ը որոշեր բավարարեր Գյուլումյանի և ընկերների հայցի ապահովման միջնորդությունը և վերականգներ նրանց պաշտոնները: Ռևանշիստները կստանային լուրջ հաղթաթուղթ և կստացվեր, որ նրանք ոչ թե պայքարում են նեղ անձնական շահերի համար, այլ առաջնորդվում են օրենքով և պաշտպանում են իրավունքը: Պատահական չէ, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո դադարեցին շահարկումները, թե սահմանադրական փոփոխությունները հակաիրավական են և այլն: Մոռացության մատնվեց անգամ նախագահ Արմեն Սարգսյանի դեմարշը՝ չստորագրելու փոփոխությունների երկրորդ փաթեթը: Մի քանի օրից կլրանա պահանջվող անհրաժեշտ ժամկետը, և ԱԺ նախագահը կստորագրի օրենքը՝ ռևանշիստներին զրկելով անգամ փոքր շանսից՝ վիճարկելու սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը:

Տավուշում սկիզբ առած մարտերը էլ ավելի լուրջ հարված հասցրին ռևանշիստների դիրքերին: Նոր Հայաստանը պատվով է հանձնում քննությունը նաև ռազմի դաշտում՝ զրկելով նախկիններին իրենց ամենամեծ քարոզչական առասպելներից և բացահայտելով նրանց հակապետական բնույթը: 2016 թվականը պարտություն չէր, բայց հաստատ նաև հաղթանակ չէր և լավագույնս չէր անդրադարձել բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա: 4 տարի անց ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր և վերականգնվեց 90-ականների կեսից հաստատված ստատուս քվոն՝ հայկական բանակը ոչ միայն ի զորու է հետ շպրտել ադրբեջանական բանակին, այլև ազատագրել նոր տարածքներ:

Իսկ երեկ Իլհամ Ալիևի՝ Մամեդյարովի հասցեին հնչեցրած հրապարակային քննադատությունը հերթական մեխը խփեց ռևանշիստների հակաքարոզչության դագաղին: Արդեն քանի օր է, ինչ նախկինները հերթական քարոզչական հնարքն են պտտեցնում և փորձում նրան կշիռ տալ: Հնարքի բովանդակությունը հետևյալն է. բանակը, ի դեմս նախկինների ներկայացուցիչ Խաչատուրով կրտսերի, փայլուն իրագործել է իր առաքելությունը, բայց դիվանագիտությունը, որն անմիջականորեն իրականացնում են Փաշինյանը և Մնացականյանը, տապալված է, պարտվողական և ըստ էության ունի դավաճանության տարրեր: Երկրորդ կարգի գործիչների շուրթերով կասկածներ էին տիրաժավորում, թե իբր քաղաքական ղեկավարությունը պատրաստվում է դիվանագիտության միջոցով առ ոչինչ դարձնել բանակի հաջողությունները: Ալիևի խոստովանությունները ակներև դարձրին, որ Ադրբեջանն այս օրերին պարտվել է ոչ միայն ռազմի դաշտում, այլև դիվանագիտական հարթությունում: Նույն նախկինները հաճախ շահարկում էին, որ հայկական դիվանագիտությունը շրջանցում է Թուրքիային, հետին պլան է մղվել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և այլն: Թուրքիայի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը ամենախիստն էր վերջին երկու տասնամյակի ընթացքում:

Այս երկու հանգամանքը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման համեմատական կառավարելիությունը նոր, երկրորդ շանսն է տալիս կառավարությանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանին: Նրա վարկանիշը նորից վերելք է ապրում և արդեն միայն իրենից է կախված, թե ինչպես այն կօգտագործվի: Վճռական և ոչնչացնող հարվածներ կհասցվե՞ն ռևանշիստների դիրքերին, թե՞ հերթական անգամ կմսխվի թանկարժեք ժամանակը և հնարավորություն կտրվի, որ նախկինները վերստին ուշքի գան շոկից:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ