...

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը «հեղափոխության» նվաճումն է

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը «հեղափոխության» նվաճումն է

Դավադրապաշտության տիրույթ չենք մտնում, ուստի կարծում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործոն դարձավ նախ և առաջ հեղափոխական դիլետանտիզմի պատճառով: Ընդ որում, սա խոստովանել է հենց Քոչարյանը՝ պնդելով, որ ինքը ստիպված էր նորից քաղաքականություն մտնել…

Եվ այսպես, նախ դիլետանտիզմն էր, որի հիմնական նպատակը զգայացունց տեսարաններ սարքելն էր:
«Հեղափոխությունից» անմիջապես հետո զանգվածներին պետք էր ուժի ցուցադրություն, արդարադատության պատրանք, և 2018թ. հունիսին բացահայտվեց գեներալ Մանվելի «տուշոնկան», իսկ հուլիսին՝ մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, այն էլ 2008թ. «Մարտի 1»-ի գործով: Ամիսներ անց սկսվեց դատավարությունը, որը վերածվեց ծաղրուծանակի: Հանուն արդարության պետք է խոստովանենք, որ նախաձեռնողը, եղանակ ստեղծողը ամբաստանյալի փաստաբանական թիմն էր:

Դատական շոուն և Քոչարյանին պատժված տեսնելու հանրային տրամադրությունն օգտագործելով՝ 2020-ի գարնանը Ն. Փաշինյանը փորձեց Սահմանադրական հանրաքվե անցկացնել և փոխել Սահմանադրական դատարանի կազմը, որը, ըստ այդ շրջանում տարածված կարծիքի, կարող էր ազատել գլխավոր ամբաստանյալին, այսինքն՝ խոչընդոտել արդարադատության իրականացմանը: Բայց ինչ-որ բան, գուցեև կորոնավիրուսը, խանգարեց հանրաքվեին: Եվ փաշինյանականները գործի դրեցին ԱԺ-ն: Նրանք 2020-ի ամռանը փոխեցին ՍԴ կազմը՝ թոշակի ուղարկելով նախկիններից մնացած մի քանի դատավորի և նրանց փոխարեն ընտրելով յուրայինների: Փոխվեց նաև ՍԴ նախագահը: Մեր հեղափոխական հանրությանը թվաց, թե արդարադատության հիմնական խոչընդոտը վերացված է:

Իսկ դատարանում շարունակում էին տեր ու տիրական լինել ամբաստանյալի փաստաբանները: Կարծում ենք՝ նրանց այդ հնարավորությունը տալիս էր հենց մեղադրող կողմի դիլետանտիզմը: Իսկ սրա պատճառը ոչ թե ՀՔԾ մասնագիտական անկարողությունն էր, այլ դատավարության քաղաքական բաղադրիչը: Հիշեցնենք՝ դատավարությունը ոչ թե մարտիմեկյան հանցագործությունը բացահայտելուն էր միտված, այլ քաղաքական շոու էր, որը պետք է հագուրդ տար հեղափոխականների ցանկություններին: Չստացվեց:

Ռոբերտ Քոչարյանն աստիճանաբար վերածվում էր քաղաքական գործոնի, ինչը պետք էր թե՛ ներկաներից դժգոհներին, թե՛ հենց ներկա իշխանությանը՝ որպես բոբո: Այ սա ստացվեց:

Իսկ պատերազմից հետո, երբ իշխանությունը հասկացավ, որ լեգիտիմության խնդիր ունի և ստիպված է լինելու արտահերթ ընտրություններ անցկացնել, քոչարյանական բոբոն դարձավ օդ ու ջրի պես անհրաժեշտ:
Եվ արդեն փաշինյանական ՍԴ 2021թ. գարնանային որոշումը դատարանին հնարավորություն տվեց «Մարտի մեկի» գործով արդարացնելու Ռոբերտ Քոչարյանին: 

Արտահերթ ընտրություններին նախորդող շրջանը ցույց տվեց, որ իշխանության կամ նրա արտերկրյա հուշարարների հաշվարկը ճիշտ էր: Ռոբերտ Քոչարյանն անցավ գործի, պատմության աղբանոցն ուղարկեց Հայրենիքի փրկության ձախողված ճակատը, անձամբ գլխավորեց ընդդիմադիր դաշինքը: Իշխանական և մերձիշխանական մեդիան ջանք ու եռանդ չխնայեց Քոչարյան բոբոյին հիմնական հակառակորդ ներկայացնելու համար: Ստացվեց: 

Ընտրությունները հաստատեցին, որ իշխող ուժի ձայների մեծամասնությունը Քոչարյանինն է, այսինքն՝ մարդիկ ՔՊ-ին են քվեարկել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա: Անշուշտ, սա ստացվեց որոշ զոհողությունների գնով: Ռոբերտ Քոչարյանը պատկառելի ներկայություն է ստանալու ՀՀ ԱԺ-ում և հայաստանյան քաղաքական դաշտում: Անշուշտ, իշխանությունը մի քանի ախմախ շոու կբեմադրի, բայց արդարադատություն մենք չենք ունենա: Որովհետև հակառակորդներից վրեժ լուծելը, «ինտելեկտուալ ապուշներին» ձերբակալելը արդարադատություն չեն: Բայց սա ուրիշ թեմա է: 

Իսկ հիմա եզրակացնենք՝ «հեղափոխության» շոշափելի նվաճումը Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է: Պատերազմից հետո մենք ունենք ոչմիթիզական ԱԺ, ուստի կարող ենք արձանագրել, որ Հայաստանում հերթական անգամ պարտվեց բանականությունը:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1058 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ