...

Կոնսենսուս՝ ընդդեմ ողջախոհության

Կոնսենսուս՝ ընդդեմ ողջախոհության

Հայաստանում երկար ժամանակ կար «կոնսեսուս – 1»-ը․ հիմա էլ կա։ Գիտեմ՝ ընթերցողներիս մեծ մասի համար սա ցավոտ արձանագրում է լինելու, բայց պետք է։ Ճիշտ հասկացաք։ «- 1»-ը ողջախոհության ճրագն է։ 

Ապացուցեմ։ 

1997-98 թթ․ իբր բանավեճ էր հաղթողականների և պարտվողականների միջև։ Իբր, որովհետև «հաղթողականների» փաստարկները իրական քննության այն ժամանակ էլ չէին դիմանում։ Բանավեճի առիթը, ինչպես հիշում եք, ՀՀ առաջին նախագահի մեծ ասուլիսը և հոդվածն էին։ Այո՛, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածն էր, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ եք կարդացել։ Իրատեսական, փաստերով ապացուցվող պնդումներին «հայտնի ուժերը» հակադարձում էին գավառական, մանկամիտ, տնաբույծ քաղաքագետների պես։ Փոխզիջումը, արժանապատիվ խաղաղությունը և Արցախի հայկականության հարատևությունը մերժվում էր խիստ «հայրենասիրական» ծափ ու ծնծղայի տակ։ Այնինչ, Լևոն Տեր- Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում ասաց․ «Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»։

Ցավոք, կյանքը ցույց տվեց, տեսան, բայց շարունակեցին կույր ու խուլ ձևանալ։

Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո Արցախի հարցում հաղթողական կոնսենսուս ապահովող հայտնի ուժերը ոչ մի նոր ասելիք չունեին։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև նոր ասելիք ունենալու և Նիկոլ Փաշինյանի պես աղետից ազատվելու համար նախ պետք է վերագնահատեին սեփական գործունեությունը։ Չէին կարող, քանի որ այդ դեպքում կխոստովանեին, որ, օրինակ, 97-98թթ․-ին «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր» Հայաստանում իշխանությունը զավթելու և հարստություն դիզելու համար։ «Կբացահայտեին», որ ժամանակին ղալաթ են արել, հարցի հայանպաստ լուծման պահը բաց են թողել և ճանապարհ հարթել Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչպե՞ս են հարթել։ Բերենք միայն մեկ փաստարկ․ երբ Սերժ Սարգսյանը «հաճախորդացնում էր» ՀՀ քաղաքական դաշտը, իսկ 2015-ին գլխավոր «հաճախորդ» էր կարգում «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, արդյո՞ք չէր գիտակցում, որ այդպիսիք բազմակի օգտագործման են և մեծ պարգև թշնամուն։ Բայց նրա և նրա նախորդի խնդիրը մեկն էր՝ ջնջել, ոչնչացնել ողջախոհության ճրագը, ինչպես իրենք են անվանում, լևոնականությունը, որպեսզի իրենց իշխանությունը հարվերժ լինի։

Մի՛ ծուլացեք, կարդացե՛ք 1998 թ․ հունվարի Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը։ Ձեր բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ կան։ Նաև կհամոզվեք, որ Արցախի և Հայաստանի համար ծանրագույն այս պայմաններում ո՛չ այն ժամանակվա հայտնի ուժերը, ո՛չ նրանց բուծած և այս ու այն կուսակցության ծոցում ծվարած դեղնակտուց ռուսա-արևմտամետները, ո՛չ 21-րդ դարում ֆիդայիզմով տառապող նեոֆյուրերիկները որևէ իրատեսական, բանական միտք արտաբերելու ունակ չեն, էլ ուր մնաց, թե իրավիճակից դուրս գալու միջոց առաջարկեն։ 

Դրա փոխարեն՝ օրվա՝ ֆինանսական հսկայական ռեսուրսներ ունեցող իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են պատմություն կեղծելով։ Իսկ սա ևս մեկ մեծ պարգև է թշնամուն։ Ասվածն ապացուցելու համար բավական կլիներ միայն մեր հեռուստաեթերն ու համացանցը ողողած վայ-քաղաքագետների հոդվածների կամ հարցազրույցների վերնագրերը մեջ բերել։ Բայց սա հաջորդիվ կանենք։ Հիմա արձանագրենք․ երբ ազգային վերնախավի մեծամասնությունը զբաղված է սեփական «մի կտոր հացով» և հանուն դրա՝ բանականության դեմ կռվելով, աղետները շարունակական են լինելու։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Մեկ վերլուծության վերնագիր, այնուամենայնիվ, ներկայացնենք։ Հավակնոտ «Լույս» հիմնադրամն է հրապարակել։ Ահա․ «Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ»։ Ուրեմն ըստ եվրոպաներում ուսում առած այս երիտասարդների՝ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը հրաշք էր, ոչ թե սթափ բանականության, խելքի և անխոնջ աշխատանքի արդյունք։ Ինչպես ասում են, մեկնաբանությունն ավելորդ է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ