...

Ռուսների հայտարարությանն ի պատասխան՝ կրակել են Հայաստանի ուղղությամբ

Ռուսների հայտարարությանն ի պատասխան՝ կրակել են Հայաստանի ուղղությամբ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարել մասնավորապես Ռուսաստանի Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի խոսքերը, որ Ուկրաինայի՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք նաև «14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք է մատակարարվել Լեռնային Ղարաբաղից», այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները, որոնք բազմիցս արվել են ամենաբարձր և բարձր մակարդակներով, հաստատել են աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ, այս դիրքորոշումն ամրագրված է երկու երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերում»,- ընդգծել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բաքուն նաև պնդում է՝ «նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։

Հիմա արդեն պարզ է, թե ինչը կարող էր երեկվա դեպքերի առիթ հանդիսանալ։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Զոհվել է պայմանագրային զինծառայող է՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Մյուս զինվորը հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է։ Խրամորթի ուղղությամբ ևս երեկ օրվա երկրորդ կեսին կրակոցներ են հնչել։ Զուգահեռաբար՝ ադրբեջանական լրատվամիջոցները թարմ տեսանյութ են տարածել՝ նշելով, որ Շուշիում հնչող ադրբեջանական երաժշտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնը, շատ պարզ լսում են նաև Ստեփանակերտում։ Ի դեպ՝ այսօր էլ տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ռուս խաղաղապահները շնորհավորում արցախցի կանանց Մարտի 8-ը։ Նրանք ծաղիկներ են նվիրում անցակետը հատող ավտոմեքենաներում եղած կանանց։ Ամենայն հավանականությամբ, սա էլ նոր սադրանքների առիթ կդառնա։ 

Հ․Գ․ Զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Նա կնոջ ու երկու փոքրիկների հետ ապրում էր Վեդիում: Անցել էր 44-օրյա պատերազմի միջով ու տուն էր վերադարձել։ Ցավակցում ենք սպանված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ