...

Ռուսները էլի ինչ-որ բան են ուզում հասկացնել

Ռուսները էլի ինչ-որ բան են ուզում հասկացնել

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին զրկել են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, ինչի առթիվ նա հայտարարել է. «Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել... 5-րդ շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Վերջինս բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տարանջատելու ծրագիրը: Միակ խնդիրը նրա ցածր վարկանիշն էր բնակչության մոտ:
Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից:

Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը»:

«ՉԻ». Եկեք չհավատանք Սամվել Բաբայանին, էլի: Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք մերժել են Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու, նրանց աջակցելու, սպասարկելու առաջարկները, բայց՝ չգիտես ինչու, հատկապես Սամվել Բաբայանի մուտքն են արգելել Ռուսաստան: Կամ Գառնիկ Իսագուլյանն էդ ո՞վ դարձավ, որ կարողանա Ռուսաստանի վրա այնպես ազդել, որ Սամվել Բաբայանի դեմ որոշումներ կայացվեն:

Իսկ բուն պատճառը, մեր կարծիքով, լրիվ ուրիշ հարթության մեջ է: Մեզ թվում է՝ Ռուսաստանը սրանով Նիկոլ Փաշինյանին է փորձում ինչ-որ բան հասկացնել: Ասում է՝ ախպեր ջան, հերիք չի՞ դու սրանց միջոցով Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացնես, պատերազմի պարտության սլաքներն ուղղես դեպի Ռուսաստան: Կարո՞ղ է գիտես՝ խոտ ենք, այդքանը չենք հասկանում:

Ռուսների այս քայլը մեկ այլ ենթատեքստ էլ ունի: Սրանով իշխանություններին զգուշացնում են, որ մի քիչ ավելի երկար մտածեն, նոր որոշեն. արժե՞ Սամվել Բաբայանին բարձր պաշտոն վստահել, օրինակ՝ ՀՀ ՊՆ նախարար, ինչպես այս օրերին այդ գաղափարը թևածում է օդում: Ռուսաստանը սրանով ակնարկում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե ՊՆ նախարար նշանակվի մեկը, որի մուտքը Ռուսաստան արգելված է: Հայ-ռուսական հարաբերություններ, ռազմական համագործակցություն, ՀԱՊԿ... այդ ամենը հարվածի տակ կդրվեն:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1854 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ