...

Միայն մուննաթով կա՞ փրկություն

Միայն մուննաթով կա՞ փրկություն

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր Երևանում՝ ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիա են կազմակերպել ու պահանջել հանդիպում ՌԴ դեսպանի հետ։ Գերիների ծնողների, հարազատների և ոստիկանների միջև քաշքշուկ, վիճաբանություն է եղել։ Ծնողները ուզեցել են դեսպանատուն մտնել։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր այս ասուլիս համարվող ասուլիսում Բաքվում պահվող հայ գերիների հարցի պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ նշելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»:

Սա ասելուց հետո գերիների հարազատները նախ բողոքի ակցիա անցկացրեցին Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսության առաջ, հիմա էլ՝ Երևանում: 

Սա՝ ուղղակի ֆիքսում ենք փաստերն ու դրանց ժամանակագրությունը, որ պարզ լինի, թե որը որից հետո է: 

Հիմա Նիկոլ Փաշինյանը թեկուզ ամեն օր կարող է իր ձախողումների, առկա խնդիրների, Հայաստանի գլխին կախված վտանգների համար տողատակերով, ակնարկներով, բացահայտ, մի խոսքով՝ տարբեր ձևերով մեղադրել Ռուսաստանին, ամեն ինչի պատասխանատու համարել, հետո Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեն, մամուլում ռուսների դեմ հոդվածներ հրապարակվեն, նրանց անգործության կամ սխալ գործողությունների...

Հարց է առաջանում. այսպիսի մոտեցումով այն խնդիրները, որ ունենք, լուծվելո՞ւ են: Բողոքի այս ակցիաները, պետության ղեկավարի մուննաթները նպաստելո՞ւ են այդ պրոբլեմների լուծմանը, Ռուսաստանը ընկրկելո՞ւ է այդ «ճնշումների» ներքո: Հայ-ռուսական հարաբերությունները ավելի են խորանալո՞ւ, թե՞ այդ հարաբերություններում խնդիրներ են առաջանալու: 

Ընդհանրապես, պետությունների, առավել ևս՝ դաշնակից համարվող Ռուսաստանի հետ հարաբերվելուց պետք է ոչ թե «շուստրիություններով» առաջնորդվել, կամ՝ հեղափոխական լոզունգներով, այլ ամենօրյա գրագետ, հաշվարկված, խելամիտ, ողջամիտ քայլերով: Այո, մանավանդ հիմա ռուսների հետ հարաբերվելը բավական բարդ է, հազար ու մի խնդիր կա, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ է, բայց ուրիշ ճանապարհ չկա, պիտի մշտական կապի մեջ լինել ռուս գործընկերների հետ, բանակցել, ներկայացնել մեր դիրքորոշումները, աշխատանքային և գործընկերային միջավայր ստեղծել, ստվերային, ոչ հրապարակային հանդիպումներ ունենալ, որտեղ կարելի է բարձրաձայնել մեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ հայ ռազմագերիների, ոչ թե հրապարակավ ասուլիսում մուննաթ գալ: Էդ մուննաթը հաստատ ժողովրդի մի 70 տոկոսի սրտով է, գուցե ավելի, բայց կարելի է, չէ՞, մի քիչ էլ հաշվի առնել, թե դա ինչպես կընկալվի Կրեմլում: 

Ի դեպ, նույն ձևով էլ 2020թ. պատերազմի ժամանակ Փաշինյանը մուննաթ էր գալիս Արևմուտքի վրա, ասում էր՝ Արցախը Եվրոպայի Վիեննան է, եվրոպական քաղաքակրթության դեմ է այս հարձակումը, պետք է սա հասկանան, ինչ որ սենց բաներ էր ասում: Որևէ օգուտ տվե՞ց դա.. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ