...

Սառը ցնցուղն օգտակար է

Սառը ցնցուղն օգտակար է

Բանականության ձայնը. շարունակություն

Չեմ թաքցնի եսասիրական նկրտումներս և կասեմ հետևյալը. որպես շարքային ընտրող՝ ուզում եմ՝ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին: Ինչո՞ւ: Որովհետև ես ընտրելու հնարավորություն կունենամ: Այլ պարագայում դժվար թե հասնեմ ընտրատեղամաս: Բայց...

Բայց նաև չեմ ուզում ինքս ինձ և ձեզ, սիրելի՛ ընթերցողներ, խաբել: Ուստի կփորձեմ ներկայացնել այն, ինչ տեսնում եմ նախընտրական այս շրջանում: 

Նախ հիշեցնեմ, որ ՀՀ առաջին նախագահը դարձյալ բոլորիս զգուշացրեց, որ վերոնշյալ միջոցառման օրինակարգությունը, մեղմ ասած, կասկածելի է: Իշխանականները և նրանց սպասարկողները շտապեցին հերքել անհերքելին, իսկ մնացածները, իրենց հայտնի կենդանու տեղ դրած, շարունակեցին ընկղմվել նախընտրական քարոզչության հորձանուտը: 

Բոլորը զբաղված են տպավորություն ստեղծելով: Առաջամարտիկն իշխանությունն է, որ բոլոր, այո՛, բոլոր լրատվամիջոցներով փորձում է համոզել ընտրողներին, թե Նիկոլ Փաշինյանն է հաղթելու: Պնդում եմ՝ ընդամենը տպավորություն են ստեղծում: Իրականությունը բոլորովին այլ է:

Ռոբերտ Քոչարյանը նույնպես փորձում է համոզել, որ ուժեղ է և կարող է «կրել»: 

Սերժ Սարգսյանն ավելի համեստ է: Գուցե չի կորցրել իրականության զգացումը:

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: 

1. Հասարակության մեծ մասը պատերազմական աղետի շոկից դուրս չի եկել: Եվ բնավ պատահական չէ, որ մեծամասնությունը լուռ է:

2. Շատ-շատերը չեն ըմբռնել և մոտակա հարյուրամյակում չեն ըմբռնելու պատերազմի և պարտության պատճառը:

3. Երիտասարդության մի ստվար հատված երազում է երկիրը լքելու մասին, և ընտրությունները նրա համար բնավ հետաքրքիր չեն:

4. Հասարակության այն մասը, որն անտարբեր չէ քաղաքական գործընթացների նկատմամբ, սպասարկում է այս կամ այն ակտիվ ուժի շահերը: Պետությունը, պետական շահը երկրորդական, երրորդական է նրա համար:

Իսկ հիմա բացատրեմ, թե ինչու եմ կարծում, որ Ն. Փաշինյանը և նրա քայլականները չունեն հասարակական բավարար աջակցություն և զբաղված են խաբեությամբ ճիշտ այնպես, ինչպես անում էին պատերազմի 44 օրերին: Կբերեմ միայն մեկ կարևոր փաստարկ: Եթե Ն. Փաշինյանը համոզված լիներ, որ բարձր վարկանիշ ունի, հրաժարականից հետո չէր մնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, կվստահեր գոնե իր կուսակիցներից մեկին: Ուստի հանգիստ կարելի է պնդել, որ վարկանիշը ցածր է, և աթոռը նրան պետք է ընտրություններն իր ուզած ձևով կազմակերպելու համար: Նրան պետք են ուժային կառույցները: Սա է իրականությունը: 

Վերջում հարցնեմ. ինչո՞ւ պետք է իմ նախընտրած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, մասնակցի ոչ այնքան օրինակարգ ընտրություններին: Արդյո՞ք միայն բանականության ձայնը լսելի դարձնելու համար կամ այն նպատակով, որ ես, ինձպեսները ընտրելու հնարավորություն ունենանք և վերջում ստանանք 1,5 տոկոս...

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1126 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ