...

Սերժի Արցախն ու Նիկոլի Հայաստանը

Սերժի Արցախն ու Նիկոլի Հայաստանը

Ամենաուշը ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին վերջին ժամկետային ՀՀ քաղաքացի զինծառայողը կլքի Արցախը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հարց ուղղելով բանակում ծառայող զինվորների ծնողներին․ «Սյունիքում, Գեղարքունիքում ծառայող զինվորների ծնողներին հարցրեք՝ որտե՞ղ էր ավելի անվտանգ ծառայելը՝ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կողմից պաշտպանվող Ղարաբաղո՞ւմ, թե՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Գեղարքունիքում, Վարդենիսում կամ Սյունիքի մարզի ցանկացած հատվածում»։

Ծնողների վրա մուննաթ գալ չարժե։ Հնարավոր է լինեն ծնողներ, որոնք կուրախանան, որ իրենց որդիներն այսօր բանակում ելակ են ուտում։ Նրանց բավարարում է այդքանը։ Լավ է, թե վատ՝ հարցն այս պահին դա չէ։ Անշուշտ, կլինեն հակառակի կողմնակիցներ, որոնք ուղղակի երանի կտան Սերժ Սարգսյանի ժամանակներին, երբ կարողանում էին ծանոթ մեջ գցել ու գնալ «չաստի» կենտրոնում երեխայի համար փարթիներ կազմակերպել կամ էլ օրերով «օտպուսկ դասավորել» իրենց զինվորի համար։ Բայց սրանք «կենցաղային» դատողություններ են, և ծնողներից այլ որակի դատողություններ ակնկալելն այնքան էլ ճիշտ չէ։ Ի դեպ՝ այսօր էլ հասարակության մեջ պատերազմի վտանգավոր օջախ շարունակում է ընկալվել Արցախը, իսկ Գեղարքունիքը, Վարդենիսն ու Սյունիքը՝ ոչ։ Տարօրինակ է, բայց փաստ, որն արձանագրվում է բոլոր բաց և փակ հարցումների ժամանակ։ Այ, երբ Մամիջանյանը ինքն իրեն այս հարցը տա ու սկսի պատասխաններ փնտրել, ծնողներին հարց տալու առաջարկը օրակարգից դուրս կգա։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1498 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ