...

Սիսեռավարակ 33

Սիսեռավարակ 33

Ես Նիկոլին չեմ կարեկցում: Այդ իմաստով ես կին չեմ ու տղամարդ չեմ: Ես քաղաքացի եմ, որի աչքի առաջ մարդը համառ, և թող ինձ ներվի` բթամիտ հետևողականությամբ կորցրեց և կորցնում է հեղափոխությամբ իրեն պարգևված հաղթաթղթերը: Հատ-հատ: Իր ձեռքով, իր մտքով, իր կարծիքով` իր տրամաբանված, մտածված, խորիմաստ քայլերով: Կարող ենք ասել` ոտքով բերածը ձեռքով կորցնում է:

Իրադարձությունները շարունակում են գերխիտ շքերթով ընթանալ: Տարածաշրջանային ու տարաշխարհիկ խմորումներ ու մարտահրավերներ են հայտնվում Հայաստանիս հորիզոններում ու երկնակամարներում, որոնց մեծ, երակ, հսկա մասին մենք որևէ արձագանք չենք տալիս: Ու լավ է, որ չենք տալիս, որովհետև երբ տալիս ենք, ու եթե դա արձագանք չէ Ադրբեջանի հերթական ստահակությանը, մեր այդ արձագանքը… աննկարագրելի արձագանք է տալիս Հայաստանում էլ, այլուր էլ: Լավ է, ուրեմն, որ չենք տալիս:

Փոխարենը ներհայաստանյան երկնակամարում… Էլ ոստիկանությունն է դիմում պետությանը` Լիդիանի պահնորդներին արտոնազրկել է պահանջում: Էլ պետությունն է դիմում հասարակությանը, թե բա 33 թաղամաս, Ֆիրդուս` արեք ինչ ուզում եք, տալիս ենք ձեզ ու տակից քյանդրբազություններ անում ու վիզ դրած պնդում, որ պիտի ՇԻՆԻ մայրաքաղաքս Ֆիրդուսից մինչ Ֆիզիկայի քաղաքիկ` Ֆ-ից Ֆ: Էլ պետությունը գնում է ԵՊՀ ու վերահսկում արդարագույն հոգաբարձուական խորհրդի գերարդար ընտրությունների նիստը, որին թույլ չեն տալիս մասնակցել և լուսաբանել լրագրողներին, որովհետև …պարետատունն ասել է, թե ՔԱՌԱՍՈՒՆ է սակրալ թիվը նիստից ներս գտնվելիքների, ու ՄԵԿ ԼՐԱԳՐՈՂՆ անգամ կխախտի փխրուն հաշվեկշիռը կովիդ բալանսի: Բա: Ու հեղինակավոր ու միարժեք է կարծիքն այդ ու գիտե՞ք ինչու… Ուրեմն մեր սրտի պարետ, փոխվարչապետ Ավինյանը մեր սրտի` պարետի` փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար ունի` մեր սրտի Սիսեռյան Վարագ: Ահա այս Վարագ Սիսեռյանն էլ որպես ԵՊՀ հոգաբարձու խորհրդի անդամ, կամ էդպես մի բան, փաստորեն, նախօրեին գտնվել է ԵՊՀ դահլիճում և եղել է քառասուն սակրալ խորհրդանդամներից թերևս ամենասակրալը և անձամբ է, փաստորեն, վերահսկել որ թեկուզ մեկ լրագրող չպղծի ու չեղծի քառասուն թվի հակակովիդյան զորությունը իր վիրուսոտ գոյությամբ: Եվ հաջողել է: Եվ ահա թե ինչ. որտեղ որ պետք է գոնե չտապալվել, իսկ ավելի լավ է` հաջողել մեր սրտի փոխվարչապետը ուղարկում է Սիսեռյան Վարագին: Այո, կարծես թե հենց այդպես. Արայիկը դիմում է Տիգրանին, Տիգրանն ասում է Վարագին, վարագը գնում է պատերազմ և հաղթում է, կամ հրադարար է կնքում, կամ… Էս վերջերս, կհիշեք, քաղաքապետարանում 33 թաղամաս, Ֆիրդուսի բազար էր: Բոլորը կարծում էին բանավիճելու են Կարգին Հայկոյի ու Երևանի ավագանու հետ, դե… «Մընաք բարով իմ ընկերներ»` մեր սրտի ճարտարապետ Մեշչյանին չհաշված, բանավիճեցին սակայն… այո, այո, այո… Սիսեռյան Վարագի հետ: Պարետի` փոխվարչապետի աշխատակազմի մեր սրտի ղեկավար Սիսեռյանի հետ: 

Հիմա տեսեք, եթե ես ճիշտ եմ հասկանում պարետ- մեր սրտի ֆեյսբուքյան էջից, պարետը, Արսեն Թորոսյանի արձակուրդից հետո արդեն լիովին է ստանձնելու կովիդ-վիրուս-համավարակ-խորովածանոցներ-դպրոցներ-գիշերակումբներ-հրավառություն… կլաստերը: Այսպես ասած` հաղթել է: Այսպես ասած` ստանձնելու է: Իսկ պարետն ինչ-որ ստանձնում է, այդտեղ անմիջապես հայտնվում է Սիսեռյանը: Վարագը: Մեր սրտի: Եկեք սպասենք` տեսնենք: Պիտի որ այդպես լինի: Կանխատեսում եմ: Գուցե ստվերում` ստվերային: Բայց դե այնպես է, որ ականջները` երկու-չորս-վեց-ութ ականջ այդ երկուսի ու մի երկուսի էլ` կերևան: Հաստատ: Իրենք չեն կարողանում թաքցնել: Իսկ գուցե չեն էլ ուզում:

Ուրեմն նայենք ու տեսնենք ոլորտները որտեղ Սիսեռյանն է. ԿԳՄՍ, առողջապահություն, քաղաքաշինություն և մայրաքաղաք, հանքահենություն… նայենք, տեսնենք ու սպասենք նրա և Ավինյանի հաջորդ ոլորտային փայլատակումներին: Դրանք կարող են լինել, իսկ կարող են և չլինել, քանի որ Սիսեռյանը հայտնվում է այնտեղ, որտեղ դիմադրություն կա և կան ուժեղ մարդիկ, որ գործից հասկանում են, սիրում են այն նյութը, որի հետ գործ ունեն, նվիրյալ են: Սիսեռյանին ուղարկում են հարցեր լուծելու:

Եվ… սա զավեշտ է և տապալում: Որովհետև Նիկոլը վիճակագրություններ է հրապարակում աննախադեպ հաջողությունների մասին, իսկ Ավինյանը արձակուրդ գնացած Արսեն Թորոսյանից հաշվետվություն է պահանջում: Ատչօտ:

Արսեն Թորոսյանն իմ աչքի գրողն էլ լինի, մինչև ականջների բլթակներն էլ թաղված լինի կոռուպցիոն վատթարագույն սկանդալների մեջ… նա այն մարդն է, որ կարողացավ երկիրը ՉԿԱՆԳՆԵՑՆԵԼ 50+ տարիքի մարդկանց ԹԱՕ սարքեր չհատկացնելու ընտրության առջև: Իսկ Ավինյանն այն մարդն է, որից ես այսօր ու երեկ ատչօտ եմ ուզում` քեզ ով և ինչ նպատակով սողոսկեցրեց հեղափոխության կառավարության ամենավերը, այ… ու ատչօտ եմ ուզելու վաղը, երբ ինքն այնպես տապալի առողջապահությունը, որ 50+ տարիքի մարդկանց ԹԱՕ սարքեր չհատկացնելու ընտրության առջև կանգնենք, ինչպես օրինակ… Հոլանդիայում էր համավարակի ժամանակ: 

Այնպես որ… սիսեռավարա… սիսեռահատիկի մասին ճշմարտությունը, ճիշտ ինչպես մանանեխի հատիկի մասին բիբլիական ճշմարտությունը, թե դրական, թե բացասական զարգացումների մեծ շանս ունի: Ամեն ինչ կախված է միջավայրից: Եվ գլխից: Ձկան գլխից, որն առաջինն է հոտում և ոչ մի մանանեխահատիկ չի օգնի եթե սիսեռավարակը արմատախիլ արված չլինի: Իսկ քանի որ չի արվել արմատախիլ` ամբողջը, ցավոք, պիտի թափվի:
Նիկոլը, մինչ այդ, չգիտեմ, գլխի ընկավ, ուշքի եկավ, փայլատակեց, գնա՞ց արդյոք հետաքրքրվելու հարազատ Իջևանից հինգ րոպեի տարածության վրա գտնվող ԽԱՇԹԱՌԱԿԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ զոհ երեխաների բախտով, կամ Ադրբեջանում հայտնված հայ սպայի բախտով, կամ արդեն վաղուց այնտեղ գերի պահվող հայ զինվորների բախտով… թե՞ աննախադեպ վիճակագրության նոր էջերն էր սերտում… Պարզապես հուշեմ` պարզ ողջամտության և մեդիագրագիտության տեսակետից դրանք խիստ կարևոր քայլեր կլինեին:

…Մարդը համառ, և թող ինձ ներվի` բթամիտ հետևողականությամբ կորցրեց և կորցնում է հեղափոխությամբ իրեն պարգևված հաղթաթղթերը: Հատ-հատ:

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ