...

Ճիշտը, ասում են, մի հատ ա

Ճիշտը, ասում են, մի հատ ա

Նոր Հայաստան.
Ինչ էր ուզում ասել Սերժը, ասելով` Նիկոլը ճիշտ էր, ես` սխալ: Ինչ էր ուզում ասել Նիկոլը մինչ այդ, ասելով` «Երկրում իրավիճակ է փոխվել, Ձեզ սխալ են զեկուցում, Դուք պատկերացում չունեք…» և այլն: Այսինքն՝ ինչ էր ասում Նիկոլը, երբ «ինքը ճիշտ էր, իսկ Սերժը`… »:  

Ես արդեն հաշիվս կորցնում եմ` հուշեք` սա` էս մի պատուհասը, որերորդ դեպքն է Նիկոլի կադրային «հանճարեղ» ընտրության: Հուշեք` որերորդ սայթաքումն է վարքային, օրենսդրական, մտքի, բարոյականության: Հուշեք` էլի քանի տասնյակ սայթաքում պիտի առերևույթ կայանա մինչև «հանճարեղ» ընտրության, քայլի, որոշման, նախաձեռնության հեղինակ(ներ)ը բացահայտվեն կամ «սթափվեն»:

Հետաքրքիր բան է տեղի ունենում` ՀՀԿ և ՀՅԴ մամուլը, մեդիան վերջին ԲՏ(բանսարկու տականք- վատ բան չմտածեք)-ի նման Ֆիրդուսի պաշտպաններին հայրենադավ սորոսական է հորջորջում, ինչպես որ հայրենադավ սորոսական է հորջորջում Նիկոլի կառավարությանը, այսինքն` Վարագ Սիսեռյանին, Ավինյանին, Մեսչյանին, քաղաքապետ Հայկին, ու վերջապես Նիկոլին, այսինքն՝ նրանց, ովքեր այսօր ոչնչացնել են փորձում Հին Երևանը` Ֆիրդուսը, Կոնդը, Դալման: Դրանք, իրենց հերթին, Հին Երևանը ոչնչացնում են հանուն կապիտալ ներդրումների և անշարժ գույքի ու բնակֆոնդի կառուցման: Ըստ որում՝ կապիտալ ներդրող են նրանք, ում պատկանում է, ում փրփրաբերան պաշտպանում է ՀՀԿ մեդիան ու ՀՅԴ մամուլը: Փաստացի ստացվում է, որ հայրենադավ սորոսականները փորձում են խանգարել հայրենադավ սորոսականներին բարենպաստ մթնոլորտ ձևավորել և կապիտալ ներդրումներ ներգրավել Հայաստանիս նախկին ու ներկա օլիգարխներից` ի նպաստ հայրենյաց: Եվ ահա կապիտալ ներդնողները իրենց մամուլով և դյուրահաս ու փողից ոտքերը թուլացող այլ մամուլով սկսում են սորոսականներին սորոսականներից պաշտպանել:  

Հետո իրենց` այդ ՀՀԿ-ՀՅԴ մեդիայի ատելի ՀՀ «սորոսական» կառավարությունը ՍԴ թեկնածու է առաջադրում… ՀՀԿ-ՀՅԴ հեռացած ռեժիմի ձագերից մեկին: Ավելի ճիշտ` դարձյալ մեկին, եթե հաշվի առնենք, թե «սորոսական» Նիկոլն արդեն որերորդ հեռացած ռեժիմի ձագին է նշանակում կառավարական ՔԱՂԱՔԱԿԱՆ պաշտոնի:  Եվ ՍԴ թեկնածուն անմիջապես, հանուն պապայի, սկսում է բարոյականությունից խոսել ու քարոզել այդ ապրանքը` բարոյականությունը: Ասեմ, ուրեմն, որ հեռացած ռեժիմի ՔԱՂԱՔԱԿԱՆ այս ձագը այդ իրավունքը «լիիրավ» ունի. 

*  2008-2009 թթ. այդ պարոնը զուգահեռաբար ավագ դատախազ է եղել պետական շահերի պաշտպանության վարչությունում և խորհրդատու Ռուբեն Հայրապետյանի բանկում: Այս համատեղումը, շահերի այս բախումը անշուշտ բարոյական ընտրության և բարոյականության արգասիք է եղել:

*  2008-2009 և հաջորդ տարիները Հայաստանի համար, նրա իրավական դաշտի համար եղել են բացառիկ խայտառակ տարիներ և ՍԴ մերօրյա նիկոլական այս թեկնածուն, որի հայրը Նիկոլին, չեմ հիշում հինգ, վեց թե յոթ տարվա ազատազրկման է դատապարտել, այդ խայտառակ տարիներին հրաշալի մասնագիտական ընտրությամբ իր արժանի տեղն է բռնել ռեժիմի համակարգում: Մասնավորապես, ինքը, իմ հստակ տպավորությամբ.

* ոչինչ չի արել 2008-ին ու դրանից հետո, որպեսզի ՄԵԶ հասկանալի դառնա իր դիրքորոշումը քաղբանտարկյալների սահմանադրական կարգի տապալման, և այլ հարցերի վերաբերյալ,

* պետական շահերի պաշտպանության վարչությունում, չի ունեցել և չի արտահայտել ՄԵԶ հասկանալի և առհասարակ` լսելի դիրքորոշում պետական գերակա շահի և Հայաստանում դրա կիրառման մասին,

* կոմերցիոն կազմակերպություններին` վիվարոներին և գրազային այլ տոտալիզատորներին ծառայություններ է մատուցել, այդպիսով իր «ներդրումը» բերելով հանրային շահին ու հասարակությանը հուզող հարցերին,

* կոմերցիոն իրավունքի մասնագետ լինելով, շատ սիրով է վերաբերվել ՀՀ ընդերքի հարստահարման, հին Երևանի ոչնչացման, և բոլոր այն հարցերին, որտեղ կա կոմերցիոն իրավունքով երկիրը քանդուքարափ անելու փայլուն շանս։ 

Ավելին ասեմ` ՍԴ այս թեկնածուն իր` ՍԴ թեկնածու լինելու հարցում բացառաբար անմեղսունակ է, որովհետև իմ բարձրացրած հիմնադրույթները միայն ու բացառապես Նիկոլի պատասխանները կամ խորիմաստ հայացքով լռությունն են ենթադրում:

Եվ ես բացառաբար գրեթե ամբողջովին վստահ եմ, որ ԱԺ ամբիոնից ՍԴ այս անմեղսունակ թեկնածուին այս կարգի հարցեր ու բարոյական թեզեր ուղղելը պատահականություն է լինելու, բացթողում, այլ ոչ օրինաչափություն։
Իսկ եթե այս ԱԺ-ում մեկը սխալվի ու ասենք` Լիլիթ Մակունցին հարց տա այս թեկնածուի մասին, Մակունցը գրեթե նույնական պատասխան է տալու, ինչ Սևանի ափին տժտժ քեֆ արած փարթիմեն իր կուսընկերոջ մասին խոսելիս` «հարցրել եմ` ինքն ասել է էդպես բան չկա»:

Փաստորեն, ես, դուք, նրանք, հանձինս «սորոսական» սերժանտների ու հհկական-հյդականների և հանձին «սորոսական» իմքայլականների, հայտնվել ենք այս երկուսի զնդանի և մուրճի արանքում և նոր Հայաստան կառուցելու փոխարեն` թամաշայի ենք մասնակցում, թե ինչպես են նորերը հներին տեղավորում իրենց շուրջ ու միջև, հայհոյվում ու հայհոյում, ձեռքի հետ էլ մեզ շուլալում ու շուլալվում: Սա ակներև անտաղանդ ու գավառական հիմար ներկայացում է, որին վերջ է պետք տալ գերհասած լոլիկներ, հում ձվեր և բորշչ շպրտելով համը հանող դերասանների անպատկառ երեսին: Ինչն էլ անում եմ: 

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ, այո, անհամատեղելի է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:

Հակոբ Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ