...

Սրա՞նք են մտավորականները

Սրա՞նք են մտավորականները

Երեկ մի 80 հոգի կոչով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը, որ նրանք պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։

Այս նամակ-կոչին արձագանքել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, իր իսկ խոսքերով, «մեծարգո մտավորականներին» հորդորել է ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերից մի հատված: 

Զարմանալի մարդ է Առաջին նախագահը. այդ կոչը ստորագրածների մեջ որտե՞ղ է մտավորական տեսել: Հետո՞ ինչ, որ իրենք իրենց մտավորական են համարել: 

Այդ կոչը ստորագրածների ցանկը տեսե՞լ եք: Դրանց հալալ կեսը մեզոզոյան ժամանակաշրջանի դեմքեր են, որոնց միտքը այդ նույն մեզոզոյան դարաշրջանից այս կողմ մի միլիմետր անգամ առաջընթաց չի գրանցել: Որոնց ճարտասանությունը վիրտուալ դաշտում իրեն հավասարը չունի աշխարհում: Որոնք հնարավորի արվեստը համարում են ոչ թե քաղաքականությունը, այլ պատմությունը: 

Մտավորական... հա, Էդիկ Մինասյանն է մտավորականը: Մի հատ բացեք, նրա հեղինակած ու խմբագրած՝ պատմության բիզնես-դասագրքերը կարդացեք: Կեղծիքների շարան, փաստերի խեղաթյուրում, պարտվողների գովք, հաղթողների փնովում: Սրա ի՞նչն է մտավորական: 

Ընդ որում, ի՞նչն է հետաքրքիր. իրենց համար պրոբլեմ է եղել 80 հոգու ստորագրություն հավաքելը: Ում պատահի, խնդրել են, որ այդ կոչի տակ ստորագրի: Ստորագրածների մեջ ռազմական գործիչ ներկայացած ինչ-որ անհայտ դեմքեր կան, շինարարներ, երկրաբաններ, և նույնիսկ՝ Վովա Գալստյանը: Ով է այս «մտավորականը», ընդհանրապես պարզ չէ, քանի որ նշված չէ, թե ինչով է զբաղվում: Մի հատ անուն-ազգանուն:

Այլ բան է, որ այս մարդիկ գրավել են կամ իրենցով են արել «մտավորական» կոչվող եզրույթը: Որ հարցնում են՝ ովքե՞ր են ձեր մտավորականները, սրանք միանգամից տեղից վեր են թռնում՝ մենք ենք, մենք: Միայն մենք: Այդ դեպքում բան չունենք ասելու. մեր ունեցածն էլ սա է: 1997 թվին այս «մտավորական» կոչվածներն էին, էլի, որ Կինոյի տանը կինո բեմադրեցին. «Ոչ մի թիզ» ֆիլմ-կատաստրոֆան, որը Հայաստանն ու Արցախը աղետի հասցրած անկյունաքարային էջերից մեկն էր: Ամոթի զգացում ունենային, այսօր արդեն պետք է վերացած լինեին: Բայց չէ. դեռ նոր աղետների համար շանսեր են տեսնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ