...

Ստրուկների հայրենիքը

Ստրուկների հայրենիքը

ԿԱՏԱՐԵԼԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ

Մայիսի 18-21-ին (2001 թվականին, խմբ.) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան: Երթուղին փայլուն էր մշակված. նախ Բաքու, այնտեղից՝ Ստեփանակերտ: Դրա համար նրանք ստիպված էին ականազերծել ռազմաճակատի գծի մի հատված, հետո նորից ականապատել: Ինչու՞ էին նման «նեղություն քաշում» համանախագահները: Շատ պարզ պատճառով. որպեսզի ցույց տան, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Ստեփանակերտում նրանք բացահայտորեն հռհռացին «խոշոր և ինքնուրույն գործոն» Լեռնային Ղարաբաղի երեսին՝ հայտարարելով, թե Ղարաբաղը երբևէ կմասնակցի բանակցային գործընթացին, բայց թե կոնկրետ երբ՝ հայտնի չէ: Հռհռոցին ձայնակցեցին նաև Ադրբեջանում՝ հայտարարելով, թե բանակցություններին կմասնակցեն Ղարաբաղի և հայկական, և ադրբեջանական համայնքները:

Մեր արտգործնախարարն էլ գլխիկոր, ինքն իր ասածներից ամաչելով, ազդարարեց, թե հաղթանակն այլևս գործոն չէ: Հարցնող լինի՝ այ ձախորդներ, ձեզ ո՞վ էր խնդրում բանակցությունները ձգձգել մինչև այն պահը, երբ հաղթանակն այլևս գործոն չի լինի: Համաձայնագիրը ստորագրեիք այն ժամանակ, երբ հաղթանակը լուրջ գործոն էր: Թե՞ խոստացել էիք Մեղրին տալ, բայց 98-ին Հայաստանը դեռ բավականին ուժեղ էր, և նման զիջումն անհեթեթ կլիներ: Պետք էր նախ թուլացնել երկիրն այնքան, որ ժողովուրդը մտածեր՝ «եթե մենակ Ղարաբաղով ու Մեղրիով պրծնենք՝ լավ ա»:

Բայց նույնիսկ սա չէ էականը: Նոր առաջարկների և Մեղրիի շուրջ աղմուկը բացահայտեց մի դաժան իրողություն՝ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը համարձակվի առանց Ռոբերտ Քոչարյանի «դաբրո»-ի հանդես գալ Մեղրին ծախելու դեմ: Ավելին՝ ժողովուրդն անտարբեր է այդ հարցի նկատմամբ: Մեղրին տալու դեմ կազմակերպված հանրահավաքին մասնակցում էր 20 անգամ ավելի քիչ մարդ, քան Ռուսաստան-Բելառուսին միանալու պահանջով կազմակերպված միտինգին: Սա է իրողությունը: Որովհետև այս երկրորդ միտինգի արդյունքում կարող էր ոչ թե փրկվել «ինչ-որ» Մեղրի, այլ դոկտորական երշիկը կարող էր էժանանալ ամբողջ 20 տոկոսով:

Այս հարցում որևէ պատճառաբանություն ընդունելի չէ: Ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նույնպես արդարացում չէ: Արդարացում չէ՝ այն պարզ պատճառով, որ ժողովրդի հիմնական մասը չի հասկանում իր ծանր վիճակի իրական պատճառը: Պատերի տակ կուչ եկած՝ հայհոյում է ներկա իշխանությունների անգրագիտությունը և.. մեղադրում նախկիններին, թե իբր նրանք են ասպարեզ բերել սրանց: Ոչ, նրանք չեն բերել, ժողովուրդն ինքն է իր ձեռքով բերել: Բերել է այն օրը, երբ Ազատության հրապարակում վայնասուն էր բարձրացնում, թե Լևոնը ծախում է Ղարաբաղը: Կարող էր, չէ՞, այդ ամբոխից մեկնումեկի ուղեղում հանկարծ մի կայծ բռնկվել, որ ինքն իրեն հարցներ՝ բայց չէ՞ որ այդ «դավաճանը» 600 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հաղթանակ տարած բանակի գերագույն հրամանատարն է... Չի բռնկվել:

Ժողովուրդն ինքն է սրանց բերել իշխանության՝ այն օրը, երբ Ազգային ժողովի դարպասներն ու պատգամավորների գլուխներն էր ջարդում՝ հետն էլ գոռգոռալով, որ «Վազգեն-նախագահը» նկատի. գուցե հետո մի պաշտոն տա: Վայնասուն էին բարձրացրել՝ «Լևոնը 45 տոկոս է հավաքել»: Իսկ քանի՞ տոկոս էր հավաքել Ռոբերտ Քոչարյանն 98-ին: Ինչու՞ սսկվեցին:

Վաղուց հայտնի ճշմարտություն է՝ քանի դեռ գոյություն ունի ստրուկ ամբոխը, բռնապետ միշտ կգտնվի: Իսկ ստրուկը պետություն ու հայրենիք չի ունենում. ստրուկն ունենում է ստամոքս և տիրոջը ծառայելու բնազդ: Եվ որևէ ստրուկ տիրոջից բողոքելու իրավունք չունի, քանի դեռ ինքը ստրուկ է:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 204, մայիսի 23, 2001 թ.
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ