...

Թանկացում է նկատվում

Թանկացում է նկատվում

Ամանորի նախաշեմին շուկայում ապրանքների թանկացում է նկատվում: «ՉԻ»-ի հետ զրույցում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում արդեն ավանդական է դարձել, որ ինչքան մոտենում է Ամանորը, գներն այնքան բարձրանում են:

Չիլինգարյանը, համեմատելով ապրանքերի արժեքները, նշում է՝ եթե մեկ ամիս առաջ մեկ կիլոգրամ ընկույզն արժեր 4000-5000 դրամ, այս օրերին արդեն գինը տատանվում է 6000-6500 դրամի սահմաններում: Գնային նույն պատկերն ունեն ընդեղենի մյուս տեսակները: Պնդուկի գինը 4000 դրամից է սկսվում: Հնդկական ընկույզը 6000-7000 դրամի սահմաններում է, նուշը վաճառվում է կիլոգրամը 6000 դրամից:

Սպառողների խորհրդատուն ասում է, որ ընդեղենի գները ամսվա վերջին կբարձրանան, բայց չի կարծում, թե ամանորյա գնաճն աստղաբաշխական կլինի, ինչպես 4-5 տարի առաջ էր: Գնային տատանումները շատ չեն լինի:

Մրգերի և բանջարեղենի շուկայում էլ գնաճ կլինի: Ի դեպ, նախորդ ամսվանից արդեն գնային փոփոխություններ են նկատվում: Պաշտոնական տվյալներով՝ միրգն ու բանջարեղենն արդեն թանկացել են: Կարեն Չիլինգարյանն այս շուկայում տեղի ունեցող գնային տատանումները սեզոնայնությամբ է բացատրում:

«Այս սեզոնին բանջարեղեն չկա, ջերմոցային տնտեսությունում աճեցվողներն են, որը գազով են ջեռուցում և թանկ արժե: Մյուս կողմից էլ, մեր վաճառողներն են օգտվում առիթից և մի քիչ էլ իրենք են գինն ավելացնում: Կանաչեղենը որոշակի կթանկանա»,- շեշտեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ նախորդ տարիների համեմատ, բարձր չեն մսամթերքի գները: 

«Նախորդ տարի 3500 դրամից պակաս խոզի միս չկար: Այս տարի գինը 2600-2700 դրամի սահմաններում է: Շատ հնարավոր է, որ Ամանորին գինը մի քանի դրամ բարձրանա: Այս պահին թանկացումներ չկան, գրեթե նույն գներն են, ինչ մեկ ամիս առաջ»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերները մինչդեռ բողոքում են, որ խոզի վաճառքը «ողբերգական» է:

«Գյուղացին թանկ կերն առնում է, հալալ, մաքուր կերերով խոզ է պահում, երբ գալիս է իրացնելու պահը, ոտով-ձեռով կրակն է ընկնում: Դրսից եթե սառեցրած միս չներմուծվի, տեղական մսի գինն արդեն կբարձրանա»,- սրտնեղում են ֆերմերները:

Կարեն Չիլինգարյանն անընդունելի է համարում վարկով Ամանորը նշելու միտքը: «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը հորդորում է ավելի զուսպ լինել տոնական սեղան դնելու հարցում:

«Ես չէի ասի, որ դա լրիվ վերացնենք, բայց մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ինչ են գերադասում: Սպառողը ինքը պետք է գիտակցի և ավելի զգուշավոր մոտենա այդ հարցին: Եթե վարչապետի խորհրդով սպառողները շարժվեն, կարող են մոտ 20 000 դրամ ծախսել Նոր տարին դիմավորելու համար»,- ասաց նա:

Փորձագետի հաշվարկով՝ ոչ ճոխ սեղան դնելու համար սպառողի գրպանից մոտ 80 -100 000 դրամ կծախսվի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ