...

Թե իմանամ ինչ եք ուզում որ ասեմ՝ կասեմ...

Թե իմանամ ինչ եք ուզում որ ասեմ՝ կասեմ...

Չորս, հինգ, վեց - նապաստակը դուրս վազեց

Եվ այսպես, ղարաբաղյան բանակցությունները հերթական անգամ «ջրվեցին»: Բանակցային գործընթացը սառեցված է: Եվ քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ չի հասկանում, թե ի վերջո ի՞նչ են ուզում Հայաստանի իշխանությունները: Քանի կար՝ համաձայն էին ամեն ինչի (զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, Մեղրիով միջանցք տալ): Հիմա պարզվում է՝ Ղարաբաղը պիտի լինի անկախ պետություն, և դրանից պակասին համաձայն չենք:

Ի՞նչ տեղի ունեցավ անցած երկու ամիսների ընթացքում, և ի՞նչ է սպասվում մեզ բանակցային գործընթացում: Հնարավոր են մի քանի տարբերակներ:

1. Հայաստանի իշխանությունները նախ արտաքին աշխարհի առաջ «լավամարդ» դառնալու համար ընդունել են ներկայացված առաջարկները, ապա, վկայակոչելով Հայաստանում իշխող աննպաստ հասարակական կարծիքը, մերժել: Եվ սա արել են ինքնուրույն՝ առանց Ռուսաստանի: Այս դեպքում ակնհայտ է, որ շատ արագ ողջ աշխարհը կհամախմբվի Հայաստանի դեմ, և չի գտնվի որևէ պետություն, որը դեմ կգնա ընդունված միջազգային նորմերին և կպաշտպանի Հայաստանին: Իսկ պատերազմի վերսկսումը միջազգային սանկցիաների կիրառման պայմաններում՝ նշանակում է անխուսափելի պարտություն:

2. Հայաստանի իշխանություններն իսկապես էլ համաձայն են եղել ներկայացված բոլոր տարբերակներին (Մեղրի և այլն)՝ միայն թե մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ կատարվեն: Բայց հանկարծ հայտնվել է Ռուսաստանը և ՀՀ իշխանություններին արգելել ընդունել նման փաստաթուղթ՝ երկու նկատառումներով: Նախ, Մեղրին նաև Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և այնտեղ ռուսական սահմանապահներն են կանգնած: Երկրորդ՝ եթե Արևմուտքը պիտի մի քանի միլիարդով գնի Մեղրին, ուրեմն դրա համար պիտի «առևտուր անի» ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանը թույլ չի տա, որ «հարսի թշերով փեսին լավություն անեն»:

3. Իրականում Հայաստանը և Ադրբեջանը վաղուց արդեն «իրար հասկացել են» և համաձայնության են եկել՝ պայմանավորվելով, որ Հայաստանն իբր հանդես է գալիս «հաղթողական» դիրքերից, իսկ Ադրբեջանը պատերազմ է սկսում, որի արդյունքում գրավում է նախապես համաձայնեցված տարածքները: Այս տարբերակի դեպքում Հեյդար Ալիևը հանգիստ խղճով կարողանում է իշխանությունը թողնել որդուն, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իշխել Հայաստանում՝ որպես հայրենասեր «վոյին», որը ցանկացավ ծովից ծով Հայաստան, բայց, ինչպես միշտ, պարտվեց: Սա, ըստ էության, միակ տարբերակն է, որի դեպքում հնարավոր է դառնում անել այնպես, որ և ազատագրված տարածքները (և Ղարաբաղն էլ հետը) ծախեն, և դրանից հետո մնան «ազգային հերոս» (որովհետև կարող էին ավելի շուտ ծախել, բայց չեն ծախել):

4. Հայաստանի իշխանությունները պարզապես հայտնվել են ապուշ վիճակում, և որևէ հեռանկար չունենալով՝ առաջնորդվում են պահի թելադրանքով: Այսինքն՝ անում են այն, ինչ հարմար է տվյալ պահին: Սա նշանակում է, որ որոշակի «տվյալ պահի» նրանց պարզապես կվռնդեն իշխանությունից, և չի գտնվի մեկը, որը դրա դեմ բողոքի:

Այսպիսով, գոյություն ունի այս ամենի ընդամենը չորս բացատրություն: Հեշտ է նկատել, որ բոլոր չորս դեպքերում էլ առանձնապես տարբերություն չկա, թե Հայաստանի նախագահի պաշտոնում կենդանի մա՞րդ է, թե՞ «Dirol» ծամոնի դատարկ տուփ: Որովհետև բոլոր չորս տարբերակներում էլ առաջին հերթին աչքի է զարնում մտածելու ունակության իսպառ բացակայությունը:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 216, հունիսի 13, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ