...

Թեհրանը թող արի Հայաստան, խաշի սեզոն է

Թեհրանը թող արի Հայաստան, խաշի սեզոն է

Թեհրանում նշվել է ՀՅԴ 131-ամյակը: Միջոցառման ժամանակ խոսել է կարկառուն դաշնակցական՝ «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Վերջինս բառացիորեն հայտարարել է․ «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթէ մենք չենք հաշտվում պարտության հետ, եթէ մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթէ կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում»:

Վերջում էլ հավելել է. «Ադրբեջանը պէտք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պէտք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլյացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, և ազգային նոր Զարթոնք է հարկավոր»։ 

Հրանտ Մարգարյանը բոլորից լավ գիտի, որ նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիան» հնարավոր չէ չեղարկել։ Օրինակ՝ եթե նա ելույթ ունենար Հայաստանում և հայաստանյան լսարանի առաջ, երբեք նման «բլթոցներ» թույլ չէր տա, մինչդեռ «գաղթօջախներում» պետք է շարունակել այս էժան քարոզչությունը։ Շարունակել՝ ջրի երեսին մնալու համար։ Բայց այստեղ էլ չափ գոյություն ունի։ Ի՞նչ է առաջարկում Մարգարյանը՝ նոր պատերազմ հրահրենք ու էլի շատ զոհե՞ր տանք, որ ապացուցենք, թե որքան պահանջատեր ենք ու «վերատիրավորման» մեռած։ Ասում է՝ աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլյացիային։ Բայց ո՞նց է դեմ, երբ այդ պայմանագրից հետո էլ պայմանագիր ստորագրողը քաղաքական մեծամասնություն է ձևավորում և է՛լ ավելի կենտրոնաձիգ մենիշխանություն դառնում։ Չէ, Թեհրանում միամիտ սփյուռքահայերին խաբելը պատվաբեր չէ, ավելի լավ է վերադառնալ Հայաստան, հատկապես որ խաշի սեզոն է։ Այդօրինակ ելույթները իսկական խաշի սեղանի համար են՝ համ քիչ մարդ կլսի, համ էլ «ելույթ-կենացը» կվերագրվի քաշած օղու գրադուսին։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ