...

Վաղվա երեկը

Վաղվա երեկը

Եթե Հրանտ Մաթևոսյանը ողջ լիներ… Եթե Վանո Սիրադեղյանը ողջ լիներ… Եթե Լևոն Խեչոյանը ողջ լիներ… Ու դարձյալ այդպես, շարքով, մինչև Գուրգեն Մահարի, Պարույր Սևակ ու Հովհաննես Շիրազ

Բայց չէ որ այդպես չի լինում: Այդ մարդիկ երբ եղել են` եղել են, երբ ասել են` ասել են: Ասել են այն ու այնպես, ինչպես ասել են: Ու հատու են ասել, հաճախ` անողոք, թեկուզ և քաղաքակիրթ խոսքի պաճույճն ու պատմուճանը շատ հաճախ իբր խանգարել է նրանց ասածը որպես հիշոց` քֆուր ընկալել: Իբր: Խանգարել է:

Տեսեք` ութսուն մտավորական ու գիտնական երկու-հազար-քսան-երկուսի գարնանամուտին հանկարծ տեղներից ընդոստ վեր են թռչում ու խոսք հրապարակում հօգուտ Արցախի, Արցախից գրավյալ տարածքների անհապաղ վերադարձի, ազատագրյալ տարածքների դե-օկուպացիայի, այսինքն՝ ապա-ադրբեջանացման և ապա-ռազմականացման: Ութսուն մտավորական Արցախի Ազգային ժողովի ընդունած որոշմանն ընդառաջ, ի լուր աշխարհի, դիմելով աշխարհին, պահանջում են ահա այսպես ու այնպես` Արցախը պիտի ազատվի ու ազատագրվի:

Ես նույնիսկ չեմ ասում արդեն ուրիշների արդարացի ասածն առ այն, թե երկու-հազար-քսանին որտեղ էին, ու մինչ այդ որտեղ էին: Ի վերջո, մեր անտարբեր թվացող հանրությանը եթե ու երբ պետք է` կարող է հիշել ու կհիշի` որտեղ էին: Ի վերջո, Նախագահ Տեր-Պետրոսյանը լավագույնս այդ ոչ էլ սկի հռետորական հարցը ձևակերպել է և ութսուն մտավորականի ցուցակից նրան այնուամենայնիվ որոշել են պատասխանել միայն երկուսը` Ռադիկ Մարտիրոսյանը և Աշոտ Մելքոնյանը: Ինչո՞ւ միայն նրանք, չէ որ ութսունի ցուցակը ստորագրման համար բաց է: Որովհետև հավանաբար բուն նամակ-հայտարարագրի տեքստի բուն հեղինակը իրենք էլ եղել են: Լավ, չհիշի` չհիշի հասարակությունս, Տեր-Պետրոսյանի կարծիքն էլ ականջը չընկնի հասարակության` չընկնի, ոչինչ: Միևնույնն է` մի առիթով Ռադիկի` Հայաստանի մասին արած քոսոտ երկիր արտահայտությունը դուրս կլողա ու Աշոտն էլ կամա-ակամա կներքաշվի ու նույն քոսոտ երկրի ջրերով միասին դարձյալ լող կտան: Մեկը` Ռադիկը ՀՀ` քոսոտ այդ երկրի Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, Աշոտն էլ նույն այդ երկրի ու ժողովրդի պատմության ինստիտուտի դիրեկտոր: Այնպես որ` յոթանասունութի ցանկը հիմա մի փոքր լեգիտիմացավ ու հեթեթ դարձավ: Հիմա, եթե հավելենք, որ ցանկում թերևս մի քանի տասնյակ ստորագրած մարդ կա, որ եթե հիմա ուսումնասիրություն սկսեն` մի քանի տասնյակ տարուց կիմանան ինչ են ստորագրել: Ոչ, ոչ, բնավ այն պատճառով չէ, որ գիտնական կամ մտավորական չեն: Պարզապես նյութից դուրս ու հեռու են եղել ու լինելու են հետագայում էլ, իսկ ունեցած գիտական կոչումները և հանրային ճանաչումը…Ըմմ եթե կա այդպիսին, ոչ մի կապ չունի Արցախի հարցը գոնե էսօր կամ երբևէ իր էությամբ հասկանալու հետ, էլ ուր մնաց տեքստ ստորագրելը:

Հիմա մի բան էլ փորձեմ քննել ու վերջ: Ութսուն մտավորականի կոչը հենց այս օրերին հրապարակելու իմաստը ո՞րն էր: Հիշեցնեմ` ռուս-ուկրաինական պատերազմի օրերին, երբ աշխարհում ոչ մեկը ոչ մի այլ բանից չի խոսում ու չի լսում այլ բան: Կարծում եմ՝ հնչեցրել են, որ արխիվում լինի: Վաղը դե…դիսերտացիա է, կարիերա է, խորաթայի նյութ կլինի: 

Ու հանկարծ էս Նախագահ Տեր-Պետրոսյանը նկատում է ու արձագանքում: Պատասխանը չուշացավ: Պատասխանն իմ տխուր ժպիտը հարուցեց, քանի որ Մելքոնյան Աշոտն ու Մարտիրոսյան Ռադիկը աննախադեպ կերպով մեղմ էին ձևակերպել այն: Պատասխանի իմաստը բա ինչու ինքը, բա ուր էր ինքը շրջանակներում էր: Բայց մեղմաբար: Այսպես ասած հետպատերազմական:

Դառնալով գրվածքիս սկզբի տողերին.

Հրանտ Մաթևոսյանը ողջ է: Վանո Սիրադեղյանը ողջ է: Լևոն Խեչոյանը ողջ է: Նրանց կծու, հատու, ճշմարիտ խոսքին ԱՆՀԱՍ ութսուն, ութհարյուր, ութ հազար և այլ քանակության խուլերը վաղուց են մեռած: Եվ սա ցավ է: Ցավը սա է: Ընթեռնել և ականջալուր չլինել: Տեսնել և չտեսանել: Լսել և ուղեղներին չհասնել: Պատերազմն իհարկե ցնցում է ու սթրես: Եվ եթե այդ սթրեսը մեր գիտնական ու մտավորականներին ուշքի է սկսել բերել պոստսկրիպտում, ինչպես որ Արցախի Ազգային ժողովն է ուշքի բերել պոստսկրիպտում, ապա հույսիս մարմրող ճրագը դեռ կառկայծի: 

Բայց ախր որոշում կայացնելն ու այս օրերին հայտարարագրեր տարածելը որևէ իմաստ չունի, հիմարություն է, որովհետև այն լսել, գրի են առել և վերլուծում են թերևս միայն ադրբեջանցիք ու թուրքերը: Ու վաղը փորձելու են պատասխան տալ: 

Այո, որևէ իմաստ չունի, հիմարություն է,.. եթե իհարկե ռուսները չեն հուշել: Բայց եթե նույնիսկ նրանց հուշմամբ է եղել, առկա տարածաշրջանային իրավիճակը միևնույնն է` վատթարագույնն է հարց հնչեցնելու, ռեզոնանս ակնկալելու և… երեսուն տարի չարածը ետ շրջելու և իբր անելու համար: Ուշ է, պարոնայք մտավորականներ: Եվ մեր ու ձեր հույսը միայն պատահականությունն ու պատեհությունը կարող են լինել: Բայց դրանք էլ, հանձին ռուսական անկանխատեսելի հոգու` այսօր հեչ լավ վիճակում չեն: 

Իսկ հասարակությանս, քաղաքական դաշտիս ու գիտնական-մտավորականներիս էլ` հիմնական խնդիրը հպարտ ու անպարտ տգիտությունն է և դրանից ՄԻՇՏ քաղած մեր առատ բերքը: 

Ա. Հ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ