...

Վերանորոգում, որի վերջը չի երևում

Վերանորոգում, որի վերջը չի երևում

Հասարակության մեջ քաղաքական դիսկուրսի ամենահաճախ քննարկվող հարցը հետևյալն է՝ որքա՞ն է տևելու պայքարը նախկինների դեմ և դեռ որքա՞ն ժամանակ են նրանք խոչընդոտելու կառուցել ժողովրդավարական և դինամիկ զարգացող պետություն: Քաղաքականության մեջ անգամ շատ չթրծված մարդիկ գիտակցում են, որ ներկայիս պարտադրված օրակարգը կառուցողական չէ և մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ: Կենցաղային լեզվով ասած, հնարավոր չէ տունը արագ և որակով վերանորոգել, երբ տան նույնիսկ մերժված անդամը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է վերանորոգմանը:

Մինչդեռ 1.5 տարի առաջ ակնկալիքները լրիվ այլ էին. համոզմունք կար, որ հայաստանցիները և Սփյուռքը շատ արագ լծվելու են ուժեղ պետականություն և բարեկեցիկ կյանք ստեղծելու գործին: Բայց իշխանությունը նախընտրեց գնալ այլ ճանապարհով՝ կոսմետիկ վերանորոգման և նախկինների հետ հարաբերությունների պարզման երկարատև ճանապարհով:

Առանց համապատասխան գործիքների և մասնագետների, իշխանությունը սկսեց վերանորոգումը և մեծ հաշվով մինչ այժմ չի գիտակցել, որ թե՛ գործիքները և թե՛ ներգրավված մասնագետները չեն համապատասխանում ակնկալվող արդյունքին: Իշխանությունը 1.5 տարի դեռ փորձում է քանդել նախկինների կառուցած սյուները: Վեց ամիս պահանջվեց ԱԺ սյունը քանդելու համար, բայց դրանից հետո, կարելի է ասել՝ աշխատանքները կանգ են առել: Հստակ գիտակցում կար, որ դատարանների և իրավապահ համակարգի այս կազմով, այս ՍԴ-ով և Հանրային խորհրդով, ինչու չէ նաև նախագահի խորհրդանշական այս ինստիտուտով, հնարավոր չէ պետության մեծածավալ վերակառուցում: 

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իրենց մասնակցությունը չբերեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին՝ այն անվանելով կեղծ օրակարգ: Բայց մի պահ թվաց, որ նրանց հիմնական փաստարկը՝ կփոխենք Սարգսյանին, կփոխենք նաև նրա սահմանադրությունը, լուրջ և հաշվարկված մարտավարություն է: Սակայն Սերժ Սարգսյանն արդեն 1.5 տարի է, ինչ գործոն չէ, բայց նրա կառուցած սյուները շարունակում են խոչընդոտել երկրի զարգացմանը: Հետաքրքիր է՝ քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի գիտակցվի՝ Հանրային խորհուրդը անիմաստ սյուն է և անգամ գեղեցկություն չի հաղորդում պետականության տանը: Որքան ժամանակ և ռեսուրս պետք է ծախսվի Հրայր Թովմասյանի բաստիոնն ապամոնտաժելու համար: Երբ կգա գիտակցումը, որ Արմեն Սարգսյանին պահելն ավելորդ ճոխություն է բյուջեի համար, իսկ նրա ռեսուրսները կարելի է օգտագործել բոլորովին այլ տեղ, ասենք՝ տուրիզմի զարգացման ոլորտում:

Թե անպայման ֆորս-մաժոր է պետք, որ գիտակցեք՝ Արմեն Սարգսյանը նույնպես նախկիններից թողած սյուն է, պարզապես խնամքով թաքցված: Եթե չեք գիտակցում, ապա ևս մի անգամ ուշադիր կարդացեք նրա հարցազրույցների տողատակերը և հետևեք խորհրդականների վարքագծին սոցիալական ցանցերում:

Վերանորոգումը վաղուց ավարտված կլիներ, եթե նոր կառավարությունը նախաձեռներ և իրականացներ սահմանադրական փոփոխություններ: Նոր սահմանադրություն ունենալու դեպքում անհրաժեշտ չէր լինի բարձրանալ Հրայր Թովմասյանի հայրական տան առաստաղ կամ լսել Արա Բաբլոյանի մտքի գոհարները, թե ինքը օժանդակել է հեղափոխությանը: Նոր սահմանադրություն ունենալու դեպքում Վազգեն Մանուկյանը չէր ստանա պետական աշխատավարձ, այլ կբավարարվեր միայն Ռոբերտ Քոչարյանից ստացվող թոշակով: 

Քանի դեռ շատ ուշ չէ, պետք է վերանայել վերանորոգման գործիքակազմը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ