...

Վերջում կհայտարարեն, որ բոլորով բոլորին խաբել են, ամենաշատը՝ Փաշինյանին

Վերջում կհայտարարեն, որ բոլորով բոլորին խաբել են, ամենաշատը՝ Փաշինյանին

Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով»։ Այսօր արդեն կայացել է քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետացրել է այն հարցերի շրջանակը, որոնք դառնալու են հանձնաժողովի քննության առարկան։ Հանձնաժողովի լիազորությունների սահմանված ժամկետը 6 ամիս է։ Այն կարող է ևս 6 ամսով ավելացվել։ Ասել է թե՝ մեկ տարի ՔՊ-ն միայնակ փորձելու է տալ այն հարցերի պատասխանները, որոնք առաջացել են 44-օրյա պատերազմի հետ կապված։ Ինչո՞ւ միայնակ, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ հարցով քննությունը կարող է օբյեկտիվ ընթանալ միայն այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարական ներկայացնի։

Ասել են ու քաշվել են մի կողմ՝ շատ լավ գիտակցելով, որ դրված պահանջը չի բավարարվելու, իրենք էլ ալիբի են ունենալու չաշխատելու կամ պոպուլիստական գունագեղ ելույթներով մարդկանց զբաղեցնելու։ Մեկ է՝ վերջում և՛ աշխատավարձ են ստանալու, և՛ պարգևավճար։

Մինչդեռ, կարող էին այլընտրանքային մի փաստահավաք խումբ կամ հանձնաժողով էլ իրենք նախաձեռնել։ Ի վերջո՝ իշխանության մեջ են եղել և տիրապետում են ահռելի ինֆորմացիոն ռեսուրսի, որոնց հավաքագրման և համադրման արդյունքում ահագին բան կարող էին անել և ներկայացնել հանրությանը։ Այլ կերպ ասած՝ մտածեին այլընտրանքային զեկույցների մասին՝ նպատակ ունենալով ոչ թե հերքել ՔՊ-ական հանձնաժողովի տեղեկությունները, այլ մինիմումի հասցնել այս թեմայով մանիպուլյացիան։ Իսկ որ մանիպուլյացիա լինելու է՝ չկասկածեք։ Հանձնաժողովը փորձելու է իշխանության վրայից «մաքրել» քաղաքական պատասխանատվության գործոնը և մեղավորներ հռչակել այլ ոլորտներում՝ զինվորական ղեկավարություն, պաշտոնատար անձինք, օպերատիվ տարբեր կառույցներ, զինված ուժեր և այլն։ Լավագույն դեպքում՝ 6, վատագույն դեպքում՝ մեկ տարի 44-օրյա պատերազմը կքննեն, հանրային օրակարգը կզբաղեցնեն սրա-նրա մեղավորության մասին խոսակցություններով, վերջում կհայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, նրան էլ բոլորով խաբել են, ինչպես շարքային ՀՀ քաղաքացիներին։ Կապրենք՝ կտեսնենք։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ