...

Վանոն ձեզ փրկօղակ չի

Վանոն ձեզ փրկօղակ չի

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ պատմական ու իրական Հայաստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտքերին, ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից դրանց հակադարձմանը:

«Համոզված եմ՝ Լևոն Զուրաբյանն էլ կարդացել է Վանո Սիրադեղյանի հրաշալի ստեղծագործությունը պատմական Հայաստանի մասին․ ինչի լավն է լավ և ինչի են մեր քաղաքական ուժերը և մեր ժողովուրդն ընտրում պատմականը, որովհետև նրա համար պատասխանատվություն կրելը մի քիչ շատ ավելի հեշտ է, իսկ իրական Հայաստանի համար պետք է պատասխանատվություն կրես նրա գոյության, նրա պաշտպանության, ամրության, առաջին հերթին, պաշտպանված լինելու հարցում։ Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը կարդացել է, իսկ Վանո Սիրադեղյանը Ղարաբաղ կոմիտեի երևի ամենաառանցքային դեմքերից մեկն է եղել և, որպես գրող, հրապարակախոս, նա հենց այնպես չէր գրել դա, որովհետև գիտակցել էր պատմական մեր իրողություններն ինչպես են խեղդում իրական խնդիրները լուծելու ճանապարհը»:

«ՉԻ». Էս սյուռերի սյուռն է, վերջերի վերջը... մի հատ խորացեք, Անդրանիկ Քոչարյանը Լևոն Զուրաբյանին բացատրում է, թե Վանո Սիրադեղյանն ինչեր է գրել, ինչ է նկատի ունեցել: Իբր Վանո Սիրադեղյան են հասկանում, մի հատ էլ արդեն մեկնաբանում են դա:

Սա էլ ինչի՞ց է սկսել. որ Նիկոլ Փաշինյանը իրական և պատմական Հայաստանի մասին ճամարտակությունները մեյդան հանեց, իշխանական ամբողջ քարոզչամեքենան՝ իր մունետիկներով, ֆեյք-պոակներով, համացանցը հեղեղեց Վանո Սիրադեղյանից մեջբերումներով, յանի, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հո հենց այնպես չի՞ ասում, 25 տարի առաջ վիրտուալ Հայաստանի մասին Վանոն է գրել: Մեր Վանոն: Արդեն իրենցով են արել Վանոյին: Էն Վանո Սիրադեղյանին, որին Հայաստան վերադարձնելու համար մատը մատին չխփեցին, որի հուղարկավորության համար Երևանի պանթեոնում 4-5 քմ տարածք լայաղ չարեցին տրամադրել: 

Իսկ հիմա հանկարծ վանոյացավ են կպել: Վանո Սիրադեղյանին հիշեիք, երբ «Արցախը Հայաստան է ու վերջ» էիք գոռում, պատմական ու իրական Հայաստանի մասին Վանոյի գրածները կարդայիք, երբ Երևանում Սևրի պայմանագրի առթիվ համաժողով էիք անցկացնում, Արևմտյան Հայաստանի տարածքներից էիք հոխորտում, ու դա 44-օրյա պատերազմից օրեր առաջ: Էդ պատերազմի հիմքերից մեկն էլ ձեր այդ կազմակերպած համաժողովն էր: 

Այնպես որ, հանգիստ թողեք Վանոյին, դա ձեր ուղեղին հասու չէ: Թե որ շատ եք ուզում հասկանալ, առաջին հերթին կարդացեք «Գյադաների ժամանակը»: Էդ ձեզ մենակ թվում է, թե դա քոչարյանական ժամանակների մասին է: Նայեք՝ ինչ է գրել. «Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»: Կարդացի՞ք:

Հ.Գ. Սրանք այնքան անպատկառ են, որ չենք զարմանա, եթե մի օր էլ Լևոն Տեր-Պետրոսյանին բացատրեն, թե ինչ է գրված «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում: 

Հ.Գ. - 2 Կոնկրետ Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանի անունը տալու որևէ բարոյական իրավունք ընդհանրապես չունի: Երբ Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանի գաղափարներին հակառակ քայլեր սկսեց, մերժեց իրական Հայաստանի տեսլականը, ասաց՝ ճիշտը ռոմանտիզմն է, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանի աջակցության համար ծպտուն չհանեց, այլ գնաց, պատսպարվեց Վազգեն Սարգսյանի թևի տակ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ