...

Խաղի կանոնները խախտել չի կարելի

Խաղի կանոնները խախտել չի կարելի

«Ռետրո» բաժնում այս անգամ ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի 2001 թվականի մի հրապարակում դեմոկրատական խաղի կանոնների մասին, որը, կարծում ենք, արդիական է ներկա հետհեղափոխական աննախադեպ իրավիճակում:

Հայաստանյան իշխանությունների անիշխանության կարևորագույն պատճառը հետևողական անհետևողականությունն է: (Ընդ որում, այս «հատկանիշը» ժառանգաբար անցնում է մեկից մյուսին): 

Անկախացած հանրապետությունը ի սկզբանե հռչակվեց դեմոկրատական, իսկ իշխանություններն իրենց ստեղծած օրենքներում փորձեցին կրկնել դարավոր դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրների «խաղի կանոնները»:

Բնականաբար, որևէ մեկը չմտահոգվեց, թե ինչպես են իրականացվելու այս օրենքները: Եվ վերջիններս սկսեցին ապրել սովորական հայկական կյանքով: Այսինքն՝ երբ պետք էր՝ կիրառվում էին, երբ պետք չէր՝ ոչ: Իսկ հայկական ձևով, օրինակ, «պատժիչ» կանոնները պարտադիր են բոլորի համար, բացի յուրայիններից: Յուրայիններին հարմարեցվում են ավելի մեղմ օրենքներ, որոնք նպաստում են նրանց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործունեությանը: 

Ուղեղային մորմոք երկիր Նաիրիում դեմոկրատական խաղի իմիտացիա էր: Կրկնում ենք՝ խաղի կանոնները խախտված էին, որովհետև այս հասարակությունը խաղալ չգիտեր (և չգիտի): Որովհետև... 

1. Դեմոկրատական սկզբունքները միանգամից կիրառելը դարավոր հակադեմոկրատական հասարակության պայմաններում անհնարին է:

2. Իշխանությունն անհետևողական էր այդ նույն հասարակությանը դեմոկրատական ապրելակերպին «վարժեցնելու» գործում:

3. Պատերազմող երկրներում բնականաբար ստեղծվում են խաղի կոշտ պայմաններ. անհրաժեշտ են դառնում արագ լուծումները, կտրուկ քայլերը և անվերապահ որոշումները, որոնք իշխանության գլուխ կանգնածները ստիպված են պարտադրել հասարակությանը՝ առանց երկար-բարակ բացատրություններ տալու:

4. ՀՀ առաջին իշխանության բնական օպոզիցիան պիտի դառնար երկրում կոմունիստական գաղափարախոսության կրող խավը, որն իրականում վաղուց գաղափարազուրկ էր և մտածում էր նոր պայմաններին հարմարվելու մասին (նախորդ համարում արդեն անդրադարձել ենք գունափոխված կարմիրներին):

5. Հայաստանյան իշխանության կողմից բուծված ընդդիմությունը գաղափարապես գրեթե չէր տարբերվում իշխանությունից և տանում էր մի տեսակ անձնավորված պայքար՝ Վազգեն Մանուկյանը պետք է լինի նախագահ և ոչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց թե ինչ առանձնահատուկ ծրագիր էր բերելու հավերժական նախագահացուն, բացի արագորեն վարկաբեկված «համաշխարհային ազգի» գաղափարից կամ երևութական քաղաքական բարոյականությունից, մինչ օրս պարզ չէ (վկա՝ ԱԺ-ական նախարար Դ. Վարդանյանը):

6. Պատերազմող երկիրը «հարստացավ» դրսից ներմուծված անհաշտ ընդդիմությամբ. ՀՅԴ-ն իր 100-ամյա «իդեալներով» բարեհաջող կերպով վերադարձվեց հայրենիք, այնուհետև անհարկի հերոսացվեց հենց 1-ին նախագահի կողմից: Այս կուսակցության հարցում անհետևողականությունը տվեց իր դառը պտուղները: Իշխանությունները փորձ չարեցին հասարակությանը ներկայացնելու նրանց բուն էությունը, տխրահռչակ գործունեությունը, բազմաթիվ քաղաքական տապալումները, 1992թ. Սփյուռքում իջեցված շրջաբերականը՝ Հայաստանին չօգնելու հրահանգով: Սակայն երբ կանգնեցին ահագնացող դաշնակցական տեռորի առջև, նրանց ճաղերի հետևում նստեցրին և... հերոսացրին: Իրադրությունը փոխվեց, և ճաղերի հետևում հայտնվեց Ա. Բլեյանը: Զավեշտ է, բայց՝ փաստ: 

7. Ղարաբաղյան մարտերի ավարտից հետո (քանզի պատերազմը դեռ ավարտված չէ) մեծացած «կռված տղերքի» և «ղարաբաղցիների» հավակնությունները (հիշիր «Ոսկե ձկնիկը» հեքիաթը) քաղաքացիական իշխանությանը տեղի տվեց: Երևութական դեմոկրատիան իր մահկանացուն կնքեց 1996թ. հայտնի դեպքերի ժամանակ: Նշենք, որ ընդդիմությունն իշխանությունից ետ չէր մնում: Հենց այդ ժամանակ նրա կողմից սանձազերծած գրոհը հարմար նախադեպ ստեղծեց 1999թ. հոկտեմբերի 27-ը ծրագրողների համար:

8. Հայաստանի իշխանության խոշորագույն սխալն էր Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը հասարակական քննարկման առարկա դարձնելը 1997-ի վերջում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենահարմար պահն էր: Լրջանալու մասին խոսելու փոխարեն անհրաժեշտ էր կոշտ և անվերապահ որոշում: Ցավոք, այսպիսի որոշում կարողացան ընդունել մարդիկ, որոնք զերծ էին մտավորականի բարդույթից (նախագահին հրաժարեցրին): Եվ եղավ հակառակը, հարցը ձգձգվեց այնքան, որ այսօր մեզ համար որևէ նպաստավոր պայման չկա, այսօր մենք կանգնած ենք պատերազմը տանուլ տալու հեռանկարի առջև: Եվ պիտի շնորհակալ լինենք Աստծուն, եթե տանուլ տանք խաղաղ ճանապարհով:

9. Ազատական տնտեսության մասին հայտարարությունը մնաց «թղթե շերեփի» կարգավիճակում, որովհետև իրականում օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները խանգարեցին այն կյանքի կոչելուն: Եվ պատճառները բազմաթիվ են. հասարակությունը պատրաստ չէր, գործում էր սովետական իներցիան, կային յուրային հովանավորյալներ, պատերազմ, շրջափակում...

10. 1-ին նախագահն ինքը տրամպլին ստեղծեց Ռ. Քոչարյանի համար՝ նրան Ղարաբաղից բերելով և Հայաստանում 2-րդ կարևոր պաշտոնը վստահելով: 1-ին նախագահը հիանալի գիտեր, թե ում հետ գործ ունի և պիտի կանխատեսեր հետևանքները: Եվ Հայաստանը չճանաչող նախկին կուսաշխատողը (Ադրբեջանական ՍՍՀ-ում նա պետք է անվերապահ ենթարկված լիներ այդ երկրի շեֆերին), որը պատերազմի ժամանակ ինչ-որ գործ էր արել, բոլոր հաղթանակները անմիջապես իրեն վերագրեց, բոլոր դժբախտությունները՝ նախորդներին և դարձավ նախագահ: 

11. Եվ սույնը ստեղծեց դեմոկրատիայի սեփական իմիտացիան: Նա պարզապես ոչնչացրեց հակառակորդներին, այսինքն՝ ոմանց պատժեց, ոմանց էլ պարզապես գնեց՝ մի քանի գրոշով: Դե հիմա թող ընդդիմանան: Օգտագործեց բոլոր քարոզչական լծակները իր «ազգանպաստ» աշխատանքը գովազդելու համար, ահաբեկեց ու մրոտեց ում պատահի, անթաքույց խախտեց թե՛ Սահմանադրությունը, թե՛ օրենքները: Եվ հիմա անմրցակից է, իշխանությունը պահելու որևէ պրոբլեմ չունի: Ակամայից մտածում ես, որ եթե պալատական խոշոր ինտրիգ չլինի, նա հավերժ է: Նա հավերժ է, իսկ Հայաստանում անիշխանություն է: Հայաստանը դարձյալ աշխարհին հետաքրքիր է լոկ որպես տարածք, տրանզիտ տարածք:

Այսպես եղավ: Խաղի կանոնները խախտելու հետևանքը ծանր է: Պետության ներսում այդ կանոններին չհետևելու պատճառով արտաքին աշխարհում կորցնում ենք արյան գնով ձեռք բերած մեր նվաճումները ու վերածվում խամաճիկի, որին խաղացնում են, ինչպես ուզում են: 

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1039 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ