...

Խղճի ու մտքի խավարումներ

Խղճի ու մտքի խավարումներ

Երեկ ընդդիմության աջակիցները Լեո-Պարոնյան խաչմերուկին հարակից հատվածում ծեծի են ենթարկել «Անտարես մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։ Ararartnews-ի լրագրողի հարցին, թե ինչու են իրեն ծեծի ենթարկել, Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Որովհետև Հայաստանում չկա խղճի ու մտքի ազատություն»։

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից օրեր անց Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, այնուհետև հեռացրել էր այն։ Մասնավորապես նա գրել էր․ «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։

Օրերս էլ Մարտիրոսյանը, անդրադառնալով Թուրքիայի դրոշը վառելուն, ասել է՝ Թուրքիայի դրոշը ո՞ւմ էրեխու հաշվին եք վառում։ Ի դեպ՝ Մարտիրոսյանի առաջին սկանդալային հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ նույն թվականին, այսինքն՝ 2020-ի օգոստոսին, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավն իրականացնելու համար պետբյուջեի հաշվին «Անտարես» հրատարակչությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել էր 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։ Բացի այդ, Կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով էլ 48 մլն 900 հազար դրամ էր հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ անձից գնումն իրականացրել էր դարձյալ «Անտարես» հրատարակչությունը։ 

Վերադառնալով ծեծի փաստին․․․ չի կարելի բռնություն կիրառել այն մարդու նկատմամբ, որը համաձայն չէ քո կարծիքին, որը այլ կերպ է մտածում և տեսնում իրականությունը։ Կարելի է հակադրվել, խոսել, քննարկել, ի վերջո՝ լռել, բայց երբ բանը հասնում է ֆիզիկական հաշվեհարդարին, ուրիշ հարցեր են առաջ մղվում։ Օրինակ՝ ի՞նչ անել, որ մեր հասարկության անդամները վաղ տարիքից դաստիարակվեն, կրթվեն, հանդուրժող լինեն, վերլուծական մտածողություն ունենան և հիշեն, որ չի կարելի հազար հոգով ծեծել մեկին ու հրճվել այդ փաստից։ Առհասարակ, չի կարելի մարդուն հետապնդել ու ֆիզիկական ցավ պատճառել իր կարծիքի համար։ Ինչ վերաբերում է Մարտիրոսյանի հայտարարությանը, թե խղճի ու մտքի ազատություն Հայաստանում չկա, ապա զուր է բարձրաձայն տրտնջում։ Խղճի ու մտքի ազատությունը հենց էնպես օդից չի ընկնում հասարակությունների գլխին։ Քծնողների և քծնվողների այս հանդեսում հենց այդ հանդեսի մասնակիցների կողմից են ոչնչացվում այդ ազատությունները։ Այնպես որ դեռ հարց է՝ ո՞րն է ավելի վտանգավոր ու դատապարտելի՝ մասնակից լինել այդ ազատությունների ոչնչացմա՞նը, թե՞ դիմադրել՝ բռնություն կիրառելով։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ