...

Խնդիրը հեռավար ուսուցման լավ կամ վատ լինելու մեջ չէ, այլ միակ հնարավոր տարբերակի. ԿԳ ոլորտի փորձագետ

Խնդիրը հեռավար ուսուցման լավ կամ վատ լինելու մեջ չէ, այլ միակ հնարավոր տարբերակի. ԿԳ ոլորտի փորձագետ

Կառավարության որոշմամբ հանրապետությունում երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը: Այս պայմաններում ներդրված կանոնակարգով շարունակվում է նաև դպրոցների աշակերտների հեռավար ուսուցումը: 

Պատրա՞ստ էր արդյոք Հայաստանը հեռավար ուսուցման և որքանո՞վ է այն արդյունավետ: Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

- Հարկ է նկատել, որ ոչ միայն Հայաստանը, այլև կարելի է ասել ամբողջ աշխարհը պատրաստ չէր: Որպես կրթության միակ հնարավոր ձև՝ բնականաբար հեռավար ուսուցումն ունի բազմաթիվ թերություններ, խնդիրներ, բայց քանի որ այս իրավիճակում այլընտրանք չունենք, և հնարավոր չէ դպրոցը փակել, միակ տարբերակը մնում է հեռավար ուսուցումը, այդ պատճառով այստեղ խնդիրը ուսուցման լավ կամ վատ լինելու մասին չէ, այլ միակ հնարավոր ձևի: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես դպրոցական կրթության հետ կապված հեռավար կրթությունը չի կարող լինել միակ ուսուցման ձև՝ բնականաբար այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և ամբողջ աշխարհում, ուսուցման գործընթացում, չի կարելի համարել, որ լիարժեք կրթություն է ապահովում: Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ հեռավար ուսուցումը միակ լավ մոտեցումն է և հանդես է գալիս իբրև «դեմ առ դեմ» ուսուցումը լրացնող գործիք: 

Պարզապես մենք հայտնվել ենք մի արտակարգ իրավիճակում, երբ ընդհատվել է կրթությունը և խախտվել է շարունակական կրթության սկզբունքը: Հիմա մենք պետք է հնարավորության սահմաններում կրթություն ապահովենք երեխաների համար, որպեսզի իրենք այս օրերին զբաղվածություն ունենան և սովորեցնենք նրանց՝ ինչ հնարավոր է:

- Պարոն Խաչատրյան, որքանո՞վ է իրատեսական հեռավար ուսուցման արդյունավետությունը: 

- Ամենամեծ սխալն այն է, որ այն, ինչ մենք փորձում էինք անել դասարանում, մինչև արտակարգ դրությունը, փորձում ենք հիմա նույնը բելել օնլայն հարթակ: Որպես օրինակ նշեմ՝ 45 րոպեանոց դասապարապմունքը հատկապես կրտսեր դասարանների աշակերտների համար ուղղակի սխալ է: ԿԳ նախարարությունն էլ իր հայտարարության մեջ նշեց, որ դասաժամի տևողությունը պետք է հնարավորինս կրճատել, որովհետև առանց այդ էլ միջազգային հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխաների օրական էկրանային միջին ժամանակը 5-6 ժամ է: Այսինքն՝ մինչև արտակարգ դրությունը երեխաները միջինը 5-6 ժամ անցկացնում էին էկրանների առջև: Հիմա, եթե մենք սրան ավելացնում ենք նաև հեռավար դասերի ժամանակը, այդ թիվը կարող է կտրուկ մեծանալ, որն անընդունելի է:

Դրական եմ համարում այն, որ այս փուլում նախարարությունը որոշ իմաստով ազատություն է տվել ուսուցիչներին, որպեսզի ուսուցիչները կարողանան խելամիտ օգտագործել դասապրոցեսը և շեշտը չդնել շատ սովորեցնելու վրա: Սա շատ լավ հնարավորություն է ուսուցիչների համար՝ դպրոցական ծրագրից ընտրել այն հիմնական մասերը, որոնք կարևոր են և այդ իմաստով կարելի է դասը բաժանել երկու մասի: Առաջին մասում ուղղակի բացատրել աշակերտներին նոր նյութը, դա մոտավորապես կարող է տևել 15 րոպե: Հետո ևս 15 րոպե հանդիպել և տեսնել, թե ինչպես են աշակերտները կատարել իրենց տրված առաջադրանքը: Եվ եթե անհրաժեշտություն կա «տնային հանձնարարություն» տալու, դա հանձնարարել:

- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հեռավար ուսուցման դասապրոցեսում:

- Ընդհանրապես հեռավար ուսուցումը պահանջում է ինքնուրույն աշխատանք, և մենք երեխաների ուշադրության կենտրոնացման խնդիր ունենք: Բանն այն է, որ մեր աշակերտները շատ սովոր չեն ինքնուրույն աշխատանքի: Նույնիսկ ուսանողների շրջանում դա շատ տարածված չէ: Այդ իմաստով խնդիրներից մեկն էլ այն է, որ հեռավար ուսուցումը պահանջում է շատ ինքնակազմակերպված, կարգապահ և ինքնուրույն աշխատանք կատարելու պատրաստակամ աշակերտ, որովհետև շատ առարկաներ կան, որոնք պետք է հաղթահարել ինքնուրույն աշխատելով: Բայց ցավոք սրտի նման աշակերտները շատ չեն, և հեռավար ուսուցումը այստեղ էլ է խնդիրներ առաջացնում:

- Որպես կրթության ոլորտի մասնագետ՝ ի՞նչ խորհուրդներ կտաք մանկավարժներին և ծնողներին:

- Ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չգնահատել աշակերտին, երեխային թվանշանային գնահատական չդնել, քանի որ դա ինչ-որ իմաստով երեխաներին կարող է մղել անազնվության, այսինքն՝ հանուն բարձր թվանշանի երեխան կարող է արտագրել, ծնողներից կամ համադասարանցիներից հուշում ստանալ: Երեխաներին ավելի շատ պետք է օգնել խորհուրդներով, ուղղություն ցույց տալով: Այս փուլում ևս գերխնդիր ունենք, որովհետև վստահաբար հազարավոր աշակերտներ դուրս են մնացել հեռավար ուսուցման գործընթացից: Նրանց մի մասը՝ տեխնիկական սարքեր ու ինտերնետ չունենալու պատճառով, մի մասն էլ՝ գուցե և ունեն հնարավորություն, սակայն առիթը օգտագործում են չսովորելու համար:

- Դպրոցականների ո՞ր հատվածի համար կարող են դժվարություններ առաջանալ:

- Պետք է նշեմ, որ հեռավար ուսուցումը խնդրահարույց կարող է դառնալ կրտսեր դասարանների աշակերտների համար: Ես կառաջարկեի, որ կրտսեր տարիքի աշակերտների համար շատ օգտագործվի հանրային հեռուստատեսության եթերը: Կրտսեր դպրոցում երեխաները սովորում են կարևոր բաներ, ինչպես նաև դառնում են գրաճանաչ: Առաջին դասարանում հայոց լեզվի տառերն են սովորում, երկրորդ, երրորդ դասարաններում՝ ռուսերենի և օտար լեզվի տառերը: Հիմա եթե տառաճանաչության դասերը բաց թողնենք, կարող ենք կանգնել խնդրահարույց փաստի առաջ: Որովհետև հիմա արդեն հաջորդ տարվա դասագրքերը գրված են այն տրամաբանությամբ, որ երեխաները տառաճանաչ են: Եվ եթե այս երեխաները մինչև մայիս ընդգրկված չեն եղել տառաճանաչության դասապրոցեսի մեջ, հնարավոր է, որ ուսուցիչը սեպտեմբերին հնարավորություն չունենա շտկել կատարվածը:

Դրա համար ես խորհուրդ կտայի, որ կրտսեր դպրոցին շատ մեծ ուշադրություն դարձվի, և գոնե այստեղ ապահովվի աշակերտների մեծ ներգրավվածություն՝ օգտագործելով հանրային հեռուստատեսությունը:

Երկրորդ խումբը, որին պետք է օգնություն ցույց տալ՝ 12-րդ դասարանցիներն են: Այստեղ էլ ուրիշ խնդիր կա. այս աշակերտներն ունեն ընդունելության քննություններ, և նրանց նույնպես պետք է լուրջ աջակցություն:

Քննություններին մասնակցելը արդեն իսկ լուրջ սթրես է, իսկ արտակարգ դրությունը էլ ավելի է սրում սթրեսը: Ուզում եմ ընդգծել, որ պետք է հատկապես օգնել այն աշակերտներին, ովքեր տեխնիկայի խնդիրներ ունեն:

Հավատացած եմ՝ Հայաստանում կան բարձր դասարանցիներ, ովքեր ոչ մի տեղ լրացուցիչ չէին պարապում, դպրոցի հույսին էին, ու հիմա, երբ դպրոցը փակվել է, այս խմբին նույնպես պետք է պահել ուշադրության կենտրոնում:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2064 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ