...

Մեծանուն արձակագրի մոտ

Մեծանուն արձակագրի մոտ

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա: 

Վիլյամ Սարոյան 

Հիրավի, Հրանտ Մաթևոսյանն իր ազգին ու աշխարհին ներկայացել է իր արվեստով, իր կերտած մաթևոսյանական աշխարհով ու տիեզերքում զբաղեցրած իր ուրույն տեղով։ Եվ այդպես աշխարհին է ներկայացրել հայի՝ այս տեսակ ինքնություն կերտող, այսպիսի գրականություն ստեղծող, այսպես արարող տեսակը: Իսկ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայ մեծանուն գրողի մահվան 21-րդ տարելիցի օրը, նրա հիշատակը խնկարկելու համար Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, մտերիմներն ու ընկերները: 

Գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, խոսելով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի գործունեության մասին, նշեց, որ երբևէ որևէ իշխանությունից աջակցության ակնկալիք չեն ունեցել: «Մենք հանդես ենք եկել տարբեր առաջարկություններով։ Եղել են քննարկումներ այդ առաջարկությունների հիման վրա: Իսկ վերջին առաջարկները, որ ստացել ենք այս իշխանություններից, պարզվեց՝ ապարդյուն քննարկումներ էին, և մենք անիմաստ համարեցինք այդ քննարկումները շարունակելը: Մենք մեր ուժերով անում ենք մեր գործը, չնայած պետք է ասեմ, որ այս տարի մի փոքր տեղաշարժ եղավ, և «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի շենքը 5 տարվա քաշքշուկից հետո վերջապես պետական գրանցում ստացավ: Կառավարական համակարգը չխանգարեց այդ գործընթացին, դա էլ ենք համարում դրական առաջընթաց: 2025 թվականին նշվելու է Մաթևոսյանի 90-ամյակը: Ես բաժակ եմ բարձրացնում այն երբևէ լինելիք իշխանությունների համար, որոնք արժանի կլինեն Մաթևոսյանի երկրի կառավարություն կոչվելու։ Եվ 2025 թվականին երևի որևէ իշխանության պատիվ կբերի Մաթևոսյանի հոբելյանական տարին գրագետ ու պատշաճորեն նշելը: Իհարկե, հոբելյանի առիթով մենք բազում անելիքներ ունենք, ինչը պատշաճորեն կանենք: Իսկ թե իշխանությունները ինչ կանեն, դա իրենց պատվի ու պատվախնդրության հարցն է։ Ամեն դեպքում թույլ չենք տա երբևէ, որ դատարկ պաշտոնական նիստեր, միջոցառումներ, ցուցադրական կամ ամպագոռգոռ ինչ-որ բաներ տեղի ունենան, որովհետև այս երկիրը դրան արժանի չէ, և Մաթևոսյանը դրան արժանի չէ: Հրանտ Մաթևոսյանի հոբելյանին ընդառաջ քննարկում ենք ներկայացումների, մենաներկայացումների, ֆիլմերի հնարավորություններ, առհասարակ, այն ամենը, ինչը ֆինանսավորման կարիք ունի և, կարծում եմ, ինչ-որ չափով կհաջողենք»։

Իսկ պանթեոնում մեր մեծերն են, Հրանտ Մաթևոսյանն ու մաթևոսյանական մարգարեական խոսքերը. «…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ