...

Քայլ առ քայլ․․․ դեպի դեգրադացիա

Քայլ առ քայլ․․․ դեպի դեգրադացիա

Oգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հյուրընկալվել է Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում և մասնակցել հյուրասիրության: Նա կից տեսանյութ էր հրապարակել այդ հյուրասիրությունից և շնորհակալություն հայտնել Ծաղկահովիտ համայնքին հրավերի ու հյուրընկալության համար։ Գյուղացիները վարչապետին բնության գրկում խորոված ու խաշլամա էին հյուրասիրել: Ուտելիքն էր համեղ եղել, թե զրույցը հետաքրքիր՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չորս ժամ անցկացրել էր գյուղացիների հետ: Վերջիններիս խոսքով, սակայն, այդ կերուխումը մնաց իրենց կոկորդին: Ծիլքարյան հյուրասիրության մասին գրառումից ու լուսանկարների հրապարակումից կարճ ժամանակ անց պարզվել է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքում փակվում են ՀՀ կադաստրի կոմիտեի մասնաճյուղը, նոտարական գրասենյակը, ոստիկանական բաժանմունքը և անձնագրային բաժինը: Դրանք տեղափոխվում են Ապարան, և այսուհետ 10 գյուղ ընդգրկող ու մոտ 12 հազար բնակիչ ունեցող Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բնակիչները ստիպված են լինելու իրենց ցանկացած խնդիր լուծելու համար հասնել Ապարան: Գյուղացիների խոսքով՝ իշխանությունները ամեն ինչ անում են իրենց կյանքը բարդացնելու համար: Բացի այն, որ աշխատատեղերի բավական մեծ թվով կրճատումներ են լինելու, այդ քողի տակ քայլ առ քայլ կրճատում են գյուղացի մարդու համար այնքան կարևոր ժամանակը, քանի որ հողագործի աշխատանքով զբաղվելու փոխարեն իրենք ստիպված են լինելու ամեն հարցով հասնել Ապարան: Չնայած համայնքների խոշորացման առկա փորձը փաստում է, որ դրանից փոքր համայնքները ոչ միայն չեն շահում, այլև մեծապես տուժում են, որովհետև դրանից առավելապես և գրեթե միայն շահում է «կենտրոն» հանդիսացող համայնքը, իսկ մնացածը կամաց-կամաց հետին պլան են մղվում և «սնում» արտոնյալ համայնքին, ինչն իր հերթին նպաստում է այսպես ասած «համայնքային մոնոպոլիայի» առաջացմանը և փոքր համայնքների անտեսմանը բոլոր հարթություններում։ 

Ի դեպ, ծաղկահովիտցիների ճակատագիրը շուտով կիսելու են նաև Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչները: 

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Ծաղկահովիտցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել Կառավարության շենքի մոտ «Հաց ու աղը մոռացողը հայրենիքն էլ կուրանա» կարգախոսով։

Հ.Գ. 1 Տեղեկացանք, որ երեկ VTB բանկի Ծաղկահովիտի մասնաճյուղը ևս փակվել է: Մարդիկ վարկերը վճարելու և այլ բանկային գործարքների համար ստիպված պետք է այլ բնակավայրեր հասնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ