...

Ընդդիմության աշխատավայրը տեղափոխվում է փողոց

Ընդդիմության աշխատավայրը տեղափոխվում է փողոց

Այս օրերին կարևոր գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, տեղեկացրել է Past.am-ը՝ նշելով, որ խոսքն այս անգամ ոչ թե քննարկումների, այլ գործի բաժանման մասին է։ Բոլորին հստակ ասվում են անելիքները, և ամեն մեկը որոշում է սպասվելիք գործընթացներում իր մասնակցության ձևաչափը։ Կայքի աղբյուրները հայտնում են, որ շուտով ընդդիմադիրները հանդես կգան հստակ կոչով, սակայն մինչև հայտարարությունը շատ կարևոր նախապատրաստական աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի պայքարը հաջողվի։ «Ձևավորվում է դիմադրություն բոլոր ճակատներով»,- նշել է կայքը:

«ՉԻ» աղբյուրները ևս նույն բանն են փաստում։ Հանրահավաքային շարժման մեկնարկը հնարավոր է տրվի գալիք շաբաթ։ Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է մարզային այցեր, հանրահավաքներ, շուրջօրյա բողոքի ակցիաներ, որոնց նպատակը լինելու է նախ հասարակությանը իրազեկել ու զգուշացնել ապագա վտանգավոր գործընթացների մասին, ապա դիմադրության օջախներ ստեղծել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Հնարավոր է, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների աշխատավայրը ԱԺ-ից տեղափոխվի փողոց։ Դիմադրության շարժումը բաց է լինելու, որտեղ ընդգրկվելու են հանրությանը հայտնի դեմքեր տարբեր բնագավառներից։ Նպատակը լինելու է չգնալ տուն՝ մինչև Նիկոլ Փաշինյանն ինքը չորոշի գնալ։ Այս պահին ընդդիմադիրներն իրար մեջ բաժանում են աշխատանքները, որոնք կոորդինացվելու են տարբեր մարդկանց կողմից։ Բոլորը գիտակցում են, որ դժվար է լինելու վերստին պայքարի ուժ արթնացնել հասարակության մեջ։ Բայց այլ տարբերակ չկա, հասարակության հետ աշխատելը, նրան դեպրեսիոն թմբիրից արթնացնելը լինելու է այն մարդկանց օրակարգը, որոնք ստեղծված իրավիճակի հաղթահարման համար որպես առաջին քայլ դիտարկում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ