...

Ընկած ՊԵԿ-ի իշխանուհին

Ընկած ՊԵԿ-ի իշխանուհին

Այսօր առավոտյան պաշտոնապես հաստատվեց, որ Շուշանիկ Ներսիսյանին ազատել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Արդեն տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ի հնաբնակներից Շուշանիկ Ներսիսյանը, որը համակարգում էր համակարգի մաքսային բլոկի աշխատանքները, լուրջ խնդիրներ ունի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Մինչ պաշտոնական հաղորդագրության հրապարակայնացումը, երեկ երեկոյան արդեն 168․am-ը տեղեկացրեց․ «ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշոյի) ի սկզբանե վատ հարաբերությունները հասել են գագաթնակետին ու վերածվել թշնամանքի։ Վերջիններս սուր վեճ են ունեցել, որի ավարտին Շուշանիկ Ներսիսյանը հայտարարել է, որ ինքը գնում է արձակուրդ, և վերադարձին ՊԵԿ համակարգում մնալու է իրենցից մեկը` կամ ինքը, կամ` Բադասյանը»։ Այնուհետև կայքը տեղեկացրել է, որ արձակուրդից վերադառնալուց հետո Շուշանիկը հեռանալու է։ Առավոտյան այդպես էլ եղավ։

Շուշանիկ Ներսիսյանի անունը ակտիվորեն սկսեց շրջանառվել հեղափոխությունից հետո։ Ըստ էության՝ նրան հաջողվեց «կոնտրոլի» տակ պահել հեղափոխությունից հետո ՊԵԿ եկած բոլոր նախագահներին։ Հետո նրանք հեռացան, իսկ Շուշանիկի ազդեցությունն ամեն հեռացողի հետ ավելի մեծացավ ու ամրապնդվեց։

ՊԵԿ աշխատակիցներից շատերը, հասկանալով, որ Շուշանիկն անընդհատ կարողանում է ջրից չոր դուրս գալ, բացի այդ էլ, ոնց որ թե ընկալվում է Փաշինյանի կողմից, աշխատել են նրա հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, անգամ քծնել են, սիրաշահել են՝ շատ հաճախ իմանալով, որ Շուշանիկն այնքան էլ «մաքուր» չէ։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ խնդիրը միայն Բադասյանի հետ վատ հարաբերություններն ու Շուշանիկի՝ ինչ-որ մեկի հետ չաշխատելու «սկզբունքայնությունը չէ»։ Ավելի հեռուն գնացող պատմություն կա, որին ընթացք կտրվի այն ժամանակ, եթե տիկինը սուսուփուս չանհետանա արենայից։ Ի դեպ, այս պահին մաքսայինի որոշ բաժինների աշխատակիցներ դեռևս չեն կողմնորոշվում հեռանալ Շուշանիկի հետ, բոյկոտել աշխատանքները՝ ի նշան բողոքի, թե սուսուփուս համակերպվել, որ երկնքից ընկած Բադասյանն, ըստ էության, հաջողացրեց անել այն, ինչ չկարողացան անել համակարգի հնաբնակները։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   15134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ